«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 2024 թվականի տարեկան հաշվետվություն

«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ գործընկերներ, համախոհներ և ընկերներ,

Ձեզ եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀԱ) 2023 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներառում է կառույցի գործունեությունը, ընթացիկ և ավարտված ծրագրերը, անցկացված քննարկումները, մշակված փորձագիտական զեկույցները և տարեկան ֆինանսական արդյունքների հակիրճ նկարագրությունը: Այս տարի ևս ԻՀԱ-ն անմասն չմնաց իր որդեգրած քաղաքականության իրականացմանը՝ խթանելով հանրային քաղաքականությունների մշակումը, փոփոխումը և ընդունումը արդարադատության, իրավունքի գերակայության և լավ կառավարման տարբեր ոլորտներում։ Առանձնակի ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական, հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումների հարցերին։

ԻՀԱ-ն՝ հետևելով թափանցիկության և բարեվարքության սկզբունքներին, հանրության դատին է ներկայացնում իր գործունեության արդյունքները՝ որպես վստահելի և հաշվետու կառույց։ Հիմք ընդունելով 1995 թվականից ի վեր կուտակված փորձը, մեր կազմակերպությունը շարունակում է նպաստել առկա մարտահրավերների հաղթահարմանը և արդյունավետ համագործակցությանը պետական, մասնավոր և միջազգային գործընկերների հետ։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995 թվականին, Երևանում, և գործել է վստահելի և ակտիվ կազմակերպության կարգավիճակով։ Իր առաքելությունն է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների, ներառյալ արցախահայերի և սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությանն ու իրավագիտակցության բարձրացմանը, աջակցել արդարադատության բարեփոխումներին, կրթել իրավաբանների և երիտասարդ մասնագետների, բարձրացնել հասարակության իրավական իրազեկվածությունը։

Կառույցը առանձնակի կարևորություն է տալիս թվային զարգացած գործիքների օգտագործմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ 2023 թվականին ԻՀԱ-ն գործարկել և շարունակել է աշխատել հետևյալ էլեկտրոնային հարթակների միջոցով՝

  • Պաշտոնական եռալեզու կայք՝ https://armla.am
  • Կոալիցիայի պաշտոնական կայք՝ http://aac.am, որը ապահովում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործունեության հարթակ, փորձագիտական աջակցություն և արդյունքների հրապարակայնություն
  • Բիզնես ոլորտի ազդարարման հարթակ՝ https://bizprotect.am, որի միջոցով բիզնեսի ներկայացուցիչները կարող են ազդարարել՝ հարկային, մաքսային, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզիաների, թույլտվությունների և պետական գնումների ոլորտում ծագած խնդիրների մասին
  • Քաղաքացիական հասարակության ազդարարման հարթակ՝ https://haytnir.am, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անանուն կամ տվյալներով հաղորդել կոռուպցիոն և այլ իրավախախտումների դեպքերի մասին
  • Բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակ՝ https://budgets.am, ստեղծված «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում՝ հանրամատչելի բյուջետային տեղեկատվություն տրամադրելու նպատակով
  • Էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ https://elearning.armla.am, որը ապահովում է առցանց ուսուցում և գիտելիքների ստուգում

 ԻՀԱ–ի գործունեության հիմնական ուղղություններն են 

  • Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը,
  • մարդու իրավունքների, ներառյալ՝ արցախահայերի, սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը,
  • արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական, դատական և այլ թիրախային ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը,
  • իրավաբանների և երիտասարդների կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը,
  • հասարակության իրավական իրազեկության մակարդակի բարձրացումը։

ԻՀԱ–ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի օգտատերերն են հանդիսանում ոչ միայն Երևանի, այլև մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք, որոնք հետաքրքրված եմ իրավական ոլորտով ։

Ինչպես նախորդ տարիներին, հասանելիության բարձր ցուցանիշներով անկախ մասնագիտական առցանց լրատվական մեդիան՝   www.iravaban.net շարունակել է գործել հասանելիության բարձր ցուցանիշներով։ Կայքը  երկլեզու է, հասանելի է և՛  հայերեն և՛ անգլերեն լեզուներով, հասանելի  է նաև «Ֆեյսբուք» (ունի ավելի քան 305.000 հետևորդ), «Ինստագրամ», «Տիկտոկ», «Յութուբ» սոցիալական ցանցերում։

ԻՀԱ–Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ

ԻՀԱ–ի առաքելությունն է՝  նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:

ԻՀԱ–ի արժեքներն են՝  թափանցիկությունը, բարեվարքությունը, մասնագիտական բարձր գիտելիքները, առաջնորդությունը,  ազնվությունը,  թիմային ոգին, նորարարությունը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, կառուցողական երկխոսությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:

ԻՀԱ–ի թիմը հաջողության հիմնաքարն է։ Նորարար և արհեստավարժ մասնագետները, որոնք պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի կայացման և զարգացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն հընթացս կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ազգային, կրթական և մասնագիտական արժեքների բարձրացմանը: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

ԻՀԱ -Ի ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիր
ԻՀԱ-ն, համագործակցելով «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ, իրականացնում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը։ Ծրագրի տևողությունն 48 ամիս է՝ 2022թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 7-ը, և այն նպատակ ունի խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացներ՝ ակտիվացնելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը։ Ծրագրի հիմնական թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, սոցիալական ոլորտը և գյուղատնտեսությունը։

Ծրագրի շրջանակում իրականացվել են երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների ուսուցողական ծրագրեր՝ բյուջեի մոնիթորինգի և վերլուծության ուղղությամբ։ Առաջին հոսքի ուսուցումներին մասնակցել են շուրջ 90 երիտասարդներ և 40 ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ուսուցողական ծրագրերի ավարտից հետո կազմակերպվել են ենթադրամաշնորհային մրցույթներ, որոնց արդյունքում կրթության և արդարադատության ոլորտներում 4 ՀԿ իրականացրել են իրենց ծրագրերը, նպաստելով ոլորտային բարելավումներին և փորձի փոխանակմանը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիր
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի փետրվարից և ուղղված է արցախահայերի իրավունքների պաշտպանությանը և իրավական աջակցությանը։ Ծրագրի ընթացքում իրականացվել են 23 շրջիկ այցելություններ Հայաստանի տարբեր համայնքներ և Երևան, որտեղ շահառուներին տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Բացի դա, խորհրդատվություններ իրականացվել են հեռախոսազանգերի, գրասենյակի և armrights.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Ծրագրի շրջանակներում տրամադրվել է 305 անվճար խորհրդատվություն, բարձրաձայնվել պետական մարմիններին ուղղված գրություններով առաջացած խնդիրներ, որոնց զգալի մասը ստացել է դրական արձագանք։ Բացի այդ, մշակվել են տեսանյութեր արցախահայերի իրավական խնդիրների լուսաբանման համար, ձևավորվել է իրավապաշտպան ՔՀԿ-ների ցանց և մշակվել հանրային քաղաքականության փաստաթուղթ, ինչպես նաև իրականացվել է համագործակցություն «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության և «Հաբ Արցախ» կազմակերպության հետ։

«Կառավարման ոլորտում՝ ԵՄ և ԱլԳ համագործակցության շրջանակներում հակակոռուպցիոն գործունեությանն ուղղված ռազմավարական հաղորդակցության մշակում և իրականացում» ծրագիր
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ ԻՀԱ-ն 2024 թվականի մարտի 6-ից մինչև հուլիսի 16-ը իրականացրել է ծրագիր՝ ուղղված համայնքային ծառայողների շրջանում ազդարարման համակարգի վերաբերյալ գիտելիքների և իրավագիտակցության բարձրացմանը։ Ծրագրի ընթացքում կազմակերպվել են վերապատրաստումներ և իրազեկման միջոցառումներ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ ընդգրկելով 222 համայնքային ծառայողների։

Վերապատրաստումների արդյունավետությունը գնահատելու նպատակով մշակվել է գործիք, որը չափում էր մասնակցի գիտելիքների և ընկալումների աճը։ Արդյունքը ցույց տվեց 35% աճ մասնակիցների մոտ, ինչը վկայում է վերապատրաստումների հաջող և արդյունավետ կազմակերպման մասին։ Ծրագիրը նպաստել է ազդարարման համակարգի օգտագործման հմտությունների և համայնքային պատասխանատվության բարձրացմանը։

«ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագիր
ԵՄ ֆինանսավորմամբ և ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ն իրականացրել է բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում՝ ներառելով «eCourt-statistics» վիճակագրական գործիքների կիրառումը և հանրային պաշտոնատարների համար նվերների ռեեստրի մշակումը։ Ծրագրի նպատակն էր բարձրացնել բաց դատաիրավական գործընթացների և հակակոռուպցիոն հանձնառությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը։

Ծրագրի ընթացքում կազմակերպվել են 8 ֆոկուս խմբային քննարկումներ՝ ներառելով հանրային, մասնավոր հատվածի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։ Հաշվետվությունների և փորձագիտական վերլուծությունների միջոցով մշակվել են ռազմավարական փաստաթղթեր, որոնք տրամադրվել են ՀՀ արդարադատության նախարարությանը, Բարձրագույն դատական խորհրդին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ նոր ռազմավարություններ մշակելու նպատակով։

«ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիր
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի օգոստոսին՝ USAID-ի ֆինանսավորմամբ, «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն էր բարձրացնել ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը՝ հանրային իրազեկվածության, փաստահեն շահերի պաշտպանության և բարեփոխումների միջոցով։ Ծրագրի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ, քննարկումներ և առցանց սեսիաներ՝ ներգրավելով պետական կառավարման մարմինների, ՔՀԿ-ների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպումների և քննարկումների ընթացքում ուսումնասիրվել են միջազգային հաջողված փորձերը, մշակվել առաջարկություններ՝ հարկային խթանների և այլ ֆինանսական մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ Չնայած ծրագրի նախատեսված տևողությունը 12 ամիս էր, այն դադարեցվել է ժամկետից շուտ՝ ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցման պատճառով։

«Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիր
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակում՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունվար։ Ծրագրի նպատակն էր իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, փոխել հասարակության ընկալումները և բարձրացնել թվային հմտությունները ազդարարների իրավունքների վերաբերյալ։

Ծրագրի ընթացքում իրականացվել են վերապատրաստումներ Երևանում և 4 մարզերում՝ ընդգրկելով 566 մասնակցի՝ ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, դասախոսներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ և համայնքային ծառայողներ։ Վերապատրաստումների արդյունքները ցույց են տվել 55,64% գիտելիքի աճ, ինչպես նաև մշակվել են մեթոդոլոգիական ուղեցույցներ և ձեռնարկներ ազդարարների թվային իրավունքների մասին։

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Տարիներ շարունակ ԻՀԱ-ն կազմակերպում է Հայաստանի առաջին հակակոռուպցիոն դպրոցը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը։ 2024 թվականին հայտարարվեց և իրականացվեց 10-րդ դպրոցի ընդունելությունը և ուսուցումը։

Դպրոցի բովանդակությունն է՝ բարելավել հակակոռուպցիոն միջավայրն ու մշակույթը Հայաստանում՝ տարածելով բարեվարքության սկզբունքները և հակակոռուպցիոն գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նոր ու երիտասարդ կադրերին ստեղծել իրենց կարիերան ոլորտի պետական մարմիններում և հեղինակավոր մասնագիտացված կազմակերպություններում։

Դպրոցում ուսուցումն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  • Առցանց ուսուցման փուլ։ Ունկնդիրները մասնակցում են հակակոռուպցիոն հիմնական դասընթացին դպրոցի առցանց հարթակի միջոցով։ Փուլը ավարտած են համարվում այն մասնակիցները, որոնք հաջողությամբ անցնում են բոլոր թեմաների գիտելիքների ստուգման թեստերը։
  • Խորացված ուսուցման և պրակտիկ հմտությունների զարգացման փուլ։ Աշխատանքները կազմակերպվում են ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ վարպետաց դասերի, քննարկումների և այցելությունների միջոցով։ Մասնակիցները նաև խմբային ձևաչափով անցկացնում են հետազոտություններ մենթորների աջակցությամբ։
  • Հանրային իրազեկման փուլ։ Մասնակիցները կազմակերպում են հանրային սեմինարներ՝ տարածելով իրենց ձեռք բերած հակակոռուպցիոն գիտելիքները հանրության շրջանում։
  • Արտագնա փուլ։ Այս փուլն անցկացվում է Երևանից դուրս, ունկնդիրները մասնագիտական ժյուրիին ներկայացնում են իրենց հետազոտական և իրազեկման աշխատանքները։

Բոլոր փուլերը հաջողությամբ անցնելու դեպքում տրվում է դպրոցի ավարտական վկայական։

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահը և փոխնախագահը մասնակցել են Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի 8-րդ գիտաժողովին և հանդիպումներ ունեցել միջազգային գործընկերների հետ

Մայիսի 22-ից 24-ը Հոնկոնգում կայացավ անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր հանձնաժողովի 50-ամյակին։ Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 500 հակակոռուպցիոն առաջնորդներ՝ ավելի քան 60 երկրից։ Հայաստանը ներկայացնում էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։

Գիտաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ հետևյալ անձանց հետ.

  • Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմ, ներառյալ Համագործակցության և կորպորատիվ ծառայությունների բաժնի տնօրեն Քենեթ Վոնգ Կվոկ Հանգ։
  • Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի հակազդման (օպերատիվ) բաժնի տնօրեններ՝ պարոն Մակ Ուեյ-Կեունգ, պարոն Չոյ Շու Կեունգ և համայնքային հարցերով օգնական տիկին Էվալինա Հաու-Վան։
  • Հոնկոնգի հակակոռուպցիոն միջազգային ակադեմիայի միջազգային ուսուցման հարցերով տնօրենի տեղակալ պարոն Չան Չուկ-Հո։
  • Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահ Ջուզեպպե Բուսիա։
  • Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատար պարոն Թան Շրի Դատո Շրի Հաջի Ազամ բին Բակի, հանձնաժողովի տնօրեն Դատո Մոնդ Հավազ Բին Նազար և գլխավոր հանձնակատարի ավագ օգնական տիկին Նիկ Նուրզարի Բինտի Մոնդ Զայնուդին։
  • ԵՄ գլխավոր դատախազի տեղակալ Պետր Կլեմենտ։
  • Հունաստանի թափանցիկության ապահովման ազգային մարմնի Ռազմավարական պլանավորման և վարքագծային վերլուծության տնօրեն Իոաննիս Ֆուստանակիս և Ռազմավարական պլանավորման և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ջորջ Կասապաս։

Բացի այդ, Վիետնամ կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպեց Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նգուեն Վան Քուեն և փոխնախագահ Լեհ Տի Կիմ Տհանիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրությանը վերաբերող համագործակցության հնարավորությունները, մասնավորապես կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրերի, փոխայցելությունների, դասընթացների և համատեղ ծրագրերի կազմակերպման հարցերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել նախապատրաստական աշխատանքները փոխըմբռնման հուշագրերի ստորագրման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ, ՎԵՐԼՈՒԾՈՒՅԹՈՒՆՆԵՐ, ԿԱՐԾԻՔ-ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

ԻՀԱ–Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

2023  
  Հազ.  
Աշխատանքի վճարման ծախսեր,սոցիալ.ապահովագր.վճարներ 42,460  
Հիմ.միջ.և ոչ նյութական ակտիվների մաշվածություն (ամորտիզացիա),դրանց նորոգման և սպաս.ծախսեր 2,509  
Գործուղման և ներկայացուցչական ծախսեր 3,854  
Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր 445  
Գրասենյակային և կոմունալ ծախսեր 10,808  
Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր 8,584  
Բանկային ծառայություն.ծախսեր,ապահովության ծախսեր 10  
Չփոխհատուցվող հարկերից ծախսեր 65  
Վարչական այլ ծախսեր 3,458  
Ծրագրային ծախսեր 28,027  
Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ) 34  
Ընդամենը 100,255

 

ԻՀԱ–Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:

 

Անուն, Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ
Արփինե Եղիկյան ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար
Մարատ Ատովմյան ԻՀԱ-ի խորհրդի անդամ
Աստղիկ Մատինյան ԻՀԱ-ի խորհրդի անդամ
Կարեն Քոչարյան ԻՀԱ-ի խորհրդի  անդամ

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Կենտրոնական գրասենյակ

ք. Երևան, Նալբանդյան 7,

թիվ 2 գրասենյակ

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Էլ. փոստ [email protected]

 

ԻՀԱ–ի երևանյան մասնաճյուղ,

Երևանի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից)

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Թեժ գիծ՝ 0 8000 11 10

էլ. փոստ [email protected]

ԻՀԱ–ի Լոռու մարզային մասնաճյուղ,

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1

Հեռախոս (374 322) 2 23 17

Հեռապատճե (374 322) 2 23 17

էլ. փոստ [email protected]

 

ԻՀԱ–ի Շիրակի մարզային մասնաճյուղ,

Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2

Հեռախոս (374 312) 5 82 36

Հեռապատճե (374 312) 5 82 36

էլ. փոստ [email protected]