Կանոնադրություն

Կազմված է «02» 02.2018թ. և բաղկացած է 15 թերթից

 

Հաստատված  է

 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության արտահերթ

թիվ 13 համաժողովի՝

02 փետրվարի 2018թ. որոշմամբ

 

 

Կազմակերպության 

նախագահ՝

                               Կ. Զադոյան 

 

 

Տպագրված է ընդամենը 2 օրինակ

Օրինակ 2

 

Գրանցված  է

ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից

27 դեկտեմբերի 2002թ.

գրանցման թիվ`  211.171.01501

վկայականի թիվ`03Ա 057970

Հարկ վճարողի հաշվառման համար`01512352

«15»02.2016 թվականին գրանցված կանոնադրության թիվ 001-2 փոփոխությունը գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց  պետական ռեգիստրի գործակալության կողմից`

 

 «_29_» _հունիս_____ 2020թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

________/ __Արփինե Մանուկյան_____

ստորագրություն             անուն, ազգանուն

 

«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(Նոր խմբագրություն) 

Երևան 2018թ.


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (հետագա տեքստում՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

1.3 Կազմակերպության անվանումն է.

Հայերեն՝  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, կրճատ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա, հապավումը՝  ԻՀԱ:

Ռուսերեն՝ общественная организация «Армянская ассоциация юристов», կրճատ՝ Армянская ассоциация юристов, հապավումը՝ ААЮ:

Անգլերեն՝ Non-governmental organization ,,Armenian Lawyers’ Association,, կրճատ՝ Armenian Lawyers Association, հապավումը՝  ALA:

1.4 Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, խտրականության բացառման, անդամության կամավորության, բարեխղճության, անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և հաշվետվողականության սկզբունքների վրա:

1.5 Կազմակերպությունը գործում է Հայաստանի  Հանրապետության ողջ տարածքում:

1.6 Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով կլոր կնիք, պաշտոնաթղթեր, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ բանկերում՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:

1.7 Կազմակերպության ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է կապույտ գույնի երկրագնդի պատկեր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի արծվի ուրվագծով կապույտ գույնի վահան, իսկ վահանի վրա` սպիտակ գույնի լույս արձակող ջահ: Երկրագնդի վերին երկայնքով գրված է Իրավաբանների Հայկական Ասոցիացիա, իսկ ստորին երկայնքով` ArmenianLawyers’Association: Խորհրդանիշի պատկերը կցվում է սույն կանոնադրությանը:

1.8 Կազմակերպությունն օգտվում է իրավաբանական անձի, այդ թվում հասարակական կազմակերպության համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

1.9 Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:

1.10 Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:

1.11 Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններին, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ և ունենալ միջազգային այլ կապեր:

1.12 Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

1.13 Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ՝ զանգվածային լրատվության միջոցներով:

1.14 Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

1.15 Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորների:

1.16 Կազմակերպության շահառուներն են` ՀՀ քաղաքացիները, իրավաբանները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև անձինք կամ անձանց խմբերը, ի շահ որոնց ուղղված և իրականացվում է Կազմակերպության կանոնադրության 2.1. կետով նախատեսված գործունեության առարկան և նպատակները:

1.17 Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնում ու պաշտպանում է իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

1.18 Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, շենք 7, գրասենյակային տարածք 2:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1 Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.

ա) աջակցել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, լավ կառավարման կառուցակարգերի ներդրմանը և  ամրապնդմանը, կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը,

բ) նպաստել քաղաքացիների իրավագիտակցության, իրավական մշակույթի և ընկալման մակարդակի բարձրացմանը՝ քաղաքացիների շրջանում օրենքների, իրավական գիտելիքների քարոզչության միջոցով,

գ) նպաստել հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանը և արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը,

դ) նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների, ներառյալ` կանանց, երիտասարդների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և քաղաքացիական հասարակության կայացմանը,

ե) նպաստել հանրության մասնակցությանը հանրապետական և տեղական մակարդակներում հանրային քաղաքականությունների մշակմանը և որոշումների կայացման, հանրային ռեսուրսների բաշխման և հանրային վերահսկողության գործընթացներին, իրականացնել հանրային վերահսկողության ծրագրեր իշխանության օրենսդիր, դատական, գործադիր ճյուղերում, այդ թվում` հանրային բյուջեների, հանրային քաղաքականությունների, հանրային ծառայությունների մատուցման և պետական գնումների ոլորտներում,

զ) նպաստել իրավագիտության զարգացմանը, օրենսդրության կատարելագործմանը, օրենսդրության ներդաշնակեցմանը և համապատասխանեցմանը միջազգային իրավական փաստաթղթերին, իրականացնել վերը նշված միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման մոնիտորինգը, իրականացնել ռազմավարական դատավարություներ, նպաստել եվրոպական իրավական ստանդարտների արմատավորմանը,

է) նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը, այդ բարեփոխումների վերաբերյալ մշակել և ներկայացնել առաջարկներ, իրականացնել դրանց քարոզչությունն ու լոբբինգը հանրության մոբիլիզացիայի միջոցով, վերը նշված ոլորտներում իրականացնել ուսումնասիրություններ,

ը) նպաստել իրավաբանական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում գործող կազմակերպությունների համախմբմանը և համագործակցության զարգացմանը, իրավաբանական խորհրդատվական և հակակոռուպցիոն կենտրոնների կայացմանը և զարգացմանը,

թ) նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը իրավաբանական ընկերություններում,

ժ) կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ցուցաբերել մասնագիտական, այդ թվում` իրավաբանական անվճար աջակցություն պետական, մասնավոր և հանրային ոլորտների շահագրգիռ անձանց, այդ թվում` կանանց, երիտասարդներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կոռուպցիայից տուժած անձանց, ազդարարներին, ինչպես նաև սոցիալապես անապահով քաղաքացիներին և այլ անձանց,

ժա) նպաստել փոքր և միջին բիզնեսի, այդ թվում սոցիալական ձեռնարկատերերի ներկայացուցիչների իրավական գիտելիքների մակարդակի բարձրացմանը` ուժեղացնելով նրանց իրավական, բարեխղճության և այլ կարողությունները, ինչպես նաև իրականացնելով նրանց իրավունքների պաշտպանությունը,

ժբ) օժանդակել իրավաբանական բուհերում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ուժեղացնել իրավաբան ուսանողների, իրավաբանների, իրավաբանությամբ և հակակոռուպցիոն գործունեությամբ հետաքրքրվող անձանց մասնագիտական, բարեխղճության ու հակակոռուպցիոն կարողություններն ու հմտությունները՝ նրանց համար կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ, դպրոցներ, սեմինարներ, գիտաժողովներ, դատախաղեր, մրցույթներ և այլ միջոցառումներ,

ժգ) Կազմակերպության անդամների համար հիմնադրել և զարգացնել ժամանակակից իրավաբանական գրականությամբ և տեխնոլոգիաներով հագեցած կարողություններ, պաշտպանել Կազմակերպության անդամների իրավունքները,

ժդ) ստեղծել իրավաբանների տվյալների բանկ և աջակցել իրավաբաններին ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորվելուն,

ժե) համագործակցել սփյուռքի և արտերկրի իրավաբանների, իրավաբանական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  կազմակերպությունների հետ, նպաստել Հարավային Կովկասի երկրների իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների համագործակցությանը, ինտեգրվել համապատասխան մասնագիտական միջազգային կառույցներում,

ժզ) նպաստել ընտրական համակարգերի բարեփոխմանը ու զարգացմանը, բնակչության շրջանում այս բնագավառի իրավական գիտելիքների բարձրացման նպատակով իրականացնել քարոզչական աշխատանքներ, ինչպես նաև ներկայացուցչական մարմինների ընտրությունների և հանրաքվեների ընթացքում իրականացնել դիտորդական առաքելություն ընտրական գործընթացների թափանցիկության և օրինականության ապահովման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման նպատակով,

ժէ) նպաստել ՀՀ-ում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փոքր և միջին ձեռնարկությունների փոխադարձ կապի ու կառուցողական երկխոսության ամրապնդմանը, օժանդակել հանրային քաղաքականությունների մշակման և հանրային վերահսկողության ծրագրերի իրականացմանը,

ժը) նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների համագործակցության խորացմանը, դրանց հանրային վերահսկողության և լրագրողական հետաքննությունների կարողությունների զարգացմանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների/ցանցերի ստեղծմանն ու հզորացմանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ոլորտում նորարարության զարգացմանը, կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին/ցանցերին և ԶԼՄ-ներին տրամադրել դրամաշնորհներ,

ժթ) օժանդակել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության և սոցիալական նորարարության զարգացմանը, իրականացնել անմիջական ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում վարձակալության հանձնել իր գույքը,

ժժ) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Կազմակերպության անդամ կարող է դառնալ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող և իրավաբանական կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր ֆիզիկական անձ, որն ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է անդամավճար: Կազմակերպության ոչ իրավաբան անդամների թիվը չի կարող գերազանցել Կազմակերպության անդամների ընդհանուր թվի հինգ տոկոսը:

3.2 Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության անդամի անդամագրվելու վերաբերյալ որոշումը կայացվում է Կազմակերպության խորհրդի կողմից` խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:

3.3 Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:

3.4 Կազմակերպության անդամը մուծում է անդամավճար, որի չափը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության խորհրդի կողմից:

3.5 Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի հիման վրա:

3.6 Կազմակերպության անդամի հեռացումը կատարվում է Կազմակերպության խորհրդի՝ տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

3.7 Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

ա) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրելու և ընտրվելու Կազմակերպության կառավարման մարմիններում,

բ) ներկա լինելու համաժողովին անձամբ կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին,

գ) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով օգտվելու նրա ծառայություններից,

դ) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

ե) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները,

զ) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին,

է) Կազմակերպության կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

ը) անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից,

թ) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

3.8 Կազմակերպության անդամը պարտավոր է.

ա) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

բ) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,

գ) վճարել անդամավճար:

3.9 Կազմակերպությունը կարող է շնորհել պատվավոր անդամի կոչումներ: Պատվավոր անդամի կոչումը շնորհվում է Կազմակերպության խորհրդի որոշմամբ: Կազմակերպության պատվավոր անդամները որևէ իրավունքներ և պարտականություններ չունեն:

Կազմակերպության խորհուրդը Կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել ինչպես խրախուսանքի միջոցներ, այնպես էլ տույժի միջոցներ՝ Կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1 Կազմակերպության կառավարման կառուցվածքն է՝ համաժողովը, խորհուրդը և նախագահը:

4.2 Հաշվի առնելով, որ Կազմակերպության գործունեությունը վերահսկելու համար սույն կանոնադրությամբ առանձին մարմին չի նախատեսվում ստեղծել, ուստի Կազմակերպության գործունեության վերահսկողությունը իրականացնելու է համաժողովը:

4.3 Կազմակերպության կառավարման մարմիններն ընտրովի են:

4.4 Կազմակերպության կառավարման մարմինների անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած անձինք:

4.5 Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը:

Կազմակերպության համաժողովը գումարվում է չորս տարին մեկ անգամ՝ Կազմակերպության նախագահի կողմից:

4.6 Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա համաժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները` խորհրդի կողմից սահմանված քվոտայով: Խորհուրդը որոշում է համաժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 5 օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է Կազմակերպության անդամներին` հավաստվելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:

4.7 Կազմակերպության արտահերթ համաժողով գումարվում է Կազմակերպության նախագահի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում, ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում՝ Կազմակերպության նախագահի կողմից: Արտահերթ համաժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:

4.8 Եթե նախագահը հրաժարվում է արտահերթ համաժողով հրավիրել, ապա արտահերթ համաժողով հրավիրում է պահանջող կողմը` Կազմակերպության կառավարման մարմինների հրաժարականի և նոր կառավարման մարմիններ ընտրելու օրակարգով: Եթե համաժողովը պետք է անցկացվի պատվիրակներով և հնարավոր չի լինում սահմանված ժամկետում պատվիրակներ ընտրել, ապա համաժողովին հրավիրում են նախորդ համաժողովի պատվիրակներին: Խորհուրդը որոշում է արտահերթ համաժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև համաժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ քան 5 օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է Կազմակերպության անդամներին` հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:

4.9 Հերթական կամ արտահերթ համաժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

4.10 Կազմակերպության համաժողովը.

ա) հաստատում է Կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կատարում է Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ,

բ) ստեղծում է այլ իրավաբանական անձ, որոշումներ է ընդունում այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,

գ) հաստատում է Կազմակերպության կառուցվածքը,

դ) որոշում է Կազմակերպության խորհրդի թվաքանակը, չորս տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության խորհրդի անդամներին, փոփոխում է խորհրդի կազմը, վաղաժամկետ դադարեցնում է խորհրդի անդամների լիազորությունները,

ե) չորս տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության գործադիր մարմին` նախագահ, որը ի պաշտոնե մտնում է Կազմակերպության խորհրդի կազմի մեջ և հանդիսանում է Կազմակերպության խորհրդի նախագահը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները,

զ) չորսին տարին մեկ անգամ հաստատում է համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում նախագահի և խորհրդի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև Կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,

է)   դադարեցնում է Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,

ը) ընդունում է որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,

թ) ընդունում է որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի,

ժ) իրականացնում է օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Կազմակերպության համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Կազմակերպության համաժողովին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ համաժողովի բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Օրենքով և սույն կանոնադրությամբ Կազմակերպության համաժողովի բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են համաժողովին մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

4.11 Կազմակերպության խորհուրդը.

ա) համարվում է Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,

բ) քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության համաժողովի և նախագահի  իրավասությունների մեջ,

գ) նախապատրաստում է Կազմակերպության համաժողովները, սահմանում է Կազմակերպության համաժողովի պատվիրակների քվոտան ըստ Կազմակերպության անդամների թվի, Կազմակերպության համաժողովի գումարման օրվանից առնվազն երեսուն օր առաջ կազմակերպում է Կազմակերպության համաժողովի պատվիրակների ընտրությունը,

դ) հաստատում է Կազմակերպության քառամյա ռազմավարությունը (պլանը) և հսկում դրա կատարման ընթացքը,

ե) որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ ու կառուցվածքային ստորաբաժանումներ` հանձնաժողովներ, բաժիններ, բաժանմունքներ, ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց Կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն Կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր, հաստատում կամ չեղյալ է համարում Կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների որոշումները Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տարածքային գրասենյակներ ստեղծելու և տարածքային գրասենյակների ղեկավարներ նշանակելու ու ազատելու մասին,

զ) որոշում է կայացնում Կազմակերպության ստեղծած այլ իրավաբանական անձանց ղեկավարների նշանակման և ազատման մասին, ինչպես նաև Կազմակերպության մասնակցությամբ այլ իրավաբանական անձանց բարձրագույն և/կամ կառավարման մարմիններում Կազմակերպության ներկայացուցիչների նշանակման և ազատման մասին,

է) որոշում է կայացնում լրատվական միջոցներ ստեղծելու վերաբերյալ, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին,

ը) յուրաքանչյուր տարի հաստատում է համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում նախագահի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,

թ) ընտրելու Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե օրենսդրության համաձայն՝ Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,

ժ) ֆինանսական միջոցների առկայության դեպքում իրավունք ունի նախատեսել Կազմակերպության նախագահի վարձատրություն, սահմանել վարձատրության կարգը և պայմանները,

ի) որոշում է կայացնում Կազմակերպությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ: Որոշում է անդամավճարների չափերը և դրանց գանձման կարգը, սահմանում է Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, ինչպես նաև Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը:

4.12 Կազմակերպության խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը: Որոշումներն ընդունվում են Կազմակերպության խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նախագահի մասնակցությունը նիստին պարտադիր է: Վերջինիս բացակայությամբ խորհրդի կողմից ընդունված որոշումներն անվավեր են:

4.13 Կազմակերպության խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է երեք ամիսը մեկ անգամ: Կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով Կազմակերպության նախագահի կողմից կամ Կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել խորհրդի ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ:

4.14 Խորհրդի հերթական կամ արտահերթ նիստ գումարվում է խորհրդի անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

4.15 Կազմակերպության նախագահը.

ա) հանդիսանում է Կազմակերպության գործադիր մարմինը, ղեկավարում է Կազմակերպության խորհրդի աշխատանքները, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերի կառավարումը,

բ) ապահովում է Կազմակերպության համաժողովի, Կազմակերպության խորհրդի կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասության սահմաններում իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

գ) հաստատում է տարեկան ծախսերի նախահաշիվը, Կազմակերպության հաստիքացուցակը և Կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը,

դ) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,

ե) յուրաքանչյուր տարի հաստատում է Ժողովների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք տարին մեկ անգամ ներկայացնում է խորհրդի, իսկ հինգ տարին մեկ անգամ` Ժողովի հաստատմանը,

զ) սահմանում է Կազմակերպության փոխնախագահների թիվը և սահմանում նրանց լիազորությունները, Կազմակերպության խորհրդի կազմից նշանակում և պաշտոնից ազատում է Կազմակերպության փոխնախագահներին ու խորհրդի քարտուղարին,

է) աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին, այդ թվում` դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին և աշխատողներին, ինչպես նաև աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության գլխավոր հաշվապահին, Կազմակերպության կամավորների հետ կնքում կամավորական աշխատանքի մասին պայմանագրեր,

ը) Կազմակերպության համաժողովին հաշվետվություն է ներկայացնում Կազմակերպության խորհրդի և իր գործունեության մասին,

թ) որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ` Կազմակերպության համաժողովի և խորհրդի իրավասությանը պատկանող հարցերի,

ժ) իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից գործում է առանց լիազորագրի, տնօրինում է Կազմակերպության գույքն ու դրամական միջոցները (այդ թվում` դրամաշնորհային միջոցներն ու անդամավճարների ֆոնդը), տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ, ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում Կազմակերպության համաժողովի և խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը,

ժա) նախագահում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի նիստերը, Կազմակերպության համաժողովի նիստերի նախագահումը կարող է լիազորել Կազմակերպության անդամ այլ անձի,

ժբ) հրավիրում և գումարում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի հերթական և արտահերթ նիստեր,

ժգ) Կազմակերպության փոխնախագահներին, խորհրդի քարտուղարին, Կազմակերպության խորհրդի անդամներին և  Կազմակերպության գործադիր տնօրենին սույն կանոնադրության շրջանակներում, կատարման համար կարող է փոխանցել Կազմակերպության նախագահին վերապահված առանձին լիազորություններ,

ժդ) որոշում է ընդունում ցանկացած տեսակի և քանակի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում` օտարելու և դուրս գրելու վերաբերյալ,

ժե) հաստատում է Կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները, ծրագրերը (այդ թվում` դրամաշնորհային ծրագրերը) և հսկում դրանց կատարման ընթացքը,

ժզ) սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց Կազմակերպության կողմից վարձատրության կարգը,

ժէ) անհրաժեշտության դեպքում որոշումներ է ընդունում Կազմակերպության նախագահին կից հասարակական կարգով ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր,  ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին և անդամներին, նշանակում և ազատում է դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին ու անդամներին (կամավորներ), անհրաժեշտության դեպքում նշանակում և ազատում է Կազմակերպության նախագահի օգնականներին (ռեֆերենտներ) և ներկայացուցիչներին,

ժը) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

ժթ) իրականացնում է օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

4.16 Կազմակերպության գործունեության ընթացքում օրենքով և սույն կանոնադրությամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությանը չվերապահված և սույն կանոնադրությամբ չկարգավորված ցանկացած հարց լուծվում է նախագահի կողմից:

4.17 Անհրաժեշտության դեպքում նախագահը նշանակում է Կազմակերպության գործադիր տնօրեն՝ կազմակերպության առօրյա աշխատանքները կազմակերպելու համար:

4.18 Գործադիր տնօրենը.

ա) նշանակվում և ազատվում է Կազմակերպության նախագահի կողմից,

բ) հաշվետու է բացառապես Կազմակերպության նախագահին,

գ) գործում է Կազմակերպության նախագահի գրավոր լիազորագրի կամ հանձնարարականի հիման վրա:

4.19 Գործադիր տնօրեն նշանակելիս Կազմակերպության նախագահի և գործադիր տնօրենի միջև, օրենքով սահմանված կարգով, կնքվում է աշխատանքային պայմանագիր (սույն դրույթը գործում է, եթե գործադիր տնօրենին նախատեսվում է աշխատավարձի վճարում):

4.20 Կազմակերպության փոխնախագահները.

ա) կատարում են Կազմակերպության նախագահի կողմից փոխնախագահի համար սահմանած լիազորությունները,

բ) Կազմակերպության նախագահի հանձնարարությամբ փոխնախագահներից մեկը նրա բացակայության ժամանակահատվածում կատարում է Կազմակերպության նախագահի պարտականությունները:

4.21 Կազմակերպության խորհրդի քարտուղարը.

ա) արձանագրում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի նիստերը,

բ) ստորագրում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի նիստերի արձանագրությունները,

գ) տնօրինում է Կազմակերպության խորհրդի արխիվը,

դ) կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

4.21. Կազմակերպությունը ՀՀ տարածքում ունի հետևյալ մասնաճյուղերը.

ա) Երևանի մասնաճյուղ` քաղաք Երևան,

բ) Լոռու մարզային մասնաճյուղ` Լոռու մարզ, քաղաք Վանաձոր,

գ) Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ` Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ,

դ) Շիրակի մարզային մասնաճյուղ` Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,

ե) Սյունիքի մարզային մասնաճյուղ` Սյունիքի մարզ, քաղաք Կապան:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1 Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

5.2 Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի բաշխվում:

5.3 Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել անդամների ներդրումները, անդամավճարներիը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ Կազմակերպությունից ստացված միջոցները, դրամական մուտքերը պետական բյուջեից, նվիրատվությունները, նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները, հանգանակությունները, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցները:

5.4 Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել օրենքով չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

6.1 Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

6.2 Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համաժողովի կամ դատարանի որոշմամբ:

6.3 Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում կազմավորվում է լուծարման հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգը և ժամկետները:

6.4 Կազմակերպության լուծարման դեպքում լուծարման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից:

 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդանիշի պատկերը