«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 2023 թվականի տարեկան հաշվետվություն

«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ և համախոհներ,

Ձեզ եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ նաև՝ ԻՀԱ) գործունեության 2023թ.-ի  տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որն ընդգրկում է մեր կառույցի գործունեության, հաշվետու ժամանակահատվածում իրականացված և ընթացիկ ծրագրերի, իրականացված քննարկումների, մշակած փորձագիտական զեկույցների, տարեկան ֆինանսական արդյունքների հակիրճ նկարագրերը:

Այս տարի ևս կառույցը անմասն չմնաց իր որդեգրած քաղաքականության իրականացումից՝ խթանելով հանրային քաղաքականությունների մշակմանը, փոփոխմանը և ընդունմանը արդարադատության, իրավունքի գերակայության, լավ կառավարման տարբեր ոլորտներում, առանձնակի ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների պաշտպանությանը, սահմանադրական, հակակոռուպցիոն և դատական համակարգի  բարեփոխումներին։

Հիմք ընդունելով կառույցի գործունեության թափանցիկությունը, բարեվարքության, բարեխղճության սկզբունքների պահպանումը գործընկերների և այլ շահառուների առջև, ԻՀԱ-ն ամեն տարի հանրության դատին է ներկայացնում կառույցի գործունեության հաշվետվությունը։

Հարգանքով և լավագույն բարեմաղթանքներով՝

Կարեն Զադոյան

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԻՀԱն հիմնադրվել է 1995 թվականին, Երևանում: Իր գործունեության ընթացքում մշտապես վայելել է հասարակության վստահությունը և հանդիսացել է վստահելի գործընկեր իր համախոհների շրջանում։ Ունենալով սահմանված արժեքներ,  առաքելություն, տեսլական, մշակած ռազմավարական գործողությունների պլան և առաջնորդվելով դրանցով՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև  դրված կանոնադրական նպատակները, հնարավորինս օժանդակում իր գործունեության ոլորտներում առկա մարտահրավերների և խնդիրների լուծմանը։

 ԻՀԱի գործունեության հիմնական ուղղություններն են 

  • Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը,
  • մարդու իրավունքների, ներառյալ՝ արցախահայերի, սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը,
  • արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական, դատական և այլ թիրախային ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը,
  • իրավաբանների և երիտասարդների կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը,
  • հասարակության իրավական իրազեկության մակարդակի բարձրացումը։

Կազմակերպությունը խիստ կարևորումը տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում ունենալ թվային զարգացած գործիքներ։

ԻՀԱ-ն գործարկում է եռալեզու պաշտոնական վեբ կայք՝ https://armla.am/։ Հանդիսանալով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ նաև՝ Կոալիցիա) քարտուղարության համակարգողը, ԻՀԱ-ն գործարկում է Կոալիցիայի պաշտոնական կայքը՝ http://aac.am/, ապահովում է Կոալիցիայի գործունեության բնականոն ընթացքը, փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Կոալիցիային, հետևողականորեն լուսաբանում է Կոալիցիայի իրականացրած գործունեությունը, ապահովում գործունեության արդյունքների հրապարակայնությունը։

ԻՀԱ-ն գործարկում է  https://bizprotect.am/ բիզնես ոլորտի խնդիրները հավաքագրող ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի միջոցով բիզնեսի ներկայացուցիչները կարող են ազդարարել բիզնես ոլորտում ծագած ցանկացած խնդիրների և հարցերի, այդ թվում հարկային, մաքսային, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզիաների և թույլտվությունների, պետական գնումների ոլորտում ծագած խնդիրների և հարցերի դեպքում:  

ԻՀԱ-ն 2023 թ-ի վերջից «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործարկում է https://haytnir.am/ քաղաքացիական հասարակության ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի միջոցով քաղաքացիները կարող են անանուն կամ տվյալները ներկայացնելու միջոցով հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այյլ իրավախախտումների դեպքերի մասին։ ԻՀԱ-ն ապահովում է  https://bizprotect.am/ և https://haytnir.am/ առցանց հարթակներով ստացված ահազանգերի հասցեագրումը իրավասու մարմիններին։

ԻՀԱ-ն 2023 թ-ի վերջից գործարկում է բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման https://budgets.am/ հարթակը, որը ստեղծվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets 4Citizens (B4C)) ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով տրամադրել հանրամատչելի բյուջետային տեղեկատվություն։

ԻՀԱն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի օգտատերերն են հանդիսանում ոչ միայն Երևանի, այլև մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք, որոնք հետաքրքրված եմ իրավական ոլորտով ։

ԻՀԱն հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, որոնց շարքը մշտապես ընդլայնվում է։ ԻՀԱ-ն ունի կենտրոնական գրասենյակ և 3 մասնաճյուղեր՝ Երևանում, ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավվում են մարզային կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, արդյունքում՝ ԻՀԱ իրականացրած ծրագրերի ազդեցությունը առավել մեծամասշտաբ և ընդգրկուն է դառնում:

Շարունակելով թվային գործիքների թեման հարկ է նշել նաև ԻՀԱ-ի կողմից ստեղծված էլեկտրոնային ուսուցման հարթակը՝ https://elearning.armla.am/։ Նշենք, որ հարթակը ունի առանձին բաժին,  որը ներառում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ուսումնական բաղադրիչը՝ հիմնական և խորացված փուլերով։

2023թ.-ին, ինչպես նախորդ տարիներին, հասանելիության բարձր ցուցանիշներով անկախ մասնագիտական առցանց լրատվական մեդիան՝   www.iravaban.net շարունակել է գործել հասանելիության բարձր ցուցանիշներով։ Կայքը  երկլեզու է, հասանելի է և՛  հայերեն և՛ անգլերեն լեզուներով, հասանելի  է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ ունի ավելի քան 280.000 հետևորդ:

 

ԻՀԱԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ

ԻՀԱի առաքելությունն է՝  նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:

ԻՀԱի արժեքներն են՝  թափանցիկությունը, բարեվարքությունը, մասնագիտական բարձր գիտելիքները, առաջնորդությունը,  ազնվությունը,  թիմային ոգին, նորարարությունը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, կառուցողական երկխոսությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:

ԻՀԱի թիմը հաջողության հիմնաքարն է։ Նորարար և արհեստավարժ մասնագետները, որոնք պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի կայացման և զարգացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն հընթացս կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ազգային, կրթական և մասնագիտական արժեքների բարձրացմանը: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

 

ԻՀԱԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիր

Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է ԻՀԱ-ի կողմից` գործընկերներ` «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 48 ամիս է, և ընդգրկում է 2022թ-ի դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ.-ի դեկտեմբեր 7-ը ընկած ժամանակահատվածը:

Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին և նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ուժեղացմանը: Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, սոցիալական ոլորտը և գյուղատնտեսությունը:

Ծրագրի շրջանակներում փորձագիտական թիմի կողմից արդեն իսկ կատարվել են մի շարք ուսումնասիրություններ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում, մշակվել են մի շարք ուղեցույցներ, հետազոտություններ, կազմակերպվել են իրազեկման սեմինարներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափերով, ստեղծվել է https://budgets.am/ բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակը՝ բաղկացած տեղեկատվական և ուսումնական կլաստերներից։ Հարթակի տեղեկատվական կլաստերում պատբերաբար տեղադրվում է հանրամատչելի և պարզեցված տեղեկատվություն բույջետային գործընթացքի վերաբերյալ, ինչպես նաև ծանուցումներ հանրային քննարկումների վերաբրեյլա՝ նպատակ ունենալով խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը այս գործընթացում։ Ծրագրի շրջանակներում նաև մեկնարկել է երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրերը, որոնց առցանց փուլն անցկացվում է արդեն հարթակի ուսումնական կլաստերի միջոցով, որտեղ փորձագիտական որակյալ աշխատանքի շնորհիվ տեղ են գտել ուսումնական նյութե տեսանյութերի, տեքստային նյութերի, հարցաշարերի և ինֆոգրաֆիկաների տեսքով։

«Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիր

ԻՀԱ-ն Բաց կառավարման գործընկերություն Եվրոպա դրամաշնորհային համաձայնագրի հիման վրա՝ Եվրոպական միության  ֆինանսավորմամբ 01 հունիս 2023թ. – 31 մարտ 2024թ ընկած ժամանակահատվածում իրականացրել է  «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը՝ ստանալով հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր իմիջի կերտմանը։

Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք իրազեկման սեմինարներ ՀՀ-ի բացառապես բոլոր մարզերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազմակերպվել են նկարչության և շարադրության մրցույթներ, որոնց մասնակցել են շուրջ 270 աշակերտներ և ուսանողների ՀՀ-ի բոլոր մարզերից։

«ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագիր

2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը ԻՀԱ-ն հանձն է առել իրականացնել «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագիրը, որն իրականացվում է Բաց կառավարման գործընկերություն Եվրոպա դրամաշնորհային համաձայնագրի հիման վրա՝ Եվրոպական միության  ֆինանսավորմամբ։

Ծրագիրը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։ Ծրագիրն իր մեջ ներառում է երեք բաղադրիչներ․

  1. Միջազգային փորձի ուսումնասիրություն, իրավական բնույթի վերլուծություններ, ներպետական ուսումնասիրություն և դրա հիման վրա խնդիրների վերհանում։
  2. Առցանց և առկա ձևաչափերով ֆոկուս խմբային քննարկումների, ինչպես նաև հանրային և մասնավոր երկխոսության բնույթի սեմինարների իրականացում՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ։
  3. Իրազեկման համացանցային արշավների իրականացում, հանրամատչելի մեդիապրոդուկտների ստեղծում և տարածում։

Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսք

Հավատարիմ մնալով իր արժեքներին, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի թվով 9-րդ հոսքի ծրագիրը, որը կազմակերպվեց ԻՀԱ-ի կողմից՝ Կոալիցիայի հետ համագործակցությամբ։  Բազմաթիվ դիմորդներից, որոնք եղել են թե՛ Երևանից, և թե՛ մարզերից, ընտրվել են շուրջ 40-ը, որոնք անցել մասնակցել են դպրոցի առաջին՝ առցանց փուլի՝ elearning էլեկտրոնային հարթակի միջոցով։ Ապա լավագույն արդյունք գրանցած շուրջ 20 ունկնդիրներ շարունակել են իրենց ուսումնառություն արդեն վարպետաց դասերին, ոլորտային այցերին մասնակցելով։ Ուսումնառության ավարտին ունկնդիրներն իրականացրել են անհատական հետազոտական աշխատանքներ, կազմակերպել իրազեկման սեմինարներ և ամփոփիչ արտագնա փուլում ներկայացրել են այն արդյունքները, որոնց հասել են ողջ ուսումնառության ընթացքում։ Ընդհանուր առմամբ, ուսուցումն անցկացվել է  5 փուլերով՝ առցանց, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման, հանրային իրազեկման, խորացված ուսուցման և արտագնա փուլերով։

Դասընթացի հիմնական թեմաները վերաբերել են հակակոռուպցիոն պայքարի փուլերին, նախապատմությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկմանը և այդ իրազեկման շնորհիվ հասարակության ներգրավմանը կոռուպցիայի դեմ պայքարում, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին, միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնություններին և փաստաթղթերին, հանրային և մասնավոր ոլորտների բարեվարքությանը, կոռուպցիայի հակազդմանը, ազդարարման համակարգին և այլն։ Հավելենք նաև, որ վերջինիս շրջանակներում իրականացվող քննարկումներից անմասն չեն մնացել այնպիսի առանցքային նշանակության թեմաներ, ինչպիսիք են՝ հակակոռուպցիոն ազգային նախաձեռնությունների, իրավական փաստաթղթերի, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա փուլերի, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման, մոնիթորինգի և գնահատման մասին թեմաները։ Ուսումնառության ողջ գործընթացին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդես

2023 թվականի մայիսի 11-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։

Միջոցառման ընթացքում ստորագրվեց նաև Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև:

Մշտադիտակման արդյունքում կազմվել է զեկույցի առաջին նախագիծը, որն ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ Իրավասու մարմինների որոշ դիրքորոշումներ ու առաջարկներ ընդունվել են ԻՀԱ-ի կողմից և դրանք ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում, որը կարող եք գտնել այստեղ։

ԻՀԱ-ն հանդիսանում է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ

Հարթակը ստեղծվել է ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ-ի 366-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ, կազմված է Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, արհմիությունների և գործատուների միության ներկայացուցիչներից, Դրա հանդիպումներն անցկացվում են դրա կողմից սահմանված պարբերականությամբ:

2023 թվականին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև, որին մասնակցել է նաև ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի անդամ ԻՀԱ-ի ներկայացուցիչ Մարատ Ատովմյանը:

Հիշեցնենք, որ ԻՀԱ խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը 2022 թվականի փետրվարին ընտրվել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ և հանդիսանում է չորս հիմնական անդամներից մեկը։

ԻՀԱ-ի առաջարկի հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ ի աջակցություն ՀՀ հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակմանը։

2023 թվականի փետրվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի համալրված կազմով առաջին նիստը, որին մասնակցել է նաև ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Վերջինս նիստի ընթացքում առաջարկել է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը մշակել  Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությամբ սահմանված Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը, նախագծումն ու բովանդակությունը,  մշտադիտարկումն ու գնահատումը սահմանող միջազգային հանրաճանաչ սկզբունքների հիման վրա:

Քննարկման արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ խորհրդի նիստում որոշում է կայացվել, ՀՀ արդարադատության նախարարի կողմից, ներառական սկզբունքներով ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակելու համար:

ԻՀԱ ներկայացուցիչը հանդիսանում է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ԱԽ 1-ի համակարգողը

ԻՀԱ ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն հանդիսանում է Արևելյան Գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) (ՀԱՊ) ԱԽ 1-ի համակարգողը։

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ գիտաժողով

Կարևորելով իրավական կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում, 2023 թվականի հունիսի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպեցին «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական  գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով: Գիտաժողովի մասնակիցները երկու փուլով՝ գրավոր և բանավոր ձևաչափով ներկայացրեցին իրենց անհատական հետազոտական աշխատանքները։ Գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 6 զեկույցների հեղինակները հրավիրվեցին մասնակցել բանավոր փուլին։ Ըստ այդմ՝ բանավոր փուլի ժամանակ ներկայացվեց 6 զեկույց։ Ի վերջո, բանավոր փուլի արդյունքում, ընտրվեցին Գիտաժողովի հաղթողները, ինչպես նաև ընտրվեց հատուկ մրցանակակիր։ Գիտաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

ԻՀԱ–Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

2023  
  Հազ.  
Աշխատանքի վճարման ծախսեր,սոցիալ.ապահովագր.վճարներ 42,460  
Հիմ.միջ.և ոչ նյութական ակտիվների մաշվածություն (ամորտիզացիա),դրանց նորոգման և սպաս.ծախսեր 2,509  
Գործուղման և ներկայացուցչական ծախսեր 3,854  
Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր 445  
Գրասենյակային և կոմունալ ծախսեր 10,808  
Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր 8,584  
Բանկային ծառայություն.ծախսեր,ապահովության ծախսեր 10  
Չփոխհատուցվող հարկերից ծախսեր 65  
Վարչական այլ ծախսեր 3,458  
Ծրագրային ծախսեր 28,027  
Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ) 34  
Ընդամենը 100,255

 

ԻՀԱԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:

 

Անուն, Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ
Արփինե Եղիկյան ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար
Մարատ Ատովմյան ԻՀԱ-ի խորհրդի անդամ
Զարուհի Հարությունյան ԻՀԱ-ի խորհրդի անդամ
Կարեն Քոչարյան ԻՀԱ-ի խորհրդի  անդամ

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Կենտրոնական գրասենյակ

ք. Երևան, Նալբանդյան 7,

թիվ 2 գրասենյակ

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Էլ. փոստ [email protected]

 

ԻՀԱի երևանյան մասնաճյուղ,

Երևանի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից)

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Թեժ գիծ՝ 0 8000 11 10

էլ. փոստ [email protected]

ԻՀԱի Լոռու մարզային մասնաճյուղ,

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1

Հեռախոս (374 322) 2 23 17

Հեռապատճե (374 322) 2 23 17

էլ. փոստ [email protected]

 

ԻՀԱի Շիրակի մարզային մասնաճյուղ,

Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2

Հեռախոս (374 312) 5 82 36

Հեռապատճե (374 312) 5 82 36

էլ. փոստ [email protected]