Հայտնի են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովի հաղթողները

Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպել են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական  գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով:

Հուլիսի 14-ին կայացավ գիտաժողովի բանավոր՝ ամփոփիչ փուլը․ գիտաժողովի մասնակիցները ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների ուսանողներն ու ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն էին։

«Գիտաժողովն ունի 12 տարվա պատմություն։ Հիմնական խնդիրն է՝ խթանել ուսանող իրավաբանների սերը դեպի փաստաբանության ինստիտուտը։ Կարծում ենք, որ առաջիկայում գիժաժողովը ավելի մեծ տարածում կգտնի իրավաբան ուսանողների շրաջնաում և այ կոգևորեի ձեզ, որպեսզի հետագայում համալրեք փաստաբանական համայնքի շարքերը»,-ողջույնի իր խոսքում ասաց գիտաժողովի հիմնադիր, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գիտաժողովի մասնակիցներին խորհուրդ տվեց զեկույցներ կազմելիս լինել համարձակ, դրանցում խնդիրները և դրանց լուծումները ներկայացնել, որոնք կպարունակեն որոշակի առաջարկներ, որոնք ոչ թե հրետոռական են այլ՝ հիմնավորված, առարկայական։

«Հատկանշական է, որ գիտաժողովի այս տարվա խորագիրը հետաքրքիր է փաստաբանական իսնտիտուտի համար։ Ինչ վերաբերում է զեկույցների բովանդակությանը՝ դրանցում տեղ են գտել այնպիսի մոտեցումներ, որոնք օրենսդրական մակարդակով կարող են ամրագրվել։ Մենք ամեն բան մտածել ենք, որ մեր դռները բացենք լավ մասնագետների համար»,-ասաց նախագահ Սիմոն Բաբայանը։

«Շատ կարևոր թեմա է ընտրված։ Հաճախ՝ գիտական կառույցները կամ այլ պետական ինստիտուտներ նմանատիպ թեզերը տալիս են երիտասարդներին։ Երիտասարդները շատ հաճախ հետազոտության, ուսումնասիրության ընթացքում լավ գաղափարներ են առաջարկում, որը պետության զարգացման համար առանցքային դեր է ունենում։ Այս առումով դուք էլ բացառություն չեք և ձեր զեկույցներում փորձելու ենք գտնել՝ ինչ նոր բան եք մեզ առաջարկում»,-դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ասաց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

Գնահատականների ամփոփման արդյունքում Ժաննա Հայրապետյանը գիտաժողովի գրավոր և բանավոր փուլերի առաջատարն էր, գիտաժողովի հաղթողը։ Նա մի շարք մրցանակներ ստացավ կազմակերպիչների կողմից, այդ թվում՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսման զեղչ՝ 25 տոկոսի չափով, երկամսյա պրակտիկայի հնարավորություն «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունում և գրքերի հավաքածու` Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ 

«Փաստաբանի անկախության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության հիմնաքարային սկզբունքներից մեկը և անձի սահմանադրական իրավունքների իրականացման  կարևորագույն երաշխիքը։ Առանց անկախ փաստաբանական համայքնի անհնար է  պատկերացնել մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը»,-իր ելույթում նշեց Ժաննա Հայրապետյանը։

Անի Ասլիկյան ստացավ գիտաժողովի երկրորդ մրցանակը` ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանների համար իրականացվող վերապատրաստումներին մասնակցելու հնարավորություն` մեկ տարի ժամկետով և գրքերի հավաքածու` Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Խոսելով և վստահորդների ր իրավապահ համակարգի հետ փաստաբանների աշխատանքի մասին, նա իր զեկույցում առաջարկ էր ներկայացրել՝ պատիժ նախատեսել փաստաբանական գործունեությունը խոչնդոտելու համար։ 

Երրորդ հորիզոնականում Հրաչ Սաֆարյանն էր, որը ստացավ եռամսյա պրակտիկայի հնարավորություն Հանրային պաշտպանի գրասենյակում և գրքերի հավաքածու` Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ «Իրավաբանական մասնագիտություն, պետություն և հասարակություն հարաբերությունների խնդիրը միշտ կա, ռեժիմները փոխելով, պետության ղեկավարների փոխվելով այն խնդիրները չեն փոխվում։ Աշխատանքիս հիմնական նպատակն է անկախության սկզբունքի ուսումնասիրությունը, օրենսդրի կողմից ընդունված «Փաստաբանության մասին» օրենքը, որով երաշխավորվեց փաստաբանի անկախությունը»,-իր զեկույցը ներկայացնելիս մեջբերեց նա։

Գիտաժողովի հատուկ մրցանակին, որը սահմանվել էր գիտաժողովի հիմնադիր Կարեն Զադոյանի կողմից, արժանացավ Հեղինե Ասուլյանը։ Վերջինս՝ խոսելով փաստաբանի անկախության մասին, նշեց, որ խնդիրը մշտապես եղել է իրավաբան գիտնականների ուշադրության կենտրոնում։ «Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի՝ ազատ ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին գործոններից»,-իր խոսքում նշեց Հեղինե Ասուլյանը։

Գիտաժողովի բանավոր և գրավոր փուլերի մյուս մասնակիցները նույնպես արժանացան գիտաժողովի մասնակցության հավաստագրերի և ստացան գրքեր` Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։