Որոշվել են «Տարվա քաղաքացին», «Տարվա լրագրողը» և «Տարվա ՀԿ»-ն

Այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրել է ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշ մոբով. մի խումբ երիտասարդներ կոռուպցիայի դեմ պայքարի կոչ արեցին ներկաներին, ամփոփելով ֆլեշ մոբը՝ օրվա կարգախոսով:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյան ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոռուպցիայի կոալիցիան և հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած է շուրջ 350 հանրային խմբերից` աշխարհի տարբեր երկրների, կոչ է անում կառավարություններին լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին:
«2014 թվականը կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարևոր տարի էր, մենք նոր փուլ ենք անցնում, մշակում ենք նոր ռազմավարություն, մշակում ենք նոր հակակոռուպցիոն մարմնի կոնցեպցիա և հաստատելու ենք այդ մարմինը այս տարի»,-իր խոսքում նշեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն իր խոսքում ընդգծեց ԵՄ պատրաստակամությունը ներդրում ունենալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Ողջույնի խոսքերին հաջորդեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը:
Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում` տարվա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը: Կոռուպցիոն երևույթներ պարունակող խնդիրների մասին բարձրաձայնելու համար «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի «Ռևիզոր» էջի լրագրողներ Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը հանձնվեց ՀՀ Փաստաբանների պալատին:

Որոշվել են «Տարվա քաղաքացին», «Տարվա լրագրողը» և «Տարվա ՀԿ»-ն