ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցին ներկայացվեց ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով նախատեսված քաղհասարակության պլատֆորմի ձևավորման կարգը

Ապրիլի 23-ին առցանց հարթակում ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի խորհրդի անդամներին ներկայացվեց ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորման կարգի նախագիծը։

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Ցանցի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը և ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Իր բացման խոսքում ԻՀԱ նախագահը կարևորեց ստեղծվելիք պլատֆորմում ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացվածությունն ու ՀԸԳԸ մոնիթորինգի իրականացմանն ակտիվ մասնակցությունը:

ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողը իր բացման խոսքում անդրադարձավ այն հիմնական մոտեցումներին, որոնք ընկած են հարթակի ձևավորման կարգի հիմքում՝ նպատակ ունենալով ապահովել հարթակում ՔՀԿ սեկտորի ամբողջական և բալանսավորված մասնակցությունը։

ԻՀԱ իրավաբան, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն ներկայացրեց Պլատֆորմի կազմավորման կարգի նախագիծը, որին հաջորդեց քննարկում նախագծի կարգավորումների վերաբերյալ։