Պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծություն՝ երիտասարդ ունկնդիրներից ձևավորված հայտարարագրման խմբի կողմից

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի արտագնա դասընթացի ավարտին կազմավորվեց Հայտարարագրման խումբը՝ նպատակ ունենալով ծրագրի շրջանակներում իրականացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծություն:

Խմբում հավաքվել էին իրավաբաններ և ուսուցիչներ՝ Երևանի, Գեղարքունիքի և Լոռու մարզերից: Չնայած հեռավորության հետ կապված դժվարություններին՝ խումբը հաջողել է պատշաճ կերպով կատարել ողջ ծրագրածը:

Հայտարարագրման խմբի համակարգող Եվա Սուքիասյանի խոսքով՝ խմբային աշխատանքն ուներ նաև տեսական-ուսուցողական բնույթ, քանզի ամբողջությամբ յուրացրել են հայտարարագրման վերաբերյալ օրենսդրությունը, միջազգային փորձը, իրավակիրառ պրակտիկան: Դեռ ավելին, աշխատանքն ուներ կարևոր գործնական բնույթ, քանզի, ըստ էության, խմբակիցների հետ իրականացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթը:

«Լինելով ապագա իրավաբան՝ մեծապես կարևորում եմ հակակոռուպցիոն արժեքների ներդրումը մեր առօրյա կյանքում և յուրաքանչյուրիս մասնագիտական գործունեության հիմքում: Թեմայի ընտրությունը, որով պետք է իրականացնեինք մեր ծրագիրը, ինձ և խմբակիցներիս առավել հոգեհարազատ ոլորտներից էր։ Բացի այդ, երկրում առկա ռազմաքաղաքական ծանր իրավիճակը մեզ ավելի հստակ կողմնորոշեց և հայտարարգրերի վերլուծությունն իրականացրինք պաշտպանության ոլորտում՝ ընտրելով մեզ համար առավել հայտնի և քննարկված թվով 10 պաշտոնյաների»,- նշում է Եվա Սուքիասյանը՝ հավելելով, որ խնդիրները մեծաթիվ են, բայց համընդհանուր իրազեկվածության և շարունակական կատարելագործման արդյունքում հնարավոր կլինի առավելագույնս նվազեցնել կոռուպցիա կոչվող չարիքը:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: