ԻՀԱ Շիրակի մարզային մասնաճյուղի համակարգող Գայանե Գևորգյանը մասնակցեց աշխատանքային իրավունքների խախտումներին նվիրված քննարկմանը

2020թ. օգոստոսի 21-ին «Երկխոսության Մեդիա կենտրոն»-ում կայացավ «Աշխատանքային իրավունքների խախտումներ» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Շիրակի մարզային մասնաճյուղի համակարգող, փաստաբան` Գայանե Գևորգյանը, «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ իրավաբան` Հերմինե Հովհաննիսյանը, «Գյումրիի կրթության և գիտության աշխատողների արհմիությունների կազմակերպության» նախագահ` Հարություն Թադևոսյանը:

Քննարկումը սկսվեց ՀՀ-ում գործող իրավական դաշտի մասին տեղեկատվությունից, ներկայացվեց ՔՈՎԻԴ-19 շրջանում ՀՀ-ում աշխատանքային իրավահարաբերությունների բացերի, աշխատող – գործատու իրավահարաբերությունների, աշխատանքային իրավունքների խախտումների, ինչպես նաև ստեղծված խնդիրների լուծման ուղղությունների մասին ներկայացմամբ: Իր խոսքում Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց, որ համաճարակի տարածման ընթացքում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ցածր իրավագիտակցության պատճառով անձինք չեն պաշտպանում իրենց իրավունքները: Գ. Գևորգյանը ներկայացրեց, որ աննախադեպ էր այս իրավիճակը և’ օրենսդրական դաշտի բացի, իրավակարգավորումների պրակտիկայի, գործատուների ու աշխատողների համար: Այդ հիմքով էլ բավական մեծ էր իրավական օգնություն հայցողների թիվը: Այդ առումով հատկապես կարևոր էր ՀԿ-ների դերն ու նշանակությունը, քանի որ վերջիններս ձեռնամուխ են եղել առցանց կամ հեռավար կարգով իրավախորհրդատվությունների տրամադրմանը: Այս առումով ներկայացվեց ԻՀԱ գրասենյակի փորձը, որի արդյունքում 2020թ. մարտ-մայիս ամիսներին խորհրդատվությունների թիվը գերազանցեց 800-ը: Միաժամանակ ներկայացվեցին նաև կոնկրետ դեպքեր:

Իր խոսքում Հ. Թադևոսյանը ներկայացրեց արհմիությունների դերն ու նշանակությունը, նշելով, որ այս ընթացքում կրթության ոլորտի աշխատակիցների կողմից քիչ են բարձրաձայնվել խնդիրներ, բայց իրավիճակի շարունակվելու պարագայում, անհրաժեշտ կլինի վերանայել վարձատրությունների չափը:

Քննարկում ավարտին, ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին: