Ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները, որն իրականացվում է «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում, այս պահի դրությամբ գտնվում են դաշտային աշխատանքների փուլում։ Համաձայն գործողությունների ծրագրի մշտադիտարկման մեթոդաբանության՝ հետազոտության իրականացման այս փուլում իրավասու պետական մարմիններին են ներկայացվել տեղեկատվության հարցումներ՝ ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի տարբեր ուղղությունների շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Իրավասու մարմինները նաև տեղեկացվել են հետազոտության շրջանակներում նախատեսվող առաջիկա գործողությունների մասին, և այդ գործողությունների շուրջ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ։

Այս պահի դրությամբ տեղեկատվության հարցումների շուրջ պատասխաններ են ստացվել պետական երկու մարմիններից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից և Պետական եկամուտների կոմիտեից։ Պատասխաններ են սպասվում ևս 9 այլ պետական գերատեսչություններից։ Առաջիկայում նախատեսվում են նաև համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ առցանց ֆոկուս խմբային քննարկումների և խորին հարցազրույցների անցկացում, որոնց ամփոփման արդյունքում կկազմվի մոնիթորինգային զեկույց։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:

Հիշեցնենք, որ «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում։ Այն նպատակ ունի ի թիվս այլ գործողությունների, իրականացնել  Մարդու իրավունքների ազգային ռազմավարության Գործողությունների ծրագրի մշտադիտարկում, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ իրազեկել հանրությանը, քաղաքացիներին և այլ շահագրգիռ կողմերին: Ծրագրի առաջին փուլով իրականացվել են երեք առցանց սեմինար-հանրային քննարկումներ ընդգրկելով Հայաստանի երեք մարզերի՝ Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերի և մայրաքաղաք Երևանի հիմնական շահագրգիռ կողմերին, ՔՀԿ և ոլորտային ներկայացուցիչներին և Գործողությունների ծրագրի իրականացման պատասխանատու կողմերին, մշակվել է Գործողությունների ծրագրի մշտադիտարկման մեթոդաբանությունը։

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։