Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ-ում վեթինգի իրականացման մասին. Հայերը պետք է նստեն սեղանի շուրջ և հասկանան, թե որն է Հայաստանի համար ավելի լավ

Այսօր՝ մայիսի 26-ին, Հյուսիսային պողոտայում մոտեցավ ավարտին «Եվրոպայի օր 2019» տոնակատարությունների մեկամսյա շարքը:

Միջոցառման ներկա էր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը պատասխանեց նաև ՀՀ-ում դատական բարեփոխումների վերաբերյալ լրագրողների հարցերին:

Նա նշեց, որ ԵՄ-ն ողջունում է կառավարության հանձնառությունը՝ դատական ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ և արտահայտում է օգնելու իր պատրաստակամությունը:

«Այդ բարեփոխումները պետք է իրականցվեն ՀՀ Սահմանադրության և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան: ԵԽԽՎ հայտարարությունը արտացոլում է Եվրամիության դիրքորոշումը»,-նշեց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ նաև Հայաստանում անցումային արդարադատության անցկացմանը: Դեսպանը ընդգծեց, որ ԵՄ չի մասնակցում դատական բարեփոխումների իրականացման վերաբերյալ ներքին քննարկումներին:

«Մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների փորձով, քանի որ ԵՄ-ն ներգրավված է Ալբանիայում իրականացվող բարեփոխումների ծրագրերին, ինչի մասին խոսել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հայաստանը պետք է ինքը որոշի, որևէ մոդել չի կարող դիտվել որպես ձեր խնդիրներին դարման, քանի որ երկրները տարբեր են: Վերջերս ակտիվոր շրջանառվող վեթինգի տարբեր մոդելներ կան: Տարբեր մոդելներ ու փորձեր կան, և՛ դրական, և՛ բացասական: Ես կարծում եմ, որ եթե նայենք ալբանական փորձին, այն դիտվում է որպես դրական: Այն իհարկե իրենից բարդ իրավական գործընթաց է ենթադրում, ժամանակատար է, ծախսատար է, բայց նույնիսկ Եվրամիության պաշտոնական կայքերում դուք կարող եք կարդալ հոդվածներ ալբանական փորձի մասին, ինչպես նաև տեսնել ընդհանուր պատկերը, որը դրական է: Սակայն ամենուր վեթինգի գործընթացը շատ զգայուն է, դրան պետք է չափազանց զգույշ մոտենալ՝ գործընթացի զգայունությունը հաշվի առնելով: Հայերը պետք է նստեն սեղանի շուրջ և հասկանան, թե որն է Հայաստանի համար ավելի լավ: Դրսից ոչ ոք չի փորձի որևէ բան պարտադրել»,-նշեց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում