Մեկնարկեց Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի բանավոր փուլը

Գիտելիքներ, հմտություններ, հեղինակություն, ընկերներ… Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի առանձնահատկություններն են թվարկում հայաստանյան մրցափուլի մասնակիցները, դատավորներն ու թիմերի մարզիչները:

«Այս մրցույթն ինձ շատ բան է տվել. նախևառաջ միջազգային հանրային իրավունքի ոլորտում գիտելիքներն են, սովորում են նաև ինչպես կանգնել դատարանի առջև, ինչպես խոսել, ինչպես դիմել դատարանին, զարգացնում է նաև բացատրելու, բանավոր խոսքի ունակությունները: Իրավաբանի համար շատ կարևոր է նմանօրինակ մրցույթների մասնակցելը»,- մեզ հետ զրույցում ասաց դատախաղի մասնակիցներից Տաթևիկ Թադևոսյանը, ով առաջին անգամ է մասնակցում այս դատախաղ-մրցույթին:

Այս տարի արդեն 16-րդ տարին Հայաստանում կազմակերպվում է միջազգային իրավունքի ամենահեղինակավոր և մասշտաբային դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլը` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ: Դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլ ազգային կառավարիչն է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Թիմերը նախապես տեղեկանում են մրցույթի կազմակերպիչ «Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի» Վաշինգտոնից ուղարկված խնդրի էությանը, կազմում են և’ հայցվորի, և’ պատասխանողի դերում հանդես գալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դատախաղի ազգային մրցափուլը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից: Թիմերի աշխատանքները երկու փուլերում էլ ստուգում և գնահատում է 3 դատավոր: Այնուհետև հաղթող թիմը մեկնում է Վաշինգտոն` մասնակցելու միջազգային փուլին: Այսօր մեկնարկեց մրցույթի բանավոր փուլը:

Դատախաղին որպես դատավոր մասնակցող Ստեփան Խզրթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս դատախաղը ուսանողներին մեծ փորձ է տալիս հետազոտություններ և վերալուծություններ, ինչպեսև դատական ներկայացուցչության ոլորտում, ինչը մեծապես կարևոր է իրավաբանի հետագա գործունեության ընթացքում:

Այս տարի արդեն երկրորդ անգամ դատախաղ-մրցույթը անցկացվում է անգլերեն լեզվով: Դատախաղի դատավորներից Ջոն Հայրապետյանը մեծապես կարևորեց այս հանգամանքը. «Այս տարի շատ պատրաստված էին թիմերը: Ես նախորդ տարիներին էլ եմ որպես դատավոր մասնակցել դատախաղին, և լեզվի փոփոխվելը առավել օգնում է իրենց դիրքորոշումները առավել հիմնավոր  ներկայացնել թե ազգային, թե հետագայում միջազգային փուլի ժամանակ»:

Նա նաև նշեց, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը գործեր է ունենում միջազգային դատական ատյաններում և կադրային ռեսուրսների սղության պատճառով հաճախ մեծ գումարներ է վճարում արտասահմանցի իրավաբաններին. «Այս դատախաղին մասնակցող ուսանողները մեր ապագան են, նրանք մի օր ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում»:

Փաստաբան Արամ Օրբելյանը Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթին բազմիցս մասնակցել է որպես դատավոր և թիմի մարզիչ: Այս տարի նույնպես նա մասնակցող թիմերից մեկի մարզիչն է: Մեզ հետ զրույցում նա նշում է, որ բացի վերոնշյալ առավելությունները, այս դատախաղին մասնակցությունը նաև հեղինակություն է բերում. լուրջ կազմակերպությունները աշխատանքի ընդունելիս կարևորում են դատախաղ-մրցույթին մասնակցությունը:

Նշենք նաև, որ այս տարի մրցույթին մասնակցում է երեք թիմ: Այսօր դատախաղ-մրցույթի նախնական մրցափուլն ավարտվեց և հայտնի են երկու թիմերը, որոնք վաղը պետք է մրցեն եզրափակիչ փուլում: