«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ գործընկերներ, համախոհներ և ընկերներ,
Ձեզ եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ԻՀԱ) 2025 թվականի տարեկան հաշվետվությունը, որն արտացոլում է կազմակերպության տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները, արձանագրած արդյունքները և շարունակական հանձնառությունը՝ նպաստելու իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության զարգացմանը և լավ կառավարման սկզբունքների տարածմանը։
2025 թվականին ԻՀԱ-ն շարունակել է իր գործունեությունը՝ կենտրոնանալով հանրային քաղաքականությունների մշակման և կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության, Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց աջակցությանն ուղղված նախաձեռնությունների, հակակոռուպցիոն քաղաքականության և դատական համակարգի բարելավման ուղղությամբ։ Այս աշխատանքներում կարևոր դեր են ունեցել մասնագիտական փորձի կիրառումը, պետական և հասարակական կառույցների հետ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ձևավորված կապերի զարգացումը։
ԻՀԱ-ի համար թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ոչ միայն գործունեության սկզբունքներ են, այլև հանրության նկատմամբ պատասխանատվության կարևոր դրսևորումներ։ Հետևաբար, այս հաշվետվությամբ մենք ներկայացնում ենք ոչ միայն իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, այլև մեր ներդրումը հանրային նշանակության խնդիրների լուծման և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղման գործում։
Հիմնվելով 1995 թվականից կուտակած փորձի, մասնագիտական ներուժի և գործընկերային համագործակցության վրա՝ ԻՀԱ-ն շարունակելու է իր հետևողական աշխատանքը՝ ուղղված ավելի արդար, հաշվետու և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորմանը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի, մասնագիտական հետևողականության և համագործակցության միջոցով հնարավոր է առաջ մղել այնպիսի լուծումներ, որոնք կծառայեն հանրային շահին և կնպաստեն Հայաստանում իրավունքի գերակայության ամրապնդմանը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, աջակիցներին և բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, որոնք իրենց մասնակցությամբ և համագործակցությամբ նպաստել են մեր գործունեության իրականացմանը։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ) հիմնադրվել է 1995 թվականին՝ Երևանում։ Իր գործունեության ավելի քան երեք տասնամյակների ընթացքում կազմակերպությունը ձևավորել է մասնագիտական փորձ և գործընկերային կապեր՝ հետևողականորեն նպաստելով Հայաստանում իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և արդարադատության համակարգի բարելավմանը։
ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը, մարդու իրավունքների, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց, սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունը, արդարադատության բարեփոխումների խթանումը, իրավաբանների և երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացումը, ինչպես նաև հասարակության իրավական իրազեկվածության բարձրացումը։
Կազմակերպությունը կարևորում է թվային գործիքների և նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, տեղեկատվության հասանելիությունն ընդլայնելու և հանրային իրազեկվածությունն ամրապնդելու նպատակով։ Այս մոտեցման շրջանակում ԻՀԱ-ն իր գործունեության տարբեր ուղղություններով շարունակում է օգտագործել էլեկտրոնային հարթակներ, որոնք ապահովում են տեղեկատվության տարածումը, քաղաքացիների և շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև իրավունքների պաշտպանության, կրթության և հանրային մասնակցության հնարավորությունների հասանելիությունը։
ԻՀԱ-ի կողմից գործարկվող էլեկտրոնային հարթակները և թվային գործիքները
- ԻՀԱ-ի պաշտոնական եռալեզու կայք՝ https://armla.am
Կայքը ներկայացնում է կազմակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, նախաձեռնությունները, հրապարակումներն ու ձեռքբերումները՝ ապահովելով դրանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի պաշտոնական կայք՝ https://aac.am
Կայքն ապահովում է Կոալիցիայի գործունեության, նախաձեռնությունների և արդյունքների ներկայացումն ու հրապարակայնությունը՝ նպաստելով հակակոռուպցիոն ոլորտում քաղաքացիական հասարակության աշխատանքի տեսանելիությանը։
- Բիզնես ոլորտի ազդարարման հարթակ՝ https://bizprotect.am
Հարթակը հնարավորություն է տալիս բիզնեսի ներկայացուցիչներին հաղորդումներ ներկայացնել հարկային, մաքսային, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզավորման, թույլտվությունների և պետական գնումների ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ։
- Քաղաքացիական հասարակության ազդարարման հարթակ՝ https://haytnir.am
Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անանուն կամ նույնականացմամբ (տվյալները ներկայացնելու եղանակով) հաղորդումներ ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների և այլ իրավախախտումների վերաբերյալ։
- Բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակ՝ https://budgets.am
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ստեղծված հարթակը նպաստում է բյուջետային գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը, հանրամատչելի բյուջետային գիտելիքի տարածմանը և հանրային մասնակցության խթանմանը։
- Էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ https://elearning.armla.am
Հարթակն ապահովում է առցանց ուսուցման, կրթական նյութերի ուսումնասիրման և ձեռք բերված գիտելիքների ստուգման հնարավորություններ՝ նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը։
- Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարթակ՝ https://armrights.am
Հարթակն ուղղված է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու Հայաստանում նրանց ինտեգրմանը՝ նպաստելով իրավունքների իրացմանն աջակցող մեխանիզմների և համապատասխան տեղեկատվության հասանելիությանը։
ԻՀԱ–ի գործունեության հիմնական ուղղություններն են
- Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը,
- մարդու իրավունքների, ներառյալ՝ արցախահայերի, սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը,
- արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական, դատական և այլ թիրախային ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը,
- իրավաբանների և երիտասարդների կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը,
- հասարակության իրավական իրազեկության մակարդակի բարձրացումը։
Իրավաբանական գրադարանը և «Իրավաբան» լրատվական հարթակը
ԻՀԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որից օգտվում են ԻՀԱ անդամները, Երևանի և Հայաստանի մարզերի երիտասարդ իրավաբաններն ու իրավական ոլորտով հետաքրքրված այլ անձինք։ Գրադարանը նպաստում է մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը, իրավական տեղեկատվության հասանելիությանը և իրավաբանական համայնքի զարգացմանը։
2025 թվականին ևս շարունակել է գործել ԻՀԱ-ի անկախ մասնագիտական առցանց լրատվամիջոցը՝ www.iravaban.net։ Լրատվամիջոցը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, և ապահովում է իրավական ու հանրային նշանակության տեղեկատվության հասանելիությունը ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ լայն լսարանի համար։ Այն ներկայացված է նաև սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում և Telegram-ում։ Facebook-ի էջն ունի ավելի քան 333,000 հետևորդ։
ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ
Առաքելությունը
Նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:
Արժեքները
ԻՀԱ-ի գործունեության հիմքում ինքնիշխանության, մասնագիտական բարձր գիտելիքների, ազնվության, առաջնորդության, նորարության, թիմային աշխատանքի, բարեխղճության, արդարության, համերաշխության, կառուցողական երկխոսության, նպատակասլացության, խիզախության և ներողամտության արժեքներն են։ Դրանք ուղենշում են կազմակերպության գործունեությունը, մասնագիտական համագործակցությունը և գործընկերների հետ հարաբերությունները։
Թիմը
Մասնագիտական կարողություններով և նորարարական մտածողությամբ թիմը ԻՀԱ-ի գործունեության շարունակականության և զարգացման կարևոր հենասյունն է։ Կազմակերպության մասնագետները հետևողականորեն կատարելագործում են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ մասնակցելով Հայաստանում և արտերկրում իրականացվող մասնագիտական զարգացման հնարավորություններին։ Նրանց փորձը, նախաձեռնողականությունն ու նոր գաղափարները նպաստում են կազմակերպության ծրագրերի իրականացմանը և նոր նախաձեռնությունների առաջմղմանը։
ԻՀԱ-ն պարբերաբար կազմակերպում է իր անդամների մասնագիտական գիտելիքների և հարակից հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ կարևորելով շարունակական կրթությունը, մասնագիտական աճը և ազգային, կրթական ու մասնագիտական արժեքների պահպանումն ու զարգացումը։ Կազմակերպության թիմն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ԻՀԱ-ի առաքելությամբ և արժեքներով՝ դրանք դիտարկելով որպես համատեղ աշխատանքի և կազմակերպական մշակույթի հիմնարար սկզբունքներ։
ԻՀԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիր
ԻՀԱ-ն, համագործակցելով «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ, իրականացնում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը։ Ծրագրի տևողությունը 48 ամիս է՝ 2022 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 7-ը։ Նպատակն է՝ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացները՝ ակտիվացնելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը։ Ծրագրի հիմնական թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը և գյուղատնտեսությունը։
Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանն ուղղված, ինչպես նաև ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրերի երկրորդ հոսքի ուսուցումը։
Ուսուցումներին հաջորդել են թիրախային ոլորտների բյուջեների մոնիթորինգի և վերլուծության, ինչպես նաև բյուջետային գործընթացներում շահերի պաշտպանությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագրերի տրամադրումը և դրանց իրականացումը։ Երիտասարդ մասնագետների ուսուցման ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ութ մասնակիցներ աշխատանքային հիմունքներով ներգրավվել են ենթադրամաշնորհային ծրագրերում՝ որպես բյուջետային մասնագետներ։ Ծրագրի արդյունքները և ծավալած գործունեությունը մշտապես հանրայնացվում են Բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակում՝ budgets.am կայքում։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիր
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի փետրվարից և ավարտվել է 2025 թվականի հունվարին։ Ծրագրի նպատակն էր՝ նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Ծրագրի ավարտից հետո ԻՀԱ-ն սեփական ռեսուրսների հաշվին շարունակել է աշխատանքներն այս ուղղությամբ։ Մասնավորապես, հաշվետու տարվա հունվարին Armrights.am հարթակի միջոցով արցախահայերին տրամադրվել է 140 իրավաբանական խորհրդատվություն, իսկ ևս 16 անձ ստացել է խորհրդատվություն՝ համայնքային այցերի և կազմակերպության գրասենյակ այցելելու միջոցով։ Կազմվել են իրավական փաստաթղթեր, իրականացվել է 4 համայնքային այց։ Շարունակվել են նաև համակարգային խնդիրների իրավական վերհանման և իրավասու պետական մարմինների հետ դրանց լուծմանն ուղղված աշխատանքները։ Իրավական աջակցության հետ մեկտեղ իրականացվել են հանրային իրազեկման և համակարգային խնդիրների վերհանման աշխատանքներ։ «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում հրապարակվել է 24 տեսանյութ՝ ներկայացնելով բռնի տեղահանված անձանց փորձառություններն ու իրավական խնդիրները։
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ծրագիր
Ծրագիրն իրականացվել է 2025 թվականի ապրիլի 4-ից մինչև դեկտեմբերի 4-ը, որի նպատակն էր՝ բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկման և ազդեցության գնահատման գործընթացներում՝ ապահովելով Ոստիկանական բարեփոխումների ռազմավարության միջանկյալ արդյունքների հասարակական անկախ գնահատում և բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում։ Մասնավորապես, մշտադիտարկվել և գնահատվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի՝ 2024-2025 թթ. առաջին կիսամյակի համար նախատեսված 52 գործողությունների իրականացումը՝ քանակական և որակական արդյունքների տեսանկյունից։ Զեկույցի նախագիծը և վերջնական տարբերակը քննարկվել է շահառու կողմերի հետո, իսկ վերջնական արդյունքներն ամփոփվել են և հրապարակվել են եզրափակիչ զեկույցում։
Հանրային իրազեկվածության բարձրացման և երիտասարդների ներգրավվածության նպատակով հայտարարվել և անցկացվել են «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթները՝ Երևանի և ՀՀ մարզերի երիտասարդների մասնակցությամբ։
«Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա. ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագիր
Ծրագիրն իրականացվել է 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել է Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիան, որին մեծ հետաքրքրություն ցուցաբերած մասնակիցների շարքից ընտրվել են 20-ը՝ Երևանից և ՀՀ մարզերից։ Ակադեմիան ներառել է առցանց ուսուցում, խորացված մասնագիտական դասընթացներ, ազգային և միջազգային փորձագետների հետ հանդիպումներ և մենթորական աջակցություն՝ ուղղված ապատեղեկատվության բացահայտման, անձնական տվյալների պաշտպանության, ժամանակակից աշխարհում ապատեղեկատվության տարածման ոլորտում արհեստական բանականության ազդեցության և մեդիագրագիտության վերաբերյալ կարողությունների զարգացմանը։ Մշակվել է Ապատեղեկատվության հակազդման գործնական ձեռնարկը։ Կազմակերպվել են ապատեղեկատվության հակազդմանը նվիրված երկու հանրային-մասնավոր երկխոսության աշխատաժողովներ, որոնց ընթացքում ներկայացվել է ձեռնարկը, քննարկվել են Հայաստանում հիշյալ ոլորտեւոմ առկա մարտահրավերներն ու միջոլորտային համագործակցության հնարավորությունները և ուրվագծել ապատեղեկատվության դեմ պայքարի առաջնահերթությունները, որոնց շարքում են, ի թիվս այլնի՝ իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդումը, հանրային կրթության ու մեդիագրագիտության զարգացումը և միջազգային համագործակցություն։
ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բյուջետային ուսուցումներ
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվել են երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցման, ինչպես նաև ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրերի երկրորդ հոսքերը։
Ուսումնական ծրագրերը միտված էին պետական բյուջետային գործընթացների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, բյուջեների վերլուծության և մոնիթորինգի գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև բյուջետային գործընթացներում հանրային մասնակցության և շահերի պաշտպանության կարողությունների ամրապնդմանը։ Երիտասարդ մասնագետների ուսուցումը ներառում էր նաև գործնական առաջադրանքներ և հանրային իրազեկման միջոցառումներ՝ ձեռք բերված գիտելիքները կիրառելու և տարածելու նպատակով։
Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա
Ակադեմիայի նպատակն էր Լիտվայի փորձի փոխանցման միջոցով ամրապնդել թիրախային խմբերի դիմադրողականությունն ապատեղեկատվության ոլորտում՝ զարգացնելով նրանց մասնագիտական կարողությունները, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով բազմասեկտորային երկխոսությունը։ Ակադեմիան ներառել է չորս փուլ՝ ինտերակտիվ առցանց ուսուցում՝ հինգ հիմնարար թեմաներով, խորացված մասնագիտական պատրաստում, հանդիպումներ ոլորտի ազգային և միջազգային փորձագետների հետ, իրավասու մարմինների պատասխանատու անձանց հետ, ինչպես նաև մենթորական աջակցություն՝ խմբային նախագծերի և գործնական հանձնարարությունների իրականացման համար։ Կրթական գործընթացը միտված էր մասնակիցների գիտելիքների խորացմանը և ապատեղեկատվության բացահայտման ու հակազդման գործնական հմտությունների զարգացմանը։
Նկարչական և շարադրությունների մրցույթներ
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ծրագրի շրջանակում կազմակերպվել են «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթները՝ նպատակ ունենալով պարզել երիտասարդների ընկալումները արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել նրանց ազատ արտահայտել սեփական կարծիքը, վերլուծել ոլորտային խնդիրները և առաջարկել հնարավոր լուծումներ՝ շարադրությունների և նկարչության միջոցով։ Մրցույթներին մասնակցել են դպրոցների, քոլեջների և բուհերի սովորողներ ու ուսանողներ, այդ թվում՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Մասնակիցների իրազեկվածության բարձրացման և նրանց հարցերին պատասխանելու նպատակով անցկացվել են առցանց սեմինարներ։ Յուրաքանչյուր մրցույթի շրջանակում ընտրվել են երեք մրցանակակիր և երկու հատուկ մրցանակի արժանացած մասնակիցներ։ Նախաձեռնությունները նպաստել են երիտասարդների իրավագիտակցության բարձրացմանը և արդարադատության ու մարդու իրավունքների վերաբերյալ նրանց դիրքորոշումների արտահայտմանը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
2025 թվականի ընթացքում ԻՀԱ-ն շարունակել է զարգացնել միջազգային համագործակցությունը՝ մասնակցելով միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ցանցերի և հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակներում կազմակերպվող համաժողովներին, բարձր մակարդակի հանդիպումներին և փորձագիտական քննարկումներին։
Փետրվարի 5-7-ը ԻՀԱ փորձագետ Մարիամ Զադոյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին։ «Ցանցային համագործակցություն․ բարեվարքության համակարգերի հզորացումը կոլեկտիվ գործունեության միջոցով» թեմայով պանելային քննարկման ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն օրենսդրական բարեփոխումներին, հակակոռուպցիոն մարմինների ձևավորմանը, ազդարարման և իրական սեփականատերերի ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման և հանրային իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Հուլիսի 7-9-ը Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը Մարիամ Զադոյանը Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության մոնիթորինգի քննարկումների ընթացքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անունից ներկայացրել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ ԻՀԱ-ի անկախ մոնիթորինգի արդյունքները՝ ընդգծելով ռազմավարությամբ նախատեսված գործողությունների փաստացի իրականացման և կառավարության ներկայացրած ցուցանիշների միջև առկա տարբերությունները։
Սեպտեմբերին ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 40-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Հոկտեմբերի 7-9-ը Իսպանիայի Վիտորիա-Գաստեյզ քաղաքում կայացած Բաց կառավարման գործընկերության 9-րդ Գլոբալ գագաթնաժողովին ԻՀԱ-ն ներկայացրել է ծրագրերի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը։ «Ազդարարների պաշտպանություն և վերահսկողության ամրապնդում՝ վստահության և ազդեցության կառուցում» թեմայով պանելային քննարկման ընթացքում նա ներկայացրել է Հայաստանում ազդարարման համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա համակարգային խնդիրները և ասոցիացիայի ստեղծած ու գործարկվող՝ haytnir.am ազդարարման այլընտրանքային հարթակը։
Դեկտեմբերի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 7-րդ հանդիպմանը ԻՀԱ-ն ներկայացրել է պլատֆորմի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա զեկույցով հանդես է եկել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքի վերաբերյալ՝ անդրադառնալով հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ անկախությանը, կոռուպցիայի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտի մարտահրավերներին՝ դրանք դիտարկելով նաև միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գնահատականների համատեքստում։
Դեկտեմբերի 2-4-ը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի երկրորդ գագաթնաժողովին Ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, որպես ԻՀԱ ներկայացուցիչ, Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակության անդամ և զեկուցող, մասնակցել է Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն անդամակցության ճանապարհին առկա մարտահրավերներին ու հնարավորություններին նվիրված պանելային քննարկմանը։
Դեկտեմբերի 15-19-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին մասնակցել են ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը և ԻՀԱ փոխնախագահ, Կոալիցիայի փորձագետ Մարատ Ատովմյանը։ Համաժողովի շրջանակներում նրանք մասնակցել են հակակոռուպցիոն քաղաքականության, թափանցիկության, հաշվետվողականության և միջազգային համագործակցությանն առնչվող քննարկումներին։ Բացի այդ, համաժողովի շրջանակներում Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների, հակակոռուպցիոն մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով համագործակցության հնարավորություններ և ձեռք բերելով համագործակցության պայմանավորվածություններ։
ԶԵԿՈՒՅՑՆԵՐ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐԾԻՔ-ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
2025 թվականին ԻՀԱ-ն ակտիվորեն աշխատել է փորձագիտական աշխատանքները կոռուպցիայի կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության, դատական և իրավական բարեփոխումների, ոստիկանության բարեփոխումների, ազդարարման համակարգերի կատարելագործման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղություններով։
Կազմակերպությունը մշակել և հրապարակել է ռազմավարական փաստաթղթերի իրականացման մշտադիտարկման արդյունքների զեկույցներ, օրենսդրական նախագծերի վերաբերյալ կարծիք-դիտարկումներ և առաջարկություններ, ինչպես նաև մեթոդաբանական ուղեցույցներ ու գործնական ձեռնարկներ։ Այս հրապարակումները միտված են պետական քաղաքականությունների իրականացման գնահատմանը, առկա խնդիրների և բացերի բացահայտմանը, իրավական կարգավորումների կատարելագործմանն ու համապատասխան ոլորտներում մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հաշվետու տարում հրապարակված հիմնական նյութերն են՝
Ազդարարման համակարգեր
- Տեղական ինքնակառավարման մարմինների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույց
- Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույց
Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտարկումներ
Ռազմավարական փաստաթղթերի մշտադիտարկման զեկույցներ
- Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 2023-2024 թվականներին իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման արդյունքների զեկույց
- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ․ իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույց
- ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 2022-2024 թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույց
- ՀՀ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 2024-2025 (1-ին կիսամյակ) թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույց
Ապատեղեկատվության դեմ պայքար
- Ապատեղեկատվության հակազդման համակցված ձեռնարկ
- Միջոլորտային համագործակցության ճանապարհային քարտեզ ապատեղեկատվածության դեմ պայքարում
ԻՀԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
| Հազ. | ||
| Աշխատանքի վճարման ծախսեր,սոցիալ.ապահովագր.վճարներ | 42,730 | |
| Հիմ.միջ.և ոչ նյութական ակտիվների մաշվածություն (ամորտիզացիա),դրանց նորոգման և սպաս.ծախսեր | 12,665 | |
| Գործուղման և ներկայացուցչական ծախսեր | 8,553 | |
| Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր | 2,045 | |
| Գրասենյակային և կոմունալ ծախսեր | 3,387 | |
| Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր | 2,571 | |
| Բանկային ծառայություն.ծախսեր,ապահովության ծախսեր | 45 | |
| Չփոխհատուցվող հարկերից ծախսեր | 1,382 | |
| Վարչական այլ ծախսեր | 8,267 | |
| Ծրագրային ծախսեր | 89,664 | |
| Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ) | 49 | |
| Ընդամենը | 172,358 |
ԻՀԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: ԻՀԱ խորհրդի կազմն է՝
| Անուն, Ազգանուն | Պաշտոն |
| Կարեն Զադոյան | ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ |
| Արփինե Եղիկյան | ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար |
| Մարատ Ատովմյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
| Աստղիկ Մատինյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
| Կարեն Քոչարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
|
Կենտրոնական գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ Հեռախոս (374 10) 540199 Էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ–ի երևանյան մասնաճյուղ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոն ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից) Հեռախոս (374 10) 540199 էլ. փոստ [email protected] |
|
|
ԻՀԱ–ի Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1 Հեռախոս (374 322) 2 23 17 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ–ի Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2 էլ. փոստ [email protected] |