«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը (ԻՀԱ)՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հետ համագործակցությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ․ իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկում:
Մշտադիտարկման գործընթացի շրջանակներում կազմակերպվել են առցանց ֆոկուս խմբային քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ միջոցառումների ծրագիրն իրականացնողները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները: Որակական և քանակական մեթոդների կիրառությամբ ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ հավաքագրվել է համապարփակ տեղեկատվություն, որի արդյունքում կատարվել են երկու մակարդակի գնահատումներ․ ընթացակարգային (քանակական) և ազդեցության մակարդակի (որակական):
Մշտադիտարկման խմբի կողմից մշակված մեթոդոլոգիային համաձայն կատարված գնահատումները ներկայացվում են ստորև։
Ընթացակարգային (քանակական) գնահատումն իրականացվել է հետևյալ երկու բանաձևերով՝
- ամբողջությամբ կատարված գործողությունների քանակի տոկոսային հարաբերակցության մեթոդով՝ գործողությունների ընդհանուր թվի նկատմամբ, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2023-2024թթ․-ների համար կազմել է 40%,
- վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդով, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2023-2024թթ․-ների համար կազմել է 61,67%։
Ազդեցության մակարդակի (որակական) գնահատման նպատակով գնահատվել են մեթոդոլոգիայով մշակած չափանիշներին համապատասխան 16 գործողություն, որոնց կատարումը գնահատվել է ոչ ամբողջական իրականացված։
Հասարակական մշտադիտարկման արդյունքում կազմվել է զեկույցի նախագիծ, որն ուղարկվել էր ռազմավարության կատարող և համակատարող բոլոր պետական մարմիններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ նախագծի վերաբերյալ առաջարկներ ու դիտարկումներ ստանալու նպատակով: Արդյունքում, ամփոփելով ստացված առաջարկներն ու դիտարկումները, մշակվել է զեկույցի վերջնական տարբերակը:
Ծանոթացե՛ք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ․ իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցին այստեղ։
Նաև նշենք, որ 2025 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցավ զեկույցի շնորհանդեսը, որի շրջանակներում ներկայացված սահիկաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։