Հարցուպատասխան ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 11-րդ, 12-րդ և 13-րդ հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված մի շարք իրավական բնույթ կրող հարցերի վերաբերյալ հասարակությանը իրավաբանական խորհրդատվության մատուցում։ Մեր իրավաբանական թիմի կողմից պատրաստած առաջին հարցուպատասխանը վերաբերում էր տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 9 միջոցառումներին և դրանց հիմնական կարգավորումներին, ինչպեսև համավարակի արդյունքում կիրառված սահմանափակումների ընթացքում աշխատողների իրավունքներին և ծագած հիմնախնդիրներին։

 

Հարցուպատասխանի այս երկրորդ շարքը, որը նպատակ ունի իրազեկել հանրությանը և անդրադառնալ արտակարգ դրության ժամանակ կիրառված սահմանափակումներին և ընդունված նորմատիվ իրավական ակտերի օրենսդրական կարգավորումներին, վերաբերում է ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 11-րդ, 12-րդ և 13-րդ հակաճգնաժամային ծրագրերին։

 

Հարցերի պատասխանները կազմվել են 2020 թվականի ապրիլի 18-ի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների հիման վրա:

 

Հակաճգնաժամային ծրագիր թիվ 11

 

Հարց 1 Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ ծրագրի շահառուներ։

ՊատասխանՄիջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝

1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը,

2) էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը:

Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման շահառու հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում  սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով:

Սույն միջոցառման համաձայն որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

 

Հակաճգնաժամային ծրագիր թիվ 12

 

Հարց 1 Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ ծրագրի շահառուներ։

ՊատասխանՄիջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝

1) բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ ներառյալ,

2) էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 001-10 000 դրամ ներառյալ:

Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման շահառու հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում  սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30%-ի չափով:

Սույն միջոցառման համաձայն որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

 

Հակաճգնաժամային ծրագիր թիվ 13

 

Հարց 1 Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ ծրագրի շահառուներ։

Պատասխան Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։

Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման շահառու հանդիսացող յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի`

1) 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,

2)  30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին սույն կետի 1-ին ենթակետով սահմանված (կանխիկ վճարման) ձևով: 

Սույն միջոցառման համաձայն նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: