«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված մի շարք իրավական բնույթ կրող հարցերի վերաբերյալ հասարակությանը իրավաբանական խորհրդատվության մատուցում։ Հաշվի առնելով հարցադրումների ինտենսիվությունը և նույնաբովանդակ բնույթը, ԻՀԱ իրավաբան-փորձագետների թիմը մշակել է «Արտակարգ դրությունից բխող իրավահարաբերությունների վերաբերյալ հարց ու պատասխան» հրապարակումը՝ նպատակ ունենալով նման ձևաչափով իրազեկել հանրությանը և անդրադառնալ արտակարգ դրության ժամանակ կիրառված սահմանափակումների և ընդունված նորմատիվ իրավական ակտերի օրենսդրական կարգավորումներին։
Հրապարակման մեջ ներառված են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի (ճգնաժամային որոշումների), կիրառված սահմանափակումների ու թիրախային խմբերի մոտ առաջացած իրավական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ըստ հետևյալի․
- տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 9 միջոցառումները և դրանց հիմնական կարգավորումները,
- համավարակի արդյունքում կիրառված սահմանափակումների ընթացքում աշխատողների իրավունքները և ծագած հիմնախնդիրները։
Հարցերի պատասխանները կազմվել են 2020 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների հիման վրա:
Հրապարակումից օգտվելու մատչելիությունը երաշխավորելու համար հարցերը խմբավորվել են ըստ առանձին բաժինների՝ աշխատանքային իրավահարաբերություններ և հակաճգնաժամային միջոցառումների ծրագրերի ամփոփ կարգավորումներ։
ԲԱԺԻՆ 1․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Հարց 1․ Ո՞ր դեպք(եր)ում կարող է լուծվել աշխատանքային պայմանագրի և ինչպե՞ս է կարգավորվում չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս։
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է հետևյալ դեպքերում`
- կողմերի համաձայնությամբ,
- պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում,
- աշխատողի նախաձեռնությամբ,
- գործատուի նախաձեռնությամբ,
- աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը,
- եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից,
- եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում,
- աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում,
- ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում,
- աշխատողի մահվան դեպքում,
- աշխատանքի ընդունվելիս աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում,
- աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով,
- աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:
Նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
Նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի՝ տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:
Տվյալ դեպքում, եթե աշխատանքից ազատվելիս աշխատողը ունի չօգտագործված արձակուրդ ու այն չի գերազանցում 18 ամիսը, ապա աշխատողը ընտրում է՝ կամ ստանալ չօգտագործված ամենամյա արձակուրդը, կամ արձակուրդ չօգտագործելու դեպքում ստանալ դրամական հատուցում։
Հարց 2․ Ինչպե՞ս է կարգավորվելու ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`
- գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
- ձեռք է բերում աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
- մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
Հարց 3․ Ի՞նչ կարգով է վճարվում ամենամյա արձակուրդը:
Պատասխան․ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածը սահմանում է, որ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Նաև ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հարց 4․ Ի՞նչ կարգով է տրամադրվում չվճարվող արձակուրդը:
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
- հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
- հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
- ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
- ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
Հարց 5․ Արդյո՞ք թույլատրվում է աշխատողին հետ կանչել արձակուրդից:
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի հետ կանչի դեպքում, արձակուրդից չօգտագործված մասը՝ տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
Հարց 6․ Ե՞րբ են ֆիզարձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ) գումար հատկացնում աշխատող ծնողին
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հարց 7․ Ինչպե՞ս է կատարվում հղիության ու ծննդաբերության արձակուրդի հաշվարկը։
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր, որից 70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար.
2) 155 օր, որից 70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության համար` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր, որից 70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության համար` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և աշխատող կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Հարց 8․ Որքա՞ն է կազմում ֆիզարձակուրդի (հղիության ու ծննդաբերության արձակուրդի) գումարը
Պատասխան․ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ նույն օրենքով սահմանված դեպքերում` 2-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
Նույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Հարց 9․ Երեխայի ծնվելուց հետո դիմել եմ երեխայի ծննդյան նպաստը ստանալու, պարզվել է դեռ գրանցված աշխատող եմ, ինչ անել
Պատասխան․ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23․1 հոդված համաձայն՝ մայրության նպաստի իրավունք ունեն` գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ նշված մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (․․․)։ Նույն օրենքը սահմանում է, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է (չաշխատող անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ աշխատողը դեռ շարունակում է ունենալ գրանցված աշխատողի կարգավիճակ, անհրաժեշտ է գրավոր կարգով դիմել գործատուին՝ նպաստ ստանալու նպատակով, իսկ մերժման կամ պատասխան չստանալու դեպքում՝ դիմել դատարան։
Հարց 10․ Աշխատողն իրավունք ունի՞ 3 աշխատանքային օր բացակայելու ու վճարվելու դրա դիմաց
Պատասխան․ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում։ Նույն հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ գործատուն աշխատանքից չի կարող ազատել, եթե աշխատողը երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)։ Տվյալ դեպքում պարտադիր պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատությունից։
Հարց 11․ Գործատուն իրավունք ունի՞ իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը։ Եթե այո, որո՞նք են այդ հիմքերը։
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը կարգավորում է գործատուի նախաձեռնությամբ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։ Օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում գործատուն պարտավոր է ծանուցել աշխատողին։
Գործատուի նախաձեռնությամբ անորոշ ժամկետով կնքված, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, լուծվում է հետևյալ հիմքերի դեպքում․
- կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
- արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
- աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
- աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.
- աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
- աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
- աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
- աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.
- անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
- պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.
- տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
Հարց 12․ Որո՞նք են 60 տարեկանից բարձր աշխատողների նկատմամբ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները և ի՞նչ անել, եթե նրանք աշխատում են մի կազմակերպությունում, որը մտնում է Պարետի կողմից արտակարգ դրության օրերին աշխատելու թույլատվություն ունեցող ցանկի մեջ։
Պատասխան․ Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16․03․2020թ․ թիվ 298-Ն որոշմամբ նախատեսվել են մի շարք սահմանափակումներ։ Ի թիվս այլոց, ներկայացվել է որոշակի սահմանափակումներ ՀՀ տարեց քաղաքացիների վերաբերյալ։ Մասնավորապես, սահմանափակվել են պետության խնամքի ներքո գտնվող հաստատություններում մուտքերն ու ելքերը, արգվելվել է փոխանցել հանձնուքներ ու այլ իրեր։ Ինչ վերաբերում է ՀՀ 60 տարեկան և բարձր տարիքի անձանց աշխատանքի ներկայանալու հանգամանքին, ապա ՀՀ կառավարությունը հորդորում է նշված անձանց ինքնամեկուսանալ տանը, նկատի ունենալով վերջիններիս խոցելի խավին պատկանելը, ցածր իմունային համակարգի հետևանքով իրենց ու իրենց ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելը։ Միաժամանակ ՀՀ կառավարությունը զգուշացում է գործատուներին, նման իրավիճակում հայտնված ու աշխատանքի չներկայացած անձանց չազատել աշխատանքից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վճարել հարկադիր պարապուրդը։
Հարց 13․ Որքա՞ն է կազմում նվազագույն ամսական աշխատավարձն ու ինչպե՞ս է հաշվարկվում
Պատասխան․ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձը 2020 թվականից կազմում է 68,000 ՀՀ դրամ, նախկինում՝ 55,000 ՀՀ դրամի փոխարեն։ Նույն օրենքի կարգավորումների համաձայն՝ Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվել է`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:»:
Միաժամանակ հարկ է նշել, որ վերը թվարկված նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Հարց 14․ Ի՞նչպես աշխատողը պաշտպանի իր իրավունքները, եթե գործատուն ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել
Պատասխան․ Գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազատել իր նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված հիմքերով: Այս դեպքում, գործատուն պարտավոր է նաև ծանուցել աշխատողին աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում:
Ինչ վերաբերում է «ստիպելուն», ապա գործատուն նման իրավունք չունի, վերջինս կարող է աշխատողին աշխատանքից ազատելու միայն օրինական հիմքերի առկայության դեպքում։ Հավելենք նաև, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելու որոշումը, որի հետ աշխատողը համաձայն չէ, կարող է բողոքարկվել դատական կարգով։
Հարց 15․ Ի՞նչ է պարապուրդը և ինչպե՞ս է աշխատողը վճարվելու, եթե աշխատանքային օրերին գտնվել է ինքնամեկուսացման կամ մեկուսացման մեջ, և արդյո՞ք աշխատավարձը վճարվում է ֆորա-մաժորային իրավիճակում։
Պատասխան․ Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդված 1-ին կետի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում: Նման իրավիճակում, երբ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, այն դիտարկվում է որպես անհաղթահարելի ուժ, և գործատուն իրավունք ունի չվճարել աշխատողին աշխատավարձ։ Այդուհանդերձ, կախված աշխատանքի բնույթից, պետք է պարզել, թե արդյո՞ք գործատուն չէր կարող աշխատանքների կատարումը ապահովել հեռավար կարգով՝ միաժամանակ ապահովելով աշխատողների աշխատանքային ՛ծանրաբեռնվածությունն ու աշխատավարձ ստանալու հնարավորությունը։ Նաև պետք է ուշադրություն դարձնել գործատուի և աշխատողի միջև կնքնված աշխատանքային պայմանագրին, հասկանալու համար, թե վերջիններիս հարաբերությունների վրա ինչ կերպ կարող է ազդել ֆորս-մաժորային (անհաղթահարելի ուժ) իրավիճակը։
Հարց 16․ Ո՞րն է համարվում օրավճարով աշխատանքը
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը «օրավճարով աշխատանք» հասկացություն չի սահմանել։ Փոխարենը նախատեսվում է աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափեր։ Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածն սահմանում է, որ գործատու աշխատող հարաբերությունները կարող են կարգավորվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով, որում սահմանվում է աշխատանքի սկիզբն ու ավարտը։ Այսպիսով, եթե կոնկրետ աշխատանքի կատարումը ենթադրում է որոշակի օրեր, ապա կողմերը կարող ենք կնքել քաղաքացիրավական պայմանագիր, որի շրջանակներում աշխատանքի կատարման ժամկետը կարող է նախատեսվել օրերով, իսկ վճարումը՝ օրավարձով։
Հարց 17․ Ի՞նչ իրավունքներ ունի քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող անձը
Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները:
Հարկավոր է նշել, որ քաղաքացիաիրավական պայմանագրում պետք է սահմանվի կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների ցանկը։ Աշխատանքի արդյունքի կատարումը վավերացվում է կողմերի միջև կնքվող հանձնման-ընդունման ակտով։ Կարևորը աշխատանքի արդյունքն է, ոչ թե գործընթացը։ Պայմանագրում սահմանվում են աշխատանքի մեկնարկի ու ավարտի ամսաթվերը, և Կատարողը ինքնուրույն է որոշում, թե ինչ գրաֆիկով է աշխատելու։ Վարձատրության չափը, պայմանները (օրինակ կանխավճար և վերջնական վճարում՝ հանձնման-ընդունման ակտը երկկողմանի ստորագրելուց հետո) սահմանվում է պայմանագրով։ Պատվիրատուն պարտավոր է կատարել օրենքով սահմանված պահումները (եկամտային հարկ, կենսաթոշակային հատկացումներ, դրոշմանիշային վճար) պայմանագրով սահմանված վճարից։ Պահումները կատարվում են վճարման ամսում։ Այս տեսակի պայմանագրերը պետք է ունենան կատարման հստակ ժամկետներ։ Պատվիրատուն՝ օրենքի և պայմանագրի (եթե պայմանագրում կարգավորված է հիշյալ հարցը, չկարգավորվման դեպքում պայմանագրի լուծումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով) համաձայն իրավունքի ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես ծանուցելով Կատարողին։
Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում Կատարողը չի օգտվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված երաշխիքներից, ինչպիսիք են՝ վճարովի ամենամյա նվազագույն արձակուրդը, արձակուրդի այլ տեսակները, անաշխատունակության և օրենսդրությամբ սահմանված այլ նպաստները, արտաժամյա, հանգստյան և տոնական օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրության կազմակերպումը, աշխատաժամանակի առավելագույն տևողության սահմանափակումները և այլն:
Հարց 18․ Տարեսկզբից հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր կրթական ոլորտում։ Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով դպրոցներում դասապրոցեսի հեռահար ուսուցմամբ պայմանավորված՝ անժամկետ դադարեցրել եմ գործունեությունս։ Այս պայմաններում կարո՞ղ եմ ստանալ փոխհատուցո՞ւմ
Պատասխան․ ՀՀ կառավարության 30.03.2020թ. թիվ 412-Լ որոշման համաձայն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝
- Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- Հանրային սննդի ծառայություններ,
- Զբոսաշրջային ծառայություններ,
- Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված ոլորտներում Ձեր կողմից նշված գործունեությունը նախատեսված չէ որպես տուժած ոլորտ, հետևապես՝ որպես անհատ ձեռնարկատեր այս ծրագրով նախատեսված աջակցությունից չեք կարող օգտվել:
ԲԱԺԻՆ 2․ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՄՓՈՓ
ՀՀ կառավարությունը ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 10 ծրագիր։ Ստորև ներկայացվում են հանրությանը սոցիալական աջակցություն տրամադրելու հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ հիմնական հարցադրումները։
Հակաճգնաժամային ծրագիր թիվ 4
Հարց 1․ Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը`
- երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.
- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել.
- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.
- միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով, 100 000 դրամի չափով` յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:
Հարց 2․ Ովքե՞ր չեն կարող օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ ծրագրից։
Պատասխան․ Չորրորդ ծրագրով հատկացվող աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնց դեպքում`
- աշխատանքից ազատված ծնողի` աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.
- աշխատանքից ազատված ծնողն անցել է մեկ այլ աշխատանքի 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:
- աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող ծնողը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:
- ընտանիքում առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 09-ի N 500 –Լ որոշմամբ սահմանված տասներորդ միջոցառման շահառու։
Հարց 3․ Ինչպե՞ս դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ ծրագրից աջակցություն ստանալու համար։
Պատասխան․ Նշված ծրագրի շահառու լինելու պետք է անցնել համապատասխանության ստուգում։ Ստուգումը իրականացնելու համար հարկավոր է․
- մուտք գործել https://dimum.ssa.am/ կայքէջ,
- սեղմել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ միջոցառում» պատուհանը,
- սեղմել «Ծրագրի շահառուներ» պատուհանը,
- լրացնել Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, հանրային ծառայության համարանիշ),
- սեղմել «Որոնել» կոճակը։
Հիմք ընդունելով Ձեր նշած տվյալները, համակարգը ավտոմատ եղանակով կորոշի՝ արդյո՞ք Դուք հանդիսանում եք տվյալ ծրագրի Շահառու, թե՝ ոչ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ ծրագիրը ամբողջությամբ հասանելի է այստեղ․https://www.e-gov.am/gov-decrees/item/33626/
Հակաճգնաժամային ծրագիր թիվ 6
Հարց 1․ Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․ Միջոցառման շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների) անընդմեջ, առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափն է՝ 68,000 ՀՀ դրամը։
Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատմանհայտի ամսաթիվը։
Հարց 2․ Ովքե՞ր չեն կարող օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ ծրագրից։
Պատասխան․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ ծրագրով տրամադրվող աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
- ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
- ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
- 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
- ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 09-ի N 500-Լ որոշմամբ սահմանված չորրորդ և տասներորդ միջոցառման շահառու է հանդիսացել։
Հարց 3․ Ինչպե՞ս դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ ծրագրից աջակցություն ստանալու համար։
Պատասխան․ Նշված ծրագրի շահառու լինելու պետք է անցնել համապատասխանության ստուգում։ Ստուգումը իրականացնելու համար հարկավոր է․
- մուտք գործել https://dimum.ssa.am/ կայքէջ,
- սեղմել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառում» պատուհանը,
- սեղմել «Ծրագրի շահառուներ» պատուհանը,
- լրացնել Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, հանրային ծառայության համարանիշ),
- սեղմել «Որոնել» կոճակը։
իմք ընդունելով Ձեր նշած տվյալները, համակարգը ավտոմատ եղանակով կորոշի՝ արդյո՞ք Դուք հանդիսանում եք տվյալ ծրագրի Շահառու, թե՝ ոչ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ ծրագիրը ամբողջությամբ հասանելի է այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/33670/
Հակաճգնաժամային ծրագիր թիվ 7
Հարց 1․ Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․ Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում բժշկական կազմակերպությունում որպես հղի հաշվառված կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող), անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և չունի ամուսին (չունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է):
Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ միանվագ դրամական վճարի ձևով, 100 000 ՀՀ դրամի չափով։
Հարց 3․ Ինչպե՞ս դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ ծրագրից աջակցություն ստանալու համար։
Պատասխան․ Նշված ծրագրի շահառու լինելու պետք է անցնել համապատասխանության ստուգում։ Ստուգումը իրականացնելու համար հարկավոր է․
- մուտք գործել https://dimum.ssa.am կայքէջ,
- սեղմել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում» պատուհանը,
- սեղմել «Ծրագրի շահառուներ» պատուհանը,
- լրացնել Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, հանրային ծառայության համարանիշ),
- սեղմել «Որոնել» կոճակը։
Հիմք ընդունելով Ձեր նշած տվյալները, համակարգը ավտոմատ եղանակով կորոշի՝ արդյո՞ք Դուք հանդիսանում եք տվյալ ծրագրի Շահառու, թե՝ ոչ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ ծրագիրը ամբողջությամբ հասանելի է այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/33671/
Հակաճգնաժամային ծրագիր թիվ 8
Հարց 1․ Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների (այսուհետ՝ Տուժած ոլորտ) վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Շահառու): Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ հետևյալ չափերով՝
- եթե վարձու աշխատողի 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի (68.000 ՀՀ դրամ) չափը, ապա վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի (68.000 ՀՀ դրամ) չափը և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136.000 ՀՀ դրամ)։
- եթե վարձու աշխատողի 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի (68.000 ՀՀ դրամ) չափից, ապա վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով։
- անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի (136.000 ՀՀ դրամ) չափով։
Հարց 2․ Ովքե՞ր չեն կարող օգտվել կորոնոավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ ծրագրից։
Պատասխան․Կորոնոավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ ծրագրով նախատեսված աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 09-ի N 500-Լ որոշմամբ սահմանված տասներորդ միջոցառման շահառու։
Հարց 3․ Ինչպե՞ս դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ ծրագրից աջակցություն ստանալու համար։
Պատասխան․ Նշված ծրագրի շահառու լինելու պետք է անցնել համապատասխանության ստուգում։ Ստուգումը իրականացնելու համար հարկավոր է․
- մուտք գործել https://dimum.ssa.am կայքէջ,
- սեղմել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառում» պատուհանը,
- սեղմել «Ծրագրի շահառուներ» պատուհանը,
- լրացնել Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, հանրային ծառայության համարանիշ),
- սեղմել «Որոնել» կոճակը։
Հիմք ընդունելով Ձեր նշած տվյալները, համակարգը ավտոմատ եղանակով կորոշի՝ արդյո՞ք Դուք հանդիսանում եք տվյալ ծրագրի Շահառու, թե՝ ոչ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ ծրագիրը ամբողջությամբ հասանելի է այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/33672/
Հակաճգնաժամային ծրագիր թիվ 9
Հարց 1․ Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․ Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Հարց 2․ Ովքե՞ր չեն հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու՝
- եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
- երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.00-ից.
- երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
- եթե հանդիսացել է (հանդիսանում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 09-ի N 500-Լ որոշմամբ սահմանված տասներորդ միջոցառման շահառու:
Հարց 3․ Ինչպե՞ս դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ ծրագրից աջակցություն ստանալու համար։
Պատասխան․ Նշված ծրագրի շահառու լինելու պետք է անցնել համապատասխանության ստուգում։ Ստուգումը իրականացնելու համար հարկավոր է․
- մուտք գործել https://dimum.ssa.am/ կայքէջ,
- սեղմել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում» պատուհանը,
- սեղմել «Ծրագրի շահառուներ» պատուհանը,
- լրացնել Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, ՀԾՀ),
- սեղմել «Որոնել» կոճակը։
Հիմք ընդունելով Ձեր նշած տվյալները, համակարգը ավտոմատ եղանակով կորոշի՝ արդյո՞ք Դուք հանդիսանում եք տվյալ ծրագրի Շահառու, թե ոչ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ ծրագիրը ամբողջությամբ հասանելի է այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/33694/
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ ծրագրով միանվագ աջակցության տրամադրման կարգը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/04/536-%D4%BC.pdf
Հակաճգնաժամային ծրագիր թիվ 10
Հարց 1․ Ովքե՞ր են հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`
- 2019 թվականին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
- 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
- 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետում նշված դեպքերի։
Անկախ սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված դրույթների, շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով, եթե՝
- շահառու անձինք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն.
- հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։
Շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։
Հարց 2․ Ովքե՞ր չեն հանդիսանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ ծրագրի շահառուներ։
Պատասխան․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ ծրագրով սհամանված աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
- ում կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.
- ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.
- ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ, մարտի 30-ի N 410-Լ, մարտի 30-ի N 412-Լ և ապրիլի 2-ի N 427 –Լ որոշումներով սահմանված (չորրորդ, վեցերորդ, ութերորդ և իններորդ) որևէ միջոցառման շահառու։
Հարց 3․ Ինչպե՞ս դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ ծրագրից աջակցություն ստանալու համար։
Պատասխան․ Նշված ծրագրի շահառու լինելու պետք է անցնել համապատասխանության ստուգում։ Ստուգումը իրականացնելու համար հարկավոր է․
- մուտք գործել https://dimum.ssa.am/ կայքէջ,
- սեղմել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառում» պատուհանը,
- սեղմել «Ծրագրի շահառուներ» պատուհանը,
- լրացնել Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, ՀԾՀ),
- սեղմել «Որոնել» կոճակը։
Հիմք ընդունելով Ձեր նշած տվյալները, համակարգը ավտոմատ եղանակով կորոշի՝ արդյո՞ք Դուք հանդիսանում եք տվյալ ծրագրի Շահառու, թե՝ ոչ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասերորդ ծրագիրը ամբողջությամբ հասանելի է այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/33767/