Եվրոպական միությունը խոշոր ֆինանսավորում է կատարում՝ զարգացնելու համար Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Այդ նպատակով այսօր կնքվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:
Պայմանագիրը մի կողմից ստորագրեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը, մյուս կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Ծրագիրն իրականացվելու է մի շարք կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, մասնակիցներն են՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը: Կոնսորցիումի ղեկավարումը իրականացնելու է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել ՔՀԿ-ների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը կունենա դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը, տեղական ինքնակառավարումը և այլն, ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2,2 մլն եվրո է, որից ԵՄ ֆինանսական ներդրումը 2 մլն եվրո է: