Կստեղծվի աշխատանքային խումբ` ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակելու համար. Կարեն Զադոյան

Սույն թվականի փետրվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի համալրված կազմով առաջին նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը, բարվարքության ուսումնասիրություններին, կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը վերաբերող և այլ հարցեր:

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ընթացքում խորհրդի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հարց է բարձրացրել ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, քանի որ նախկին` ՀՀ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը ավարտվել էր 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ին: Կարեն Զադոյանը առաջարկել է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը մշակել  Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությամբ սահմանված Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը, նախագծումն ու բովանդակությունը,  մշտադիտարկումն ու գնահատումը սահմանող միջազգային հանրաճանաչ սկզբունքների հիման վրա: Կարեն Զադոյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին հորդորել է արկղից դուրս մտածողություն ցուցաբերել և նոր ռազմավարության գործունեության ժամկետը սահմանել 10 տարի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ խորհրդի նիստում որոշում է կայացվել, ՀՀ արդարադատության նախարարի կողմից, ներառական սկզբունքներով ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակելու համար: Ռազմավարության մշակման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023թ.-ի հուլիսի 1-ը: 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը անդրադարձ է կատարել նաև հակակոռուպցիոն կրթությանը:  Ըստ նրա՝ նոր ռազմավարությամբ անհրաժեշտ է ներկայացնել համակարգային, մաշտաբային և իրատեսական հակակոռուպցիոն կրթության ծրագիր` քաղաքացիների հակակոռուպցիոն ընկալման մակարդակը բարձրացնելու և հակակոռուպցիոն պայքարում քաղաքացիներին հիմնական դերակատար դարձնելու նպատակով:   

Հիշեցնենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից 2022թ.-ին հրապարակվել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման վերաբերյալ զեկույցը, որում ներառվել են առաջարկներ առաջիկա՝ նոր ռազմավարության շրջանակներում ներառելու նպատակով: