Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 8-րդ հոսքի` 2022 թվականի ընդունելություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման, տնտեսագիտական և այլ ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 30 տարեկան շրջանավարտները:

Հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումը կկազմակերպվի հետևյալ փուլերով.

ա/ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ, որի ընթացքում դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:

բ/ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ, որի ընթացքում դպրոցի առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի  «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից: 

գ/ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ, որի ընթացքում դպրոցի խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։

դ/ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ, որի ընթացքում դպրոցի պրակտիկ հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:

ե/ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ, որի ընթացքում դպրոցի պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները, 2022 թվականի դեկտեմբերի 9-ին` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները: Դպրոցի ԲՈԼՈՐ ՀԻՆԳ ՓՈՒԼԵՐԸ հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ:

Դպրոցում կդասավանդեն ոլորտի հայտնի փորձագետներ` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև պատկան մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի այլ դերակատարներ: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ, ուսումնասիրություններ ու խմբային քննարկումներ, ինչպես անհատական հետազոտություններ, որոնք Դպրոցի օժանդակությամբ կտարածվեն, կհրապարակվեն և կներկայացվեն հանրային քննարկումների։

Ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը՝ լրացնելով անհրաժեշտ ձևաթուղթը՝ մինչև 2022թ.-ի հունիսի 20-ը, ժամը 23:59-ը: Ունկնդիրների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով ներկայացված դիմում-հայտերի վրա։ Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած դիմորդները կարող են հավակնել սովորելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը անցկացվելու է 2022 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ: Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչները կտրամադրեն տեղեկանք՝ ուսման և/կամ աշխատանքի վայր ներկայացնելու համար:

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝

  1. Սուրճ/թեյի ընդմիջումները,
  2. Դասընթացի հետ կապված նյութերը,
  3. Արտագնա դասընթացի ճանապարհածախսը, գիշերակացն ու սնունդը:

Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական առցանց լրատվական կայքը:

Առաջարկում ենք նաև ծանոթանալ մեր Դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին այստեղ՝