Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թ. հոսքի փակման արարողությունը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դպրոցի շրջանավարտներին ոչ միայն տեսական գիտելիքներ են տրվել, այլև երիտասարդները ծանոթացել են հակակոռուպցոին գործիքներին ու դրանց իրականացման նրբություններին: «Պատրաստի հակակոռուպցիոն հարցերով մասնագետներ են արդեն»,-նշեց Կարեն Զադոյանը:
8 երիտասարդներ ներկայացրեցին զեկույցներ՝ հակակոռուպցիոն ոլորտում իրենց կողմից կատարված հետազոտությունների վերաբերյալ: Նրանք խոսեցին «Գողացված ակտիվների վերադարձման հնարավորությունները Հայաստանում», «Ազդարարման համակարգը Հայաստանում. առկա խնդիրները և զարգացման միտումները», «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում», «Անկախ հակակոռուպցիոն մարմնի հզորության միջազգային չափորոշիչները» թեմաներով:
Դպրոցի շրջանավարտ Գոռ Բադալյանի խոսքով, շուրջ մեկ տարի տևած ուսուցումները նոր գիտելիքներ ու հմտություններ է տվել շրջանավարտներին: «Դպրոց, որը ձևավորում է քաղաքական կամք, արդարամտություն, սկզբունքայնություն, պայքարելու մի երևույթի դեմ, որը իր խորը արմատներն է գցել երկրի տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացման բոլոր ոլորտներում։ Եվս մեկ հոսք զինվեց այն գործիքակազմով, որը պետք է ուղղի կոռուպցիայի դեմ պայքարում»,-նշում է նա։