«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի ընկերներ,
ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (նախկինում անվանումը՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ) գործունեության տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն)։ Հաշվետվությունում ամփոփ ներկայացված են կառույցի 2016թ. գործունեությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, տարեկան ֆինանսական արդյունքները: Մեզ համար խիստ կարևոր է կառույցի գործունեության բարեխղճության, թափանցիկության ու հաշվետվողականնության սկզբունքների պահպանումը մեր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև, ուստի մենք հանրայնացնում ենք յուրաքանչյուր տարվա հաշվետվություն:
2016թ. հագեցած տարի էր մեզ համար: Պետք է նշել, որ տարվա ընթացքում ԻՀԱ-ն իրականացրել է տարբեր ծրագրեր, համագործակցել ՀՀ պետական մարմինների հետ, մասնակցել ՀՀ ռազմավարական մի շարք փաստաթղթերի՝ հասարակական մշտադիտարկման գործընթացին, հանրային վերահսկողությանը, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացրել կոռուպցիայի դեմ պայքար, և իր աշխատանքների շնորհիվ հասարակության և իրավական հանրության շրջանակներում ուրույն տեղ է զբաղեցնում։
ԻՀԱ-ի կողմից հիմնված Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը հասարակության և մասնագիտական լսարանում դարձել է էլ ավելի պահանջված հարթակ հանրային հնչեղություն ունեցող գործերի և իրավական թեմաների քննարկման համար:
Առանձնահատուկ պետք է նշեմ, որ ԻՀԱ-ի բոլոր ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում բացառապես ԻՀԱ-ի միասնական թիմի՝ Երևանի և մարզերի անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահառուների, գործընկերների ու դոնորների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մեր համատեղ աշխատանքը գնահատվում է և հանգեցնում ցանկալի արդյունքների, ինչը ոգևորում է մեզ՝ շարունակելու աշխատել և ստեղծագործել մեծ եռանդով:
Հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով՝
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995թ. Երևանում: 21 տարիների գործունեության ընթացքում ԻՀԱ-ն վայելում է հասարակության բարձր գնահատանքն ու վստահությունը, կայացած կառույց է ՀՀ իրավական և քաղաքացիական հասարակության դաշտում: Ունենալով հստակ առաքելություն և արժեքներ՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների՝ ներառյալ սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումը, արդարադատության և այլ թիրախային ոլորտների բարեփոխումներին աջակցությունը, իրավաբանների զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը։
ԻՀԱ-ն կարճ ժամանակում գործնական կապեր հաստատեց մի շարք պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, իրականացրեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված կազմակերպության հիմնական ուղղությունների իրագործմանը: Հատկանշական էր, որ ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների: Ներկայումս ԻՀԱ-ն ունի 5 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
2010թ. ԻՀԱ-ն գործարկում է նաև Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը (այսուհետ՝ Ցանց): 2013 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ը որոշեց վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, ինչի արդյունքում 2014թ. փետրվարի 1-ից Ցանցը համախմբվեց, և հասարակական հիմունքներով գործարկվեցին հակակոռուպցիոն կենտրոններ։ Դրանք ներկայումս տեղակայված են Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
ԻՀԱ-ն ամեն տարի թարմացնում է իր իրավաբանական գրադարանը, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ԻՀԱ-ն գործարկում է եռալեզու պաշտոնական վեբ կայք՝ www.armla.am, իսկ Ցանցի պաշտոնական կայքն է՝ www.aac.am:
2016թ. հասանելիության բարձր ցուցանիշներով գործարկվել է www.iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը հայերեն և անգլերեն լեզուներով՝ ունենալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շուրջ 150.000 հետևորդ:
- ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ
- ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
- ԻՀԱ-ի արժեքներն են՝
- Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ,
- Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն,
- Մարդու պաշտպանված իրավունքներ,
- Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ,
- Հզոր քաղաքացիական հասարակություն:
- ԻՀԱ-ի թիմը։
ԻՀԱ-ի հաջողության գրավականը նրա թիմն է։ Արհեստավարժ մասնագետները, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մարզամշակութային միջոցառումներ: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ԻՀԱ-ն մշտապես ջանում է ընդլայնել իր համախոհների և գործընկերների շրջանակը՝ դրան զուգահեռ շարունակելով սերտ համագործակցությունը իր վաղեմի գործընկերների հետ: Ընթացիկ տարում կազմակերպությունն իրականացնելով տարաբնույթ հակակոռուպցիոն և մասնագիտական միջոցառումներ, ձեռք է բերել նոր գործընկերներ ևս, որոնց շարքում են տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններ, պետական մարմիններ, բիզնես կառույցներ:
- Ուրախալի է նշել, որ տարին եզրափակվեց նոր համագործակցությունների ձեռքբերմամբ։ Մասնավորապես, 2016թ. դեկտեմբերի 16-ին մեկնարկեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ: Ծրագիրը տևելու է 10 ամիս: Հիմնական նպատակն է մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար: Նախատեսվում է ուժեղացնել կառավարություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (whistleblowers) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը։
- Ինչես նաև, նույն օրը՝ 2016թ. դեկտեմբերի 16-ին, հիմք դրվեց երեքտարյա տևողությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը։ Այն իրականացվում է ԻՀԱ-ի կողմից` գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
- Տրվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործարկվող «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագրի մեկնարկը։ Այն իրականացվում է ԻՀԱ-ի կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը տևելու է 4 ամիս: Ծրագրի հիմնական նպատակներն են սննդի անվտանգության ոլորտում հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների և այլ կազմակերպությունների (անձանց) գործունեության լուսաբանման և լրագրողական հետաքննությունների միջոցով վեր հանել առկա խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը` ապահովելով թափանցիկությունն և հասարակության տեղեկացվածությունը, ինչպես նաև իրավաբան-փորձագետի կողմից «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի ուսումնասիրման և միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանեցման միջոցով կազմել զեկույց` շեշտադրելով կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումը:
- Համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ։ 2016թ. դեկտեմբերի 2-3-ը Վրաստանի Բորժոմի քաղաքում կայացավ «Իրավական իրազեկման արշավների համար հաղորդակցման ռազմավարություններ» (Communication Strategies for Legal Awareness Campaigns) թեմայով կլոր սեղան և ուսուցում, որը Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչների համար կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ): ԻՀԱ-ն ևս մասնակցեց և ներկայացրեց ԻՀԱ-ի և Iravaban.net-ի կողմից իրականացվող իրավական իրազեկման փորձը, ինչպես նաև երկրում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների վերջին զարգացումները:
- Համագործակցություն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ։ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համաֆինանսավորում Եվրոպական միության հետ։
- Համագործակցություն Եվրոպական միության հետ։ 2016թ. հունիսի 5-ին տեղի ունեցավ Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը, որին մասնակցում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ երկրների դեսպանները: Ցուցահանդեսին ներկայացված էին 41 տաղավարներ, այդ թվում՝ ԻՀԱ տաղավարը:
- Համագործակցություն ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ։ 2014թ. նոյեմբերի 28-ին շուրջ 70 ՀԿ-ներ Երևանից և ՀՀ մարզերից ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա): Կոալիցիայի նպատակներն են.
- բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
- նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը. նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,
- ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
Կոալիցիայի քարտուղարությունը համակարգում է ԻՀԱ-ն:
2016թ. մայիսի 13-ին Կոալիցիայի համաժողովին որոշվել էր, որ խորհուրդը բաղկացած է լինելու 15 անդամ-կազմակերպությունից՝ Հայաստանի մարզերում գործող 4 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, 3 բիզնես ոլորտի կազմակերպություններից, մեկ՝ ՏՏ ոլորտի կազմակերպությունից, 6՝ հանրապետական նշանակություն ունեցող և երևանյան կազմակերպություններից:
2016թ. մայիսի 26-ին Գյումրիում տեղի ունեցավ Կոալիցիայի մարզային անդամների հանդիպումը։
- Համագործակցություն ՀՀ Կառավարության աշխատակազմի հետ։ Արդյունավետ էր համագործակցությունը հատկապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներպետական օրենսդրության մակարդակով փոփոխությունների իրականացումը։ Մասնավորապես, «Կանանց քվոտայի հարաբերակցությունը նախկինում 20/80-ն էր: Այս ընտրությունների համար նախատեսեցինք 25/75, իսկ 2022 թվականին՝ 30/70-ին»,- խոսելով ԱԺ ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նոր նախագծի դրույթներից, ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Այս գաղափարը մշտապես բարձրաձայնել է ԻՀԱ-ն, որն առաջարկել էր Ընտրական օրենսգրքի նոր նախագծի 84-րդ հոդվածում (մաս 3 և 9) վերանայել կանանց և տղամարդկանց համամասնությունը` դարձնելով այն 30/70 նշված 20/80-իփոխարեն: Ներկայիս կարգավորմամբ կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածությունը պետք է լինի երկրորդ համարից սկսած և 2-6, 6-11 և հաջորդիվ հնգյակներից յուրաքանչյուրում: 70 տոկոս կանանց ներկայացվածություն ապահովելու նպատակով առաջարկվում է հնգյակները դարձնել եռյակներ:
- Համագործակցություն ՀՀ արդարադատության նախարարության հետ։ Առանձնապես կարևոր են այս տարվա ընթացքում ԻՀԱ-Արդարադատության նախարարություն համատեղ կատարված աշխատանքները։ Կառուցողական երկխոսության առկայության պարագայում հանձինս նախարարության, ինչպես նաև կառավարության աշխատակազմի հետ, հնարավոր եղավ ՀՀ քաղաքական օրակարգ մտցնել ԻՀԱ-ի և Կոալիցայի կողմից մշակած ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհային քարտեզը, որը ներառում էր հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգի, ազդարարման և ազդարարների իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման քրեականացման, իրական սեփականատերերի ինստիտուտի վերաբերյալ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի ներդնումը մեր երկրում: Կարճ ժամանակ անց դրանք բոլորը կյանքի կոչվեցին և իրականացան:
- Համագործակցություն ՀՀ դատախազության հետ։ ՀՀ դատախազության և ԻՀԱ-ի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում ԻՀԱ-ն՝ Կոալիցիայի հետ համագործակցությամբ կատարել է ուսումնասիրություն` ուղղված խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելմանը[1]: Աշխատության մեջ վեր են հանվում մի խումբ հիմնախնդիրներ, դրանք վերլուծվում են միջազգային և ներազգային իրավական ակտերի միջոցով: 2016թ․ դեկտեմբերի 16-ին աշխատությունը ԻՀԱ-ն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն։
- Համագործակցություն Պետական եկամուտների կոմիտեի հետ։ «Հարկային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառումը ուղղված էր շահագրգիռ երեք կողմերին՝ պետական մարմնի պատասխանատուներին, տնտեսվարողներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մեկտեղելու, որի արդյունքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, կառուցողական լուծումներ գտնելու ուղիները։
- Համագործակցություն «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ։ 2016թ. օգոստոսի 31-ին ԻՀԱ-ի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» միջև կքնվեց համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է օժանդակել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների, այդ թվում անվտանգության համակարգերի, վեբ կայքերի ստեղծմանը և ներդրմանը։
- Համագործակցություն Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հետ։ 2016թ. հոկտեմբերի 28-ին ԻՀԱ-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է օժանդակել համալսարանում հակակոռուպցիոն և բարեխղճության ուսուցման, հակակոռուպցիոն մեխանիզմների մշակման և ներդրման ոլորտներում իրականացվող աշխատանքներին, նպաստել կեռուպցիայի դեմ պայքարում աշխատողների և ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությանը։
- Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ)
2016թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԻՀԱ և ՀԲԸՄ ներկայացուցիչների հանդիպումները: Այս երկու կազմակերպությունները իրենց գործընկերների հետ միասին Եվրոպական միության աջակցությամբ իրականացնելու են երկու խոշոր ծրագրեր։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին սեփական կազմակերպությունները և Եվրոպական միության կողմից ստացած դրամաշնորհների շրջանակներում կատարվելիք աշխատանքները: Մասնակիցները պայմանավորվեցին աշխատանքային հանդիպումներ իրականացնել՝ նախանշելով հետագա անելիքները և համագործակցության քայլերը: - Համագործակցություն ԶԼՄ-ների հետ։
- Inet,
- CivilNet, հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://armla.am/31459.html.
- ԻՀԱ–ԻԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Կոռուպցիայի դեմ պայքար։ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի[2] (սույն կետում՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվել են ստորև ներկայացված միջոցառումները.
- Շարունակելով Ծրագրի իրականացումը՝ ակտիվ գործել են պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակը և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերը։
- Մասնավորապես, «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումներ տեղի ունեցան՝ նվիրված ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտին։ Հանդիպումների ժամանակ ներկա էին գործադիր մարմնի, ուժային կառույցների և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ Հանդիպումների ժամանակ ԻՀԱ փորձագետները ներկայացրեցին ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտի վերաբերյալ միջազգային փորձը, դրա հաջողված և ձախողված երկրների փորձը, ներպետական օրենսդրական մակարդակում առկա խնդիրները, ինչպես նաև ՀՀ-ում ապօրինի հասրտացման հոդվածի քրեականացման համար գործող նախադրյալները։
- 2016թ. մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն առաջին համաժողովը, որի ժամանակ ներկայացվեց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի ներդրման հնարավորությունն ու այդ հարցում համագործակցության հնարավորությունները, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ երկու համակարգերը։ Նշվեց, որ էական է նաև հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառնություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի հիմնումը, որը վերահսկողություն կիրականացնի հակակոռուպցիոն մարմնի գործունեության նկատմամբ։
- 2016թ. մայիսի 26-ին Գյումրիում տեղի ունեցավ «Մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառումը, որին ներկա էին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, Կոալիցիայի անդամները, պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ներկայացվեց մաքսային ոլորտում կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ մեխանիզմների կիրառման միջազգային փորձը, մաքսային ոլորտում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման նպատակով ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորությունն ու հեռանկարները։
- 2016թ. մայիսի 31-ին մեկնարկեց «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովը, որին մասնակցում էին 50 անձիք: Այս աշխատաժողովի իրականացնողները ԻՀԱ-ն ու Կոալիցիան էին, գործընկերները` Արդարադատության նախարարությունը և Իմֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը համաֆինանսավորվում էր «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից։
- 2016թ. հունիսի 1-ին կայացավ Երևանում «Հակակոռուպցիոն կրթության և բարեվարքության ամրապնդման մշտադիտարկում ՀՀ բուհերում» զեկույցի քննարկումը։ Երկու ամսվա ընթացքում իմի են բերվել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությունը ՀՀ 9 բուհերում, որից 7-ը պետական, երկուսը՝ մասնավոր։
- 2016թ. հունիսի 9-ին կայացավ «Հարկային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառումը, որի ժամանակ եղան զեկույցներ հարկային ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ, հնչեցին մասնակիցների ելույթներն ու հարցերը: Առաջնային խնդիրներից մեկը վերաբերում է հարկային տեսուչ և տնտեսվարող փոխահարաբերություններին: Ահազանգներ կան այն մասին, որ հաճախ հավաքագրվում են թաքնված վճարներ, բողոքներ են լինում ՊԵԿ քննչական մարմնի աշխատակիցների գործելակերպից, խնդիրներ կան խոշոր տնտեսվարողների և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների փաստաթղթաշրջանառության դեպքերում: Երբեմն սուպերմարկետները պահանջում են ՓՄՁ-ներից առանց օրինական փաստաթղթերի ձևակերպել ապրանքի մատակարարումը:
- 2016թ. հունիսի 15-ին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստն էր։ Օրակարգի առաջին հարցով ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի և աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները: Խմբում ընդգրկված են եղել Արդարադատության նախարարության, ՔՀԿ-ների, Կոալիցիայի ներկայացուցիչներ: Խորհրդի անդամներին ներկայացված զեկույցում հանգամանալից անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման միջազգային փորձին և միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը: Բոլոր առաջարկները, որոնք առաջնային են համարվել գործադիրի կողմից, արվել են Կոալիցիայի և ԻՀԱ-ի կողմից։
- 2016թ. հունիսի 16-ին Արարատի մարզում «Կոռուպցիոն ռիսկերը ոստիկանության ոլորտում՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով» հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ։ Միջոցառմանը ներկա էին Արարատի քաղաքապետը, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը, Կոալիցիայի փորձագետները, անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչներ։ Քննարկվեց Ոստիկանության ոլորտում՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերները և օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերը։
- 2016թ. հունիսի 24-ին Գավառում կազմակերպվեց «Ազատ մրցակցության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառումը, որի ժամանակ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը նշեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացվել են առաջարկություններ կարևորագույն երեք ինստիտուտների ներդրման վերաբերյալ, որոնք ուղղված են պետության ներսում կոռուպցիոն պայքարը առավելապես արդյունավետ դարձնելուն: Խոսքը վերաբերում է պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի հրապարակայնացմանը, ապօրինի հարստացման քրեականացմանը և հակակոռուպցիոն անկախ մարմնի հիմնադրմանը: Այս երեք ինստիտուտների ներդրման ուղղությամբ այժմ մշակվում են օրենսդրական նախագծեր, որոնք, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովին կներկայացվեն այս տարվա սեպտեմբերին»:
- 2016թ. հուլիսի 15-ին Կապանում անցկացվեց «Պետական գնումների և պետական գույքի մասնավորեցման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» թեմայով հակակոռուպցիոն միջոցառումը։
- 2016թ. հուլիսի 22-ին Գյումրիում տեղի ունեցավ «ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերը» խորագրով հակակոռուպցիոն միջոցառում, որին ներկա էին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքի ղեկավարներ և այլ շահագրգիռ կողմեր։ Մարզետն իր խոսքում էապես կարևորեց նման միջոցառումները և նշեց, որ կառուպցիայի դեմ պայքարի նման հետողականությունն արդեն իսկ զգուշացնում է որոշ չինովնիկներին խուսափել պաշտոնեական դիրքի չարաշահումներ կատարելուց:
- 2016թ. հուլիսի 29-ին Վանաձորում տեղի ունեցավ հակակոռուպցիոն միջոցառումը, որին ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատու Ալեսանդրո Զանոտտան։ Ամփոփվեցին «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ենթածրագրի արդյունքները Ծրագրի փոքր դրամաշնորհային ենթածրագրերի շրջանակներում։
- 2016թ. սեպտեմբերի 10-ին Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդրանիկ նիստին քննարկվեցին հակակոռուպցիոն լայնածավալ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթը, որը վերաբերում էր հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանը, ապօրինի հարստացման քրեականացմանն ու պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանին՝ օրենսդրական այս փաթեթի մշակման հարցում էապես աջակցության համար:
- 2016թ. սեպտեմբերի 28-ին Գավառում կայացավ առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հակակոռուպցիոն միջոցառումը։ Միջոցառման ժամանակ տեղական և միջազգային փորձագետները ներկայացրեցին զեկույցներ առողջապահության ոլորտում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների, առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ու վերացմանն ուղված քայլերի վերաբերյալ:
- 2016թ. հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրման համակարգի թափանցիկության բարելավման խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» հակակոռուպցիոն միջոցառումը։
- 2016թ. հոկտեմբերի 20-ին Արարատում կայացել է աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվեց բիզնես տարբեր բնագավառներում լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու հետ կապված առկա կոռուպցիոն ռիսկերը։
- 2016թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» թեմայով ամփոփիչ աշխատաժողովը։
- 2016թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը՝ նվիրված հակակոռուպցիոն մարմնի մասով քննարկումներին, որին մասնակցում էին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, իրավաբան-փորձագետ Մարիամ Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի փորձագետ Տաթև Սարուխանյանը և այլոք։ Սուրեն Քրմոյանը նշեց, որ գերատեսչությունը մշակում է համապատասխան իրավական ակտերը, փորձելու են հնարավոր քայլերը ձեռնարկել, որ հակակոռուպցիոն մարմինն օժտված լինի անկախությամբ։
- 2016թ. դեկտեմբերի 9-ին կայացավ հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Արդարադատության նախարարը, պետական մարմինների, ՔՀԿ-ների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ: Հանձվեցին հակակոռուպցիոն մրցանակներ այս տարի կոռուպցիայի դեմ իրենց պայքարով աչքի ընկած քաղաքացիներին ու կազմակերպություններին: Մրցանակները հանձնվեցին «Տարվա քաղաքացի», «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն», «Տարվա լրագրող», «Տարվա ԶԼՄ», «Տարվա բիզնես կազմակերպություն», «Տարվա երիտասարդ» անվանակարգերում։ Այնուհետև ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը համագործակցության և աջակցության համար շնորհակալագրեր գործընկեր նախարարությունների, միջազգային և Կոալիցայի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
- Ծրագրի շրջանակներում կայացավ «Երիտասարդություն-բիզնես-կառավարություն» Հակակոռուպցիոն աշխատաժողովը, որին մասնակցում էին դպրոցականներ ու ուսանողներ: Սեմինարի ընթացքում ոլորտի մասնագետները, պետական ու մասնավոր սեկտորների ներկայացուցիչները վերջին երեք օրերին հանդես եկան տարաբնույթ դասախոսություններով, որոնք առնչվում էին կոռուպցիայի դեմ պայքարին, պետական մարմինների և ՔՀԿ սեկտորի աշխատանքներին այդ դաշտում: ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղիները:Վերջին երեք օրերին աշխատաժողովի շրջանակներում ելույթ ունեցան նաև Նարինե Սարգսյանը, «Ապագան քոնն է» ՀԿ նախագահ և «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը, իրավաբան-փորձագետ Մարիամ Զադոյանը և միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:
- 2016 թ. դեկտեմբերի 30-ին նախագահը ի թիվս այլ օրենքների ստորագրել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքները: Առաջին օրենքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվեց նոր հոդված՝ «Ապօրինի հարստանալը», իսկ երկրորդով՝ ապօրինի հարստացած պաշտոնատար անձանց քրեական գործերի վարույթը վերապահվեց Հատուկ քննչական ծառայությանը: Ապօրինի հարստացման քրեականացումը կարևոր քայլ էր ոչ միայն ԻՀԱ-ի, այլ՝ հասարակության համար։ «ԻՀԱ-ի՝ շուրջ 9 տարվա պայքարի արդյունքում Հակակոռուպցիոն կարևորագույն այս կառուցակարգը՝ ապօրինի հարստացումը, քրեականացվեց ինտենսիվ և համակարգված պայքարի և Կոալիցիայի ներգրավվման արդյունքում։
- Հայաստանում Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ։
- Հայաստանում Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը կազմակերպում է 2000 թվականից՝ ԻՀԱ-ի կողմից: Մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչն է Սյուզաննա Սողոմոնյանը:
- 2016թ. փետրվարի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի թիմը հաղթեց Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի ժամանակ:
- 2016թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում անցկացվեց Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի միջազգային փուլը: Այս տարի մրցույթի միջազգային մրցափուլին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 116 թիմեր: Մրցույթի կազմակերպման հայաստանյան 16 տարիների ընթացքում այս տարի Հայաստանն առաջին անգամ նվաճել է լավագույն հորիզոնականը՝ զբաղեցնելով 37-րդ տեղը՝ 116 երկրների շարքում: Մինչ այս, լավագույն արդյունքը ցույց է տվել Երևանի պետական համալսարանի թիմը 2009 թվականին՝ գրավելով 49-րդ տեղը` չորս խաղից երկուսը հաղթելով, երկուսը` պարտվելով: Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացնող թիմը միջազգային մրցափուլում մրցել է Կոստա Ռիկան, Կիպրոսը, Ավստրալիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմերի հետ, և ունեցել է 3 հաղթանակ, 1 պարտություն: Բացի այդ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թիմի անդամ Մարգարիտա Թովմասյանը ճանաչվել է մրցույթի լավագույն 50 բանախոսներից մեկը՝ ավելի քան 400 բանախոսների շարքում: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թիմի մարզիչներն են Արա Խզմալյանն ու Եղիշե Կիրակոսյանը, իսկ իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավարը` Ադելաիդա Բաղդասարյանը:
- Ապրիլյան քառօրյա պատերազմ։
- 2016թ.ապրիլի 19-ին ԻՀԱ-ն իր կողմից գործարկվող Իրավաբան.net կայքի թիմի հետ՝ ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանի գլխավորությամբ մեկնել է Արցախ, կատարել փաստահավաք աշխատանքներ: Դրան հաջորդվել է հաշվետվությունների հրապարակում։
- Այնուհետև, պատրաստվեց «Ադրբեջանի կատարած իրավախախտումները ԼՂՀ-ում և միջազգային կառույցներին դիմելու հնարավորությունները» զեկույցը։ Զեկույցի անգլերեն տարբերակը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՆԱՏՕ, ԱՊՀ Գործադիր կոմիտե, Եվրոպայի խորհուրդ, Մինսկի խմբի Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ ներկայացչություններին, Human Rights Watch, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան պատվիրակություն, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին։
- ԻՀԱ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2016Թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Գործառնական այլ ծախսեր
Հազ. Դրամ
2016 | 2015 | |
Աշխատավարձ | 74,757 | 84,498 |
Նյութեր | 14 | 0 |
Ապրանքներ | 1,315 | 1,741 |
Վառելիք | 1,601 | 1,771 |
Ծառայությունների մատուցում | 3,995 | 9,747 |
Տուրքեր | 195 | 34 |
Գույքահարկ | 161 | 136 |
Վարձավճարներ | 390 | 1,333 |
Փոստ, հեռահաղորդակցություն | 4,925 | 4,471 |
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր | 22,088 | 1,141 |
Բանկային ծառայություններ | 255 | 53 |
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա | 10,302 | 4,726 |
Գործուղում | 72 | 243 |
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ | 0 | |
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ | 0 | 0 |
Ֆորս մաժոր | 0 | 0 |
գովազդային | 49 | 0 |
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր | 10 | 39 |
Ծախսեր գործընկերներից | 0 | 0 |
Ծախսեր ենթադրամաշնորհներից | 0 | 0 |
Ընդամենը | 120,129 | 109,939 |
ԻՀԱ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
Անուն, Ազգանուն | Պաշտոն |
Կարեն Զադոյան |
ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ |
Արփինե Եղիկյան |
ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար |
Դավիթ Աբգարյան |
ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Նարինե Կարապետյան |
ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Սյուզաննա Սողոմոնյան |
ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Մարատ Ատովմյան |
ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Կարեն Քոչարյան |
ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Երևանի մասնաճյուղ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոն ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից) Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Թեժ գիծ՝ 0 8000 11 10 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1 Հեռախոս (374 322) 2 23 17 Հեռապատճե (374 322) 2 23 17 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2 Հեռախոս (374 312) 5 82 36 Հեռապատճե (374 312) 5 82 36 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ, Գեղարքունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գավառ, Բոշնաղյան 15, բն. 7 Հեռախոս (374 264) 2 55 03 Հեռապատճե (374 264) 2 55 03 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Սյունիքի մարզային մասնաճյուղ, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72 Հեռախոս (374 285) 5 25 11 Հեռապատճե (374 285) 5 25 11 էլ. փոստ [email protected] |
[1] Ուսումնասիրությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://armla.am/wp-content/uploads/2016/12/%D4%BD%D5%B8%D5%B7%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4-FinalVersion-1.pdf
[2] Ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին իրականացված գործունեության մասին տես հետևյալ հղումներով՝ https://armla.am/514.html, https://armla.am/471.html