2015

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,

Արդեն 15-րդ անգամ մեծ սիրով և հպարտությամբ, միաժամանակ նաև մեծ պատասխանատվությամբ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփ ներկայացված է կառույցի 2015 թվականի գործունեությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Իր գործունեության 20 տարիների ընթացքում ՀԵԻԱ-ն մշտապես առաջնորդվել է բարեխղճության արժեքներով: Ուստի, խիստ կարևորելով կառույցի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականնությունն իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև` մենք տպագրում ենք ՀԵԻԱ-ի յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը:

Եվ բնավ էլ պատահական չէ, որ ՀԵԻԱ-ի տարեկան հաշվետվությունն արդեն երկար տարիներ համարվում է կազմակերպության թափանցիկ գործունեության գործիքներից մեկը:

2015 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ն իրականացրել է 4 տարբեր ծրագրեր, ՀՀ կառավարության գործող ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն և լրագրողական հետաքննություն իրականացնելու նպատակով Երևանի և ՀՀ մարզերի ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին տրամադրել է թվով 10 փոքր դրամաշնորհներ, պատրաստել է «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցը, որում տեղ են գտել մի շարք առաջարկություններ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա, որոնք ուղղված են կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց քաղաքականության մասնակցության մակարդակի բաձրացմանը: Հարկ է նշել նաև, որ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին:

Անցող տարվա ընթացքում ՀԵԻԱ-ն հասարակական հիմունքներով գործարկել է հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը: Ցանցի և ՀԵԻԱ-ի մասնաճյուղերի միջոցով տրամադրվել է անվճար իրավաբանական ծառայություններ ՀՀ բնակչությանը: Անվճար իրավաբանական խորհրդատվություն է մատուցվել նաև առցանց տարբերակով՝ Իրավաբան.net կայքին դիմելու միջոցով:

Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը՝ ՀԵԻԱ-ն աշխատել է նաև հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ 2015-2018թթ.-ների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծերի կազմման աշխատանքներում՝ ներկայացնելով ոլորտային վերլուծություններ և առաջարկություններ: Կատարված վերլուծությունները և առաջարկությունները հիմնականում վերաբերում էին Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու, ապօրինի հարստացումը քրեականացնելու, տեղեկատվություն հայտնող անձանց իրավունքների պաշտպանության և խրախուսման մասին օրենքի ընդունման, ինչպես նաև տարբեր կրթական հաստատություններում, հանրային ծառայողների պարտադիր դասընթացների մոդուլներում հակակոռուպցիոն շարունակական կրթության ծրագրերի ընդգրկման հարցերին: Այս ոլորտում հատկանշական էր անցնող տարվա սեպտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև կնքված համատեղ հայտարարությունը՝ Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերի ստեղծման մասին:

Բացի այդ, Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպվել են հակակոռուպցիոն միջոցառումներ, հանրային քննարկումներ են տարվել ՀՀ 2015-2018թթ.-ների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Այնուհետև, միջոցառումների և հանրային քննարկումների արդյունքներն ամփոփվել են և առաջարկությունների տեսքով ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն:

ՀԵԻԱ-ի աշխատանքների շնորհիվ հասարակության և իրավական հանրության շրջանակներում իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀԵԻԱ-ի կողմից հիմնված Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը, որը հասարակության և մասնագիտական լսարանում դարձել է պահանջված հարթակ՝ հանրային հնչեղություն ունեցող գործերի և իրավական թեմաների քննարկման համար:

Անցնող տարի ևս ՀԵԻԱ-ն և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը համատեղ կազմակերպեցին Եվրոպական իրավունքի երրորդ աշնանային դպրոցը: Այդ ժամանակահատվածի կարևոր իրադարձություններից եմ համարում նաև Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադրումը՝ ՀԵԻԱ-ի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերի շնորհիվ:

Առանձնահատուկ կերպով պետք է նշեմ, որ ՀԵԻԱ-ի բոլոր ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում բացառապես ՀԵԻԱ-ի կուռ թիմի՝ անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահառուների, գործընկերների ու դոնորների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում է ցանկալի արդյունք, ինչը ոգևորում է մեզ շարունակել աշխատել և ստեղծագործել մեծ եռանդով:

Հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով՝

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի

նախագահ, փաստաբան  Կարեն Զադոյան

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին, Երևանում: Գործունեության 20 տարիների ընթացքում իր նվիրական աշխատանքների շնորհիվ վայելում է շահառուների, գործընկերների և համակիրների բարձր գնահատանքն ու վստահությունը, ունի իր անգնահատելի տեղը ՀՀ իրավական և քաղաքացիական հասարակության դաշտում:

Հիմնադրման պահից սկսած՝ ունենալով իր ապագայի պատկերը և առաքելությունը, ՀԵԻԱ-ն իր գործունեության միջոցով հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրներն ու հասնում հիմնական նպատակների կյանքի կոչմանը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացմանը, երիտասարդ իրավաբանների զարգացմանը և ժողովրդավարության կայացմանը:

ՀԵԻԱ-ն ստեղծման պահից շատ կարճ ժամանակում գործնական կապեր հաստատեց մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ, իրականացրեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված կազմակերպության հիմնական ուղղությունների իրագործմանը: Հատկանշական էր, որ ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի 5 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: 2010 թվականից ՀԵԻԱ-ն գործարկում է նաև հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը: 2013 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ը որոշում կայացրեց վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, ինչի արդյունքում 2014 թվականի փետրվարի 1-ից Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը համախմբվեցին և հասարակական հիմունքներով գործարկվեցին հակակոռուպցիոն կենտրոններ, որոնք ներկայումս տեղակայված են Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

ՀԵԻԱ-ն ամեն տարի թարմացնում է իր իրավաբանական գրադարանը, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: Կառույցի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am, իսկ Հայաստանում գործող Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է Ցանցի երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.aac.am:

2015թ.-ին օգտակարության բարձր գործակցով շարունակվել է գործարկվել ՀԵԻԱ-ի կողմից հիմնադրված www.iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը, որը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ հանրության շրջանում հայտնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունի ավելի քան 125.000 հետևորդ:

ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների, այդ թվում բնակչության սոցիալապես խոցելի խավերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումը, փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ,  ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐԸ

Կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:

Կազմակերպության արժեքներն են՝

ա) Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.

բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.

գ) Մարդու պաշտպանված իրավունքներ.

դ) Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ.

ե) Հզոր քաղաքացիական հասարակություն:

Ապագայի պատկերը.

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրավունքի ոլորտում գործող ամենազդեցիկ, հայտնի, հզոր և օգտակար կազմակերպություններից է:

 

  1. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հաջողության գրավականը նրա թիմը կազմող արհեստավարժ մասնագետներն են, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: ՀԵԻԱ-ի թիմը հավատարիմ մնալով կառույցի որդեգրած արժեքներին և առաքելությանը, մշտապես իր անշահախնդիր ներդրումն է ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարար գաղափարներով:

ՀԵԻԱ-ն պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մարզամշակութային միջոցառումներ: ՀԵԻԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

  1. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵԻԱ-ն մշտապես ջանում է ընդլայնել իր համախոհների և գործընկերների շրջանակը, դրան զուգահեռ շարունակելով սերտ համագործակցությունը իր վաղեմի գործընկերների հետ: Ընթացիկ տարում կազմակերպությունն իրականացնելով տարաբնույթ հակակոռուպցիոն և մասնագիտական միջոցառումներ, ձեռք է բերել նոր գործընկերներ, որոնց շարքում են տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններ, պետական մարմիններ, բիզնես կառույցներ:

 

Եվրոպական միություն

Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է: Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը  և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորվում են ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության (ՀԳԳ) համաձայնագրով, որը ստորագրվել է 1996 թվականին, ուժի մեջ է մտել 1999 թվականին: Հայաստանում Եվրոպական միությանը պաշտոնապես ներկայացնում է Եվրոպական միության պատվիրակությունը, որը տեղակայված է Երևանում:

 

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պաշտոնապես գործում է 2000 թվականի փետրվարի 9-ից։ ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային չափորոշիչների առումով։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը օժանդակում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը և ԵԱՀԿ չափորոշիչների և սկզբունքների խթանմանը (ներմուծմանը):

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սկսել է գործել 1992թ.-ից` Երևանում ԱՄՆ դեսպանատան բացմամբ: Ներկայումս դեսպանության կազմում ներկայացված են ԱՄՆ պետքարտուղարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը, ԱՄՆ գանձապետարանը և ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը:

Իրականացնելով ԱՄՆ քաղաքականությունը` ԱՄՆ դեսպանությունն օժանդակում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացմանը` մարդասիրական օգնության, տեխնիկական օժանդակության, կրթական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում են դեսպանության կազմում ներկայացված կառույցների կողմից:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պատասխանատու է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև առօրյա շփումների ու հարաբերությունների ապահովման համար, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը Հայաստանում

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1991թ.-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո առաջիններից էր, որ ըստ միջազգային օրենքի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992թ.-ի հունվարի 31-ին: Երկկողմ հարաբերությունների զարգացման շնորհիվ զգալիորեն ընդլայնվեց դեսպանատան առջև դրված աշխատանքների ծավալը, ինչպես նաև դեսպանատան անձնակազմը:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հիմնադրվել է 2010թ. փետրվարի 6-ին։ Ասոցիացիայի առաքելությունն է համախմբել Հայաստանում ապրող ու ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստման կամ կրթական ծրագրերի մասնակցած քաղաքացիներին և օգտագործել ԱՄՆ-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձն ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների մասնագիտական զարգացման` ստեղծելով գիտաշխատողների, գիտնականների, ուսանողների, պրոֆեսիոնալների, հետազոտողների արդյունավետ ցանցեր։

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ

Հիմնադրամը հիմնադրվել և գրանցվել է 1992 թվականի մայիսին, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարության նախաձեռնությամբ։ Նախքան Հիմնադրամի ստեղծումը, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարությանը հարցումներ անցկացրեց Կենտրոնական, Արևելյան ինչպես նաև Հարավ Արևելյան Եվրոպայի անցումային այն պետություններում, որոնք դիմել էին Նախարարությանը իրենց երկրներում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով։

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բոննում։ Գրասենյակի ավելի քան 45 հոգուց կազմված անձնակազմը ծրագրեր է իրականացնում մոտ 30 երկրներում։ 2009 թվականից գործում է նաև հիմնադրամի բեռլինյան գրասենյակը:

Հիմնադրամը գործընկեր երկրներին օժանդակում է անկախ և արդյունավետ գործող դատական մարմինների, այդ թվում նաև դատավարական իրավունքի հաստատությունների ստեղծման, ինչպես նաև այդ երկրների ներքին օրենսդրությունը Եվրոպական Միության օրենսդրության հետ  համապատասխանեցման  հարցերում։

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակ

Ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) աշխատանքի հիմնական սկզբունքներն են: ԿԱՀ-ը քաղաքական հիմնադրամ է, որն հարում է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միությանը: Որպես ՔԴՄ-ի հիմնադիր և Գերմանիայի առաջին կանցլեր` Կոնրադ Ադենաուերը (1876-1967) միավորեց քրիստոնեասոցիալական, պահպանողական և լիբերալ ավանդույթներ: ԿԱՀ-ը՝ իր եվրոպական և միջազգային համագործակցությամբ ձգտում է հասնել այն բանին, որ մարդիկ կարողանան ինքնորոշված ապրել խաղաղության ու արժանապատվության մեջ: Նրանք նպատակաուղղված կերպով օժանդակում են այն բանին, որպեսզի Գերմանիան արդարացնի աշխարհում գնալով մեծացող իր պատասխանատվությունը:

ԿԱՀ-ը համագործակցում է պետական հիմնարկությունների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև ընտրյալ էլիտայի հետ: Հիմնադրամի նպատակների ու արժեքային պատկերացումների միջոցով ԿԱՀ-ը ցանկանում է հատկապես զարգացման քաղաքականության մեջ քաղաքական համագործակցությունը ապագայում ևս խորացնել տարածաշրջանային և գլոբալ մասշտաբներով: Կառույցը գործընկերների հետ միասին օժանդակում է միջազգային կարգուկանոնին, որը յուրաքանչյուր երկրի համար հնարավոր է դարձնում զարգացումը ազատության և սեփական պատասխանատվության մեջ:

«Ինթեգրիթի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպություն

Կազմակերպությունը հիմնվել է 2003 թվականին` հակակոռուպցիոն շարժմանը խանգարող խոչնդոտներին դիմակայելու համար, ինչպես նաև այն հավատով, որ բարեխղճությունը՝ անդար և կայուն զարգացման բարելավման խոշորագույն հնարավորություններից մեկն է։ «Ինթեգրիթի էքշն»-ը ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգում բարեխղճություն հասկացությունը ներմուծելու գործում հիմնական նախաձեռնողն է եղել, իսկ ներկայումս այս աճող բնագավառի հիմնական և կայացած դերակատարն է։

Կազմակերպության հոգաբարձուները և ավագ ղեկավարությունը ընդունում են, որ կաշառակերությունը և կոռուպցիան հակասում են բարեխղճության, թափանցիկության և հաշվետվողականության հիմնարար արժեքներին և վտանգում են կազմակերպական արդյունավետությունը։ Կազմակերպությունը նաև բացահայտում է բարեխղճության դրսևորումները, ինչպես նաև այն անձանց, որոնց նկատմամբ քրեական պատժամիջոցներ են կիրառվել և այդ տեղեկատվությունը տարածում Միացյալ Թագավորությունում և այլուր։

Ամբողջ աշխարհում իրականացվող գործողություններում կազմակերպության ընդունած քաղաքականությունն է՝ «Բացարձակ անհանդուրժողականություն կաշառակերության ցանկացած ձևի դրսևորման դեմ»։

 

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիա

Արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ ջանքեր է պահանջում ոչ միայն կառավարությունից, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Սրան է վերաբերում նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որտեղ սահմանվում է հասարակության մասնակցության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Կոնվենցիայի իրականացումն ապահովելու համար ստեղծվում են մի շարք մարմիններ, որոնց թվում է նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան:

Կոալիցիան գլոբալ ցանց է, որը ներառում է ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնց գործունեությունը ուղղված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դրույթների և դրանց իրականացման մոնիթորինգին: Հիմնադրման օրվանից՝ 2006 թվականից, այն մոբիլիզացնում է կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված քաղաքացիական հասարակության գործունեությունը՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:

Նշենք, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային 2007 թվականի ապրիլի 7-ին, իսկ 2014 թվականից ՀԵԻԱ-ն հանդիսանում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ:

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդ

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդը (այսուհետ՝ ՏՍԽ) ՄԱԿ-ի վեց կարևորագույն մարմիններից մեկն է, որը հիմնադրվել է 1946 թվականին ընդունված ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես այդ ոլորտի համակարգումն իրականացնող, քաղաքականությունը վերանայող, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական հիմնահարցերին վերաբերող քաղաքական երկխոսության և առաջարկությունների ներկայացման հիմնական մարմին: ՏՍԽ-ն իրականացնում է նաև միջազգայնորեն համաձայնվեցած այդ ոլորտների զարգացման ուղղված նպատակներ:

ՄԱԿ-ի ՏՍԽ-ը ծառայում է որպես կենտրոնական մեխանիզմ՝ ՄԱԿ-ի համակարգի և նրա մասնագիտացված մարմինների գործունեությունն ապահովելու համար, ինչպես նաև վերահսկում է տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ոլորտներում լրացուցիչ և փորձագիտական մարմինների աշխատանքը: 2014 թվականի հուլիսի 21-ին ՄԱԿ-ի ՏՍԽ-ի որոշմամբ ՀԵԻԱ-ն դարձավ ՄԱԿ-ի ՏՍԽ-ի հատուկ խորհրդակցական անդամ:

Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայք (www.iravaban.net)

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Այն անկախ մասնագիտական կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ հակակոռուպցիոն և իրավական ոլորտներում վերլուծությունների, ուսումնասիրությունների և գիտական աշխատանքների հրապարակման համար, ինչպես նաև լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

2014 թվականի նոյեմբերի 28-ին շուրջ 75 ՀԿ-ներ Երևանից և ՀՀ մարզերից ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նպատակներն են.

  • բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը.
  • նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը. նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը.
  • ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը համակարգում է ՀԵԻԱ-ն:

ՀՀ Դատական դեպարտամենտ

ՀՀ Դատական դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը։

Դատական դեպարտամենտը գործում է Վճռաբեկ դատարանի նախագահի հաստատած կանոնադրությամբ։

Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները կազմված են վարչություններից, բաժիններից, ծառայություններից և դատարանների նախագահների խորհրդի հաստատած այլ ստորաբաժանումներից։

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում:  «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կոորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

 

Հայաստանի իրավաբանական հիմնադրամ

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

 

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիա (ԻՈՒՄԱ)

ԻՈՒՄԱ-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանը: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

 

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (ԵԻԵԱ)

ԵԻԵԱ-ն ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993թ.-ին, Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200,000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց՝ խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը, և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998թ.-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:

 

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ

ՍԻՎԻՏԱՍ-ի հիմնական շահառուներն են՝ հասարակագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները, դպրոցի վարչական ղեկավարները, աշակերտները, ծնողները, համայնքի ակտիվ անդամները, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի փորձագետները, կրթության ոլորտի որոշում կայացնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հետազոտողները: ՍԻՎԻՏԱՍ-ի նպատակներն ու խնդիրներն են` նպաստել կրթական բարեփոխումների գործընթացին, օժանդակել հանրային կրթական քաղաքականությանը և որոշումների կայացմանը, բարձրացնել և խորացնել դասավանդողների ուսուցման և ուսումնառության գործընթացը, կարողությունները և հմտությունները, նպաստել սովորողների կրթական մակարդակի բարձրացմանը և այլն:

«Արթուրս Աղվերան Ռեզորթ» համալիր

«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանից 55կմ. հեռավորության վրա, որը հանգրվանել է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում: Հյուրանոցային համալիրում իրենց դռներն են բացում 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում, ինչը ստեղծում է հրաշալի ալպիական գյուղի տպավորություն: Այցելուների տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը:

Հյուրանոցային համալիրը մշտապես հյուրընկալում է բիզնես ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներ, նպաստում է դրանց կազմակերպմանը, տրամադրում է անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

 

ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների շրջանում, որը գործուն երաշխիք է այդ կապերի ամրապնդման ու նոր հարաբերությունների հաստատման համար:

 

ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ այն համոզմունքով, որ վերջիններս աջակցում են կառույցին` գործունեության հաշվետվողականության, թափանցիկության ու հասարակության իրազեկման կարևորագույն հարցում: Հարկ է նշել, որ ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան հանրապետական և տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

  1. VI. ՀԵԻԱԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2014 թվականի փետրվարի 1-ից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորման և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորման շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում, հզորացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կազմակերպվել են հակակոռուպցիոն դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով Երևանի և ՀՀ մարզերի ՔՀԿ-ներին տրամադրվել են 10 փոքր դրամաշնորհներ: Ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ստորագրվեց Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերի ստեղծման մասին համատեղ հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան կողմից: Ծրագիրը իրականացվել է ՀԵԻԱ-ի կողմից՝ 2015 թվականի մայիսի 1-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 31-ը: Ծրագրի հիմնական նպատակներն էին՝ իրականացնել իրավական մոնիթորինգ ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի վերաբերյալ, բարձրացնել կանանց իրավունքների հարցերով իրազեկվածության և պաշտպանության մակարդակը, սկսել բանավեճ տեղական քաղաքականությունում սեռային հավասարակշռության թեմայով` իրականացնելով տարածաշրջանային սեմինարներ տեղական խորհուրդների մասնակցությամբ:

Երևանում և ՀՀ 4 մարզերում (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք) տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն, վերապատրաստվել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններ, իրավապաշտպաններ, ՔՀԿ-ների և ՏԻՄ- ների ներկայացուցիչներ: Պատրաստվել է «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցը, որում տեղ են գտել մի շարք առաջարկություններ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա, որոնք ուղղված են կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց քաղաքականության մասնակցության մակարդակի բաձրացմանը: Զեկույցը անցել է հանրային քննարկում և տրամադրվել է շահագրգիռ կառույցներին:  

«Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց» ծրագիրը իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Եռամսյա Դպրոցի շնորհիվ երիտասարդության շրջանում դեպի դրականը փոխվեց հակակոռուպցիոն միջավայրը, բարձրացավ երիտասարդության վստահությունը հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործում՝ իրենց ներգավվածության և դերակատարության մասով,             ստեղծվեց երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն կրթության շարունակականությունն ապահովող կառուցակարգ, բարձրացավ հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակը, վեր հանվեցին կոռուպցիոն խնդիրները ՀԵԻԱ-ի, Իրավաբան.net-ի, քաղաքացիական հասարակության ու հասարակության միջև համագործակցության խորացման և զարգացման միջոցով: Դպրոցի շրջանակներում դասավանդել են հակակոռուպցիոն ոլորտի լավագույն փորձագետները:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն էր Իրավաբան.net-ը:


«Եվրոպական իրավունքի աշնանային դպրոց» ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը կազմակերպեցին թվով երրորդ եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը՝ Աղվերանում: Աշնանային դպրոցի հիմնական նպատակն էր 5 օրերի ընթացքում հնարավորություն ընձեռել իրավաբան ուսանողներին, երիտասարդ իրավաբաններին ու փաստաբաններին խորությամբ ուսումնասիրել եվրոպական իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը: Դպրոցում դասախոսություններով հանդես եկան հայաստանյան և գերմանական լավագույն մասնագետները:

Ամառային դպրոցի ինֆորմացիոն գործընկերն էր Իրավաբան.net-ը:

 

«2015 թվականի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ

2015 թվականի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հայաստանյան մրցափուլում հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող ուսանողների թիմը: Թիմը 2015 թվականի ապրիլ ամսին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 90 երկրներ ներկայացնող թիմեր:

Մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը, իսկ մրցույթի կազմակերպմանն այս տարի դարձյալ աջակցել էր ՀՀ դատական դեպարտամենտը: Մրցույթի ինֆորմացիոն գործընկերն էր Իրավաբան.net-ը:

«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի զարգացումն ապահովելու և իրավաբան ուսանողների հետ կապերն ամրապնդելու նպատակով ընթացիկ տարում Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողը և անդամները հանդիպումներ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի մի շարք բուհերի իրավաբան ուսանողների հետ:  

ՀԵԻԱ-ի նախագահը ելույթ ունեցավ Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովի շրջանակներում

2015 թվականի մարտ ամսին Երևանում ընթացավ «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովը: Վերհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում անդրադարձ եղավ հակակոռուպցիոն պայքարին, որի շրջանակներում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագիրը: Նրա խոսքով՝ ծրագիրը ուղղված է երկու կարևոր խնդրի լուծմանը` ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները` վերահսկելու և մշտադիտարկելու առումով, և ներազդել քաղաքական օրակագի ձևավորման վրա: Ելույթից հետո հնչեցին տարբեր հարցադրումներ, որոնցից յուրաքանչյուրին անդրադարձավ ՀԵԻԱ-ի նախագահը:

Փարիզը որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կենտրոն

2015 թվականի մարտի 23-24-ին Փարիզում տեղի ունեցավ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլենար հանդիպումը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի զեկույցները իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Բացի այդ, պետությունների պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ ֆիննանսների փոխնախարար Տիգրան Բարսեղյանը, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ Քարլ Ուլբրիխտը, ՀԵԻԱ-ի վարչության անդամ Մարատ Ատովմյանը, «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը:

«Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով քննարկում

 2015 թվականի ապրիլի 15-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և ՀԵԻԱ-ն համատեղ կազմակերպել էին քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Դր. Ջանան Աթիլգանը, ով կարևորեց մեր երկրում սահմանադրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք նոր հնարավորություններ են տալիս՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար: ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը համոզմունք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումներն առաջին հերթին անհրաժեշտ են երկրի քաղաքացիներին: Այնուհետև, հիշատակեց, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանձնաժողովի առջև խնդիր է դրվել` փաստաթուղթն ակտիվորեն քննարկել քաղաքական կուսակցությունների հետ, մինչդեռ սահմանադրական բարեփոխումները նախ և առաջ պետք է միտված լինեն հասարակությանը, իսկ քննարկման թիրախում հարկավոր է լինեն ՔՀԿ ներկայացուցիչները:

Քննարկմանը զեկուցումներով հանդես եկան հասարակական, պետական և միջազգային սեկտորը ներկայացնող փորձագետներ:

Կոռուպցիայի կանխարգելման միջոցների արդյունավետության վերաբերյալ միջազգային հանդիպում

2015 թվականի մայիսի 18-19-ին Հորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ կոռուպցիայի կանխարգելման միջոցների արդյունավետության վերաբերյալ միջազգային հանդիպում, որը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ԵԱՀԿ-ի կողմից համատեղ: Միջազգային հանդիպմանը մասնակցում էին 19 երկրի հակակոռուպցիոն մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ՔՀԿ-ների ցանցերի ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպման մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Նաիրա Գյուլնազարյանը և Քրիստինե Աղայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի միջազգային կապերի վարչության պետի պաշտոնակատար, Վրեժ Քարդումյանը ՀԵԻԱ-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Հանդիպում Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում

 

2015 թվականի մայիսի 21-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի արդյունավետ կառավարման բաժնի ներկայացուցիչ Քրիստինե Աղայանը այցելեցին Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքում գտնվող Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիա և հանդիպում ունեցան ակադեմիայի միջազգային կապերի և արարողակարգի ղեկավար Էրնստ Շմիդի հետ: Հայաստանյան պատվիրակության անդամներին ներկայացվեց ակադեմիայի պատմությունը, գործունեությունը, համապատասխան տեղեկատվություն տրամադրեց ակադեմիայի առաջիկա ուսուցումների և անելիքների մասին:

 

«Վերջ դնել անպատժելիությանը. Մարդիկ, Բարեխղճություն, Գործողություն». 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողով

2015 սեպտեմբերի 2-ին Մալազիայի Պութրաջայա քաղաքում տեղի ունեցավ 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցում են 1000-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից: Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկները ներկայացնում են պետական մարմինները, քաղաքացիական հասարկության և բիզնես կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն ու զանգվածային լրատվության միջոցները: Միջազգային հակակոռուպցիոն համաժողովի խորագիրն է «Վերջ դնել անպատժելիությանը. Մարդիկ, Բարեխղճություն, Գործողություն»:

Համաժողովի աշխատանքների Հայասատանից մասնակցում էին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախգահ Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ԵԱՀԿ հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից` Արև Մովսիսյանը:

Աշխատանքային այցի ընթացքում ՀԵԻԱ-ի ներկայացուցիչները ունեցել են մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև Հոնկոնգի, Մալազիայի և Ինդոնեզիայի հակակոռուպցիոն մարմինների ներկայացուցիչների հետ:

 

Ստեղծվեց Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակ

2015 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերի ստեղծման մասին:

Աշխատանքային հարթակի շրջանակներում կողմերը քննարկում են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ավելի ակտիվ մասնակցության, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի պատշաճ կատարման, հակակոռուպցիոն ոլորտային գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի արդիական հարցերը և հիմնախնդիրները, այդ թվում նաև՝ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ համատեղ հակակոռուպցիոն 2 աշխատանքային խմբերի գործունեության արդյունավետ կազմակերպումը:

Ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն Երևանում

Դեկտեմբերի 9-ը՝ միջազգային հակակոռուպցիոն օրը, նշվեց մրցանակաբաշխության արարողությամբ, որի շրջանակներում հինգ մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում. «Տարվա քաղաքացի», «Տարվա ԶԼՄ», «Տարվա լրագրող և Տարվա բիզնես կազմակերպություն», «Տարվա երիտասարդ», «Տարվա ՔՀԿ»:

Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի» մրցանակին արժանացավ Հայկանուշ Թութունջյանը: «Տարվա ԶԼՄ»-ն «Սիվիլնեթ»-ն է՝ «Քո գրպանից» հաղորդաշարի շրջանակներում պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու համար: «Տարվա լրագրող» ճանաչվեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «Դը Գրին Բին» սրճարանների ցանցին՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար: «Տարվա երիտասարդ» մրցանակը հանձնեց ՀՀ Արդարադատության նախարարությունը՝ հակակոռուպցիոն տեսահոլովակի լավագույն սցենար մշակելու համար, մրցանակակիրը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանն էր: «Տարվա ՔՀԿ» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը՝ մայրական իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:

 

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողով

2015 թվականի դեկտեմբերի 10-11-ին Աղվերանի  «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կայացավ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովը՝ կազմակերպված ՀԵԻԱ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ: Նմանատիպ աշխատաժողով առաջին անգամ համաֆինանսավորվում էր նաև բիզնես ընկերության՝ «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից: Աշխատաժողովին մասնակցում էին 50-ից ավելի ներկայացուցիչներ միջազգային կառույցներից և ՀՀ-ում գործող դեսպանատներից, պետական մարմիններից, բիզնես կազմակերպություններից և միավորումներից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններից:

 

«Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողով

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀԵԻԱ-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը: ՀՀ-ում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման միջազգային լավագույն փորձը ներկայացրեցին Կարեն Զադոյանը, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտ և Մարատ Ատովմյանը՝ նույն ծրագրի տեղական փորձագետը:

 

10 փոքր դրամաշնորհների տրամադրում Երևանի և ՀՀ մարզերի ՔՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին

2015 թվականին ՀՀ կառավարության գործող ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն և լրագրողական հետաքննություն իրականացնելու նպատակով Երևանի և ՀՀ մարզերի ՔՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին տրամադրվեց թվով 10 փոքր դրամաշնորհներ՝ երկու փուլով:

Ենթադրամաշնորհներ ստացած 10 ՀԿ-ներից 3-ը՝ Երևանից են, 2-ը՝ Գեղարքունիքի մարզից, 2-ը՝ Լոռու մարզից, 1-ը՝ Շիրակի մարզից, 1-ը՝ Արարատի մարզից, 1-ը՝ Սյունիքի մարզից:

Ենթադրամաշնորհներից 5-ը տրամադրվել է մինչև 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրերին, 5-ը՝ մինչև 1.500.000 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրերին: Ծրագրերի ավարտից հետո վեր հանված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով ՔՀԿ-ների կողմից ներկայացվել են համապատասխան ոլորտային առաջարկություններ իրավասու մարմիններին:


VII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2015 թվականի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

 

2015 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից բնակչությանը մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններ (այդ թվում նաև` գրավոր փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն տարբեր պետական և տեղական մարմիններում), որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 1822 անձինք: Անվճար իրավաբանական ծառայություններից օգտված անձանցից 1819-ը կամ ընդհանուրի 99.84%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 3-ը կամ ընդհանուրի 0.16%-ը` իրավաբանական անձինք:

Ծառայություններից օգտված անձանցից 969-ը կամ ընդհանուրի 53.18%-ը իգական սեռի են, 850-ը կամ ընդհանուրի 46.65%-ը արական սեռի են, 3-ը կամ ընդհանուրի 0.17%-ը իրավաբանական անձինք են:

 

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Տեսակ   Քանակ   %
Ֆիզիկական անձ   1819   99.84
Իրավաբանական անձ   3   0.16
Ընդամենը   1822   100

 

 

Սեռ   Քանակ   %
Իգական   969   53.18
Արական   850   46.65
Իրավաբանական անձ   3   0.17
Ընդամենը   1822   100

Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

 

Անվճար իրավաբանական օգնության ոլորտները   Շահառուների քանակը`

ըստ ոլորտների

  Շահառուների քանակը`

ըստ տոկոսների (%)

Աշխատանքային իրավունք   182   9.99
Ընտանեկան իրավունք   187   10.26
Սոցիալական ապահովություն   236   12.95
Քաղաքացիական իրավունք   446   24.48
Քաղաքացիական դատավարություն   161   8.84
Վարչական իրավունք   135   7.41
Վարչական դատավարություն   19   1.04
Քրեական իրավունք   80   4.39
Հողային իրավունք   26   1.43
Առողաջապահություն   31   1.70
Կրթություն և գիտություն   51   2.8
Քրեական դատավարություն   95   5.21
Իրավական այլ հարցեր   173   9.5
ԸՆԴԱՄԵՆԸ   1822   100

 

 

 


VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Գործառնական այլ ծախսեր

Հազ. դրամ

  2015   2014
       
Աշխատավարձ 84,498,392.00   89,787,326.00
Նյութեր     10,705,491.00
Ապրանքներ 1,741,798.00   60,000.00
Վառելիք 1,771,940.00   5,023,523.00
Ծառայությունների մատուցում 9,747,741.00   1,500,300.00
Տուրքեր 34,354.12   8,170,736.75
Գույքահարկ 136,274.00   12,000.00
Վարձավճարներ 1,333,209.2   73,744.00
Փոստ, հեռահաղորդակցություն 4,471,202.00   2,508,991.49
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր 1,141,625.84   5,290,064.63
Բանկային ծառայություններ 53,314.36   1,410,243.00
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա 4,726,477.00   161,691.12
Գործողում 243,000.00   7,503,777.89
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/     439,032.00
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/     2,456,000.00
Ֆորս մաժոր      
գովազդային      
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր 39,901.00   5,400.00
       
Ընդամենը 109,939,228.52   203,727,552

 

Ֆինանսական մուտքեր

N Աղբյուր 2015
1. Եվրոպական միություն,  «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիր 219069 Եվրո
2. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակ,  «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիր 7972075 Դրամ
3. Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության Դեսպանության, «կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիր 16991205 դրամ
4. Հայաստանում   Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց» ծրագիր 5000 դոլար
5. Անդանավճարներ 179000  դրամ


  1. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի XI-րդ համաժողովը կայացավ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին: Համաժողովի որոշմամբ հաստատվեց կազմակերպության վարչության թվաքանակը, այն 11 անդամներից դարձնելով 7: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչությունը՝ հետևյալ կազմով.

Անուն, Ազգանուն   Պաշտոն
Կարեն Զադոյան   ՀԵԻԱ-ի նախագահ, ՀԵԻԱ-ի վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան   ՀԵԻԱ-ի փոխնախագահ, ՀԵԻԱ-ի վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան   ՀԵԻԱ-ի պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ-ի վարչության պատասխանատու քարտուղար
Սյուզաննա Սողոմոնյան   ՀԵԻԱ-ի վարչության անդամ
Արփինե Եղիկյան   ՀԵԻԱ-ի վարչության անդամ
Մարատ Ատովմյան   ՀԵԻԱ-ի վարչության անդամ
Ռոբերտ Գրիգորյան   ՀԵԻԱ-ի վարչության անդամ

 


  1. X. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

 

Կենտրոնական գրասենյակ

ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Էլ. փոստ [email protected]

ՀԵԻԱ-ի Երևանի մասնաճյուղ,

Երևանի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից)

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Թեժ գիծ՝ 0 8000 11 10

էլ. փոստ [email protected]

 

ՀԵԻԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղ,

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1

Հեռախոս (374 322) 2 23 17

Հեռապատճե (374 322) 2 23 17

էլ. փոստ [email protected]

 

ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ,

Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2

Հեռախոս (374 312) 5 82 36

Հեռապատճե (374 312) 5 82 36

էլ. փոստ [email protected]

 

ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ,

Գեղարքունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Գավառ, Բոշնաղյան 15, բն. 7

Հեռախոս (374 264) 2 55 03

Հեռապատճե (374 264) 2 55 03

էլ. փոստ [email protected]

 

ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղ,

Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72

Հեռախոս (374 285) 5 25 11

Հեռապատճե (374 285) 5 25 11

էլ. փոստ [email protected]