ԻՀԱ խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը Լոնդոնում մասնակցել է հակակոռուպցիոն առաջնորդների համար կազմակերպված ուսումնական այցելությանը

2017 թվականի դեկտեմբերի 18-22-ը Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը մասնակցել է հակակոռուպցիոն առաջնորդների համար կազմակերպված ուսումնական այցելությանը Լոնդոնում։
Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ուսումնական այցի նպատակն էր հակակոռուպցիոն առաջնորդներին ներկայացնել բրիտանական կառավարության հակակոռուպցիոն մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացված Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն պայքարի լավագույն փորձը և դրա հիման վրա օժանդակել ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կարողությունների զարգացմանը։
Այցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները այցելել են Բրիտանական խոշոր խարդախության դեմ պայքարի գործակալություն (SFO), Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալություն (NCA), Մեծ Բրիտանիայի պառլամենտ, «Corruption Watch» կազմակերպություն, ինչպես նաև այլ մարմիններ և կազմակերպություններ։
Լոնդոն կատարած այցի շրջանակներում հայկական պատվիրակության կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մասնակցում էր նաև «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Հանձնաժողովի անդամներ Լիլիթ Պետրոսյանն ու Էդգար Շաթիրյանը, ՀՀ դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։