Իրավաբան ուսանողների համար նախատեսված «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» տասներորդ հոբելյանական գիտաժողովի հաղթողներն արդեն հայտնի են: Այս տարի գիտաժողովի խորագիր էր ընտրվել՝ «Իրավաբանական ընկերություններ. Հայաստանի և արտասահմանի փորձը, զարգացման միտումները»:
Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս այն կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «Լիգլ Ըլայընս» իրավաբանական ընկերության կողմից: Գիտաժողովի հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Յանդյան Մարգարիտան: Իր զեկույցում անդրադարձել է, թե որքանո՞վ են իրավաբանական գրասենյակները նպաստում փաստաբանական գործունեության զարգացմանը. «Իմ աշխատանքում անդրադարձել եմ փաստաբանական գործունեություն ծավալելու կազմակերպաիրավական ձևերին, հոնորարի գանձման մեթոդներին, ինչպես նաև իրավաբանական գրասենյակների դերին՝ փաստաբանների վարքագծի կանոնների զարգացման համար»:
ՀԵԻԱ-ի նախագահ, ժյուրիի անդամ Կարեն Զադոյանը նախորդ տարիների համեմատ մասնակիցների գիտելիքների բարելավման աճ է նկատում. «Իրավաբանի մասնագիտական կայացման գործում գիտաժողովը մեծ դեր ու նշանակություն ունի: Մասնագիտական գիտելիքները հետզհետե բարելավվում են: Մեր ուսանողները ավելի խորությամբ են սկսել ուսումնասիրել նյութը, պատրաստել իրենց զեկույցները, ներկայացնել քննադատական մոտեցում և զարգացման ուղիներ նախանշել»:
Հաղթողներին ընտրելիս ժյուրիի անդամներն առաջնորդվել են հստակ սահմանված չափորոշիչներով: Հաշվի են առնվել օրենսդրական նյութերին տիրապետելը, դրանց ճիշտ կիրառելը, ժամանակի կառավարումը և այլն: Երկրորդ տեղին արժանացած մասնակիցը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Գզիրյանն է: «Առաջին անգամն է, որ մասնակցում էի նման մրցույթի: Սպասում էի, որ կանցնեմ բանավոր փուլ, բայց որ մրցանակային տեղ կզբաղեցնեմ՝ չէի սպասում: Իմ զեկույցի շրջանակներում խոսել եմ իրավաբանական ընկերությունների, դրանց կառավարման հիմնախնդիրների և, թե որ գործոններն են ազդում դրանց զարգացման վրա»:
ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը տարիներ շարունակ եղել է գիտաժողովի ժյուրիի անդամ: Նա մասնակիցների այսօրվա պատրաստվածությունը գնահատեց բավարար. «Մենք կփորձենք որպես նախաձեռնողներ որոշակի մոտիվացիա ստեղծել, որպեսզի հաջորդ տարի մասնակիցներն առավել խորությամբ, պատրաստված և զգոնությամբ ներկայացնեն իրենց թեմաները»: Ժյուրիի անդամները դժվարությամբ են ընտրել հաղթող մասնակիցներին, քանի որ լավ ներկայացված աշխատանքները շատ են եղել: Գիտաժողովի կազմակերպիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպումն արդեն ավանդույթ է դարձել: Այն ունի հանրապետական բնույթ. կարող են մասնակցել ինչպես երևանյան, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի բուհերի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ. «Հիմնական նպատակն է խրախուսել իրավաբան ուսանողների կողմից հետազոտությունների, ուսումնասիրությունների կատարմանը, հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ են առկա դաշտում, ի՞նչ օրենսդրական բացեր կան, ինչպես նաև հնարավորություն ընձեռենք ներկայացնել իրենց ուրույն առաջարկները առկա խնդիրների վերաբերյալ»:
Մրցույթը անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 30 ուսանող: Նրանցից միայն 15-ն է աշխատանքը սահմանված ժամկետներում ներկայացրել: Գրավոր փուլում առավելագույն միավորներ ստացած 5 մասնակիցներն անցել են 2-րդ փուլ: Ամեն տարի ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը՝ որպես գիտաժողովի հիմնադիր, մասնակիցներից մեկին շնորհում է խրախուսական մրցանակ՝ թե իր պատկերացմամբ, ո՞վ է լավագույնը: Այս տարի այն ստացավ գիտաժողովի երկրորդ տեղը զբաղեցրած ուսանողուհի Ռուզաննա Գզիրյանը: Վերջինիս մրցանակը շնորհվեց զեկույցում կարևոր հիմնախնդրի անդրադառնալու համար. «Ինչպես նշվեց այդ մրցանակը տրվում է այն մասնակցին, ում զեկույցում կար որևէ յուրահատուկ բան կամ գրավում էր ժյուրիի անդամներին իր բանավոր խոսքում: Իմ պարագայում գրավոր զեկույցի հետ էր կապված: Ես նշել էի մի կարևոր հիմնախնդիր, որ իրավաբանական ընկերությունները չպետք է հրապարակայինացնեն իրենց վստահորդների տվյալները»:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ոստիկանության կրթահամալիրի 4-րդ կուրսի ուսանող Սարգիս Մելքոնյանը: Վերջինիս համար հաղթանակը սպասելի էր. «Նման միջոցառումները շնորհիվ իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն են ունենում ամրապնդել իրենց տեսական գիտելիքները և հնարավորություն են ունենում դրանք պրակտիկայում կիրառել»:
Գիտաժողովի ավարտին ժյուրիի անդամ Արփինե Եղիկյանը հույս հայտնեց, որ մասնակիցներն առաջիկայում կշարունակեն մասնակցել նման միջոցառումների. «Միայն մրցակցության շնորհիվ է, որ կկարողանաք իրականում ինքներդ ձեզ համար գնահատել ձեր ուժերը և իմանալ, թե ինչ է ձեզ հարկավոր առաջիկայում սովորելու և ավելի բարձր աստիճանների հասնելու համար»: