ԻՀԱ-ն՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ
2006 թ.-ին հիմնադրված ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան գլոբալ ցանց էր, որը ներառում էր ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որոնց գործունեությունն ուղղված էր ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դրույթների ապահովմանը և դրանց իրականացման մոնիթորինգին: Հասարակության մասնակցության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում սահմանվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 13-րդ հոդվածում:
2014 թ. դառնալով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ՝ ԻՀԱ-ն հնարավորություն ստացավ՝ մասնակցելու կոալիցիայի աշխատանքներին և համաժողովներին, հոդվածներ տեղադրելու կոալիցիայի պաշտոնական կայքում, համագործակցելու կոալիցիայի այլ անդամ կազմակերպություների հետ, ինչպես նաև մասնակցելու կոալիցիայի համակարգող կոմիտեի ընտրություններին:
2015 թ. հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան գրանցվել է Վիեննայում որպես անկախ ոչ առևտրային ասոցիացիա: Նորաստեղծ ասոցիացիան հանդիսանում է վերոնշյալ ցանցի իրավահաջորդ: Այստեղ պահպանվել է ցանցի կառավարման կառուցվածքը՝ ի դեմս 12 անդամներից բաղկացած կոալիցիայի համակարգող կոմիտեի: Ասոցիացիայի նպատակը նույնն է՝ խրախուսել քաղաքացիական հասարակության գործունեությունը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ ուղղված ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վավերացմանը, իրականացմանը, կիրարկմանը և մոնիթորինգին:
2016 թ. ապրիլի 21-ին, ԻՀԱ-ի դիմումի և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի համակարգող կոմիտեի որոշման համաձայն, ԻՀԱ-ն դարձել է նորաստեղծ ասոցիացիայի անդամ:
Այսպիսով, հանդիսանալով Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում գործող ամենաօգտակար և հեղինակավոր մասնագիտական կառույցներից մեկը՝ ԻՀԱ-ն իր ներդրումն է ունենում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի նպատակներն իրականացնելու պատասխանատու գործում:
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային 2007 թ.-ի ապրիլի 7-ին:
ԻՀԱ-ն՝ ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամ
2014 թ. հուլիսի 21-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ ԻՀԱ-ն խորհրդում ձեռք է բերել հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ: Վերջինս հնարավորություն է տալիս՝ տեղեկացված լինելու ՄԱԿ-ի ՏՍԽ-ի նիստերի նախնական օրակարգերի մասին, ինչպես նաև դիմելու Գլխավոր քարտուղարին ՏՍԽ-ի նախնական օրակարգերում այլ հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկներով: ԻՀԱ-ն, ի թիվս այլ առավելությունների, նաև իրավունք է ստացել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հանդիպումներին ՄԱԿ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակում, ինչպես նաև ՄԱԿ-ի Վիեննայի և Ժնևի գրասենյակներում նշանակելու իր պաշտոնական ներկայացուցիչներին:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ բաղկացած 70 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից (ՔՀԿ-ներ)՝ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից (2019 թ. մայիսի դրությամբ անդամների թիվը հասնում է 97-ի):
Կոալիցիայի հիմնադրումը միտված է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նպատակներն են.
• բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը;
• նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը;
• նպաստել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը;
• ամրապնդել ՔՀԿ-ների՝ մոնիթորինգի, հանրային վերահսկողության և հակակոռուպցիոն գործունեության իրականացման կարողությունները:
Կոալիցիան ակտիվորեն ներգրավված է ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի հանրային վերահսկողության մեջ:
2015 թ. սեպտեմբերի 23-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՀՀ արդարադատության նախարարության հետ ստորագրել է համատեղ հայտարարություն Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերի (Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ) ստեղծման մասին: Իսկ 2016 թվականի հունվարի 22-ին արդարադատության նախարարի հրամանի հիման վրա ստեղծվեցին ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբեր: Որպես արդյունք, ապօրինի հարստացումը քրեականացվել է 2016 թ. դեկտեմբերին: Օրենքը ուժի մեջ է մտել 2017 թ. հուլիսի 1-ից: Ավելին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը ընդունվեց 2017 թ. հունիսին և ուժի մեջ մտավ 2018 թ. ապրիլի 10-ին:
Ցանցի նպատակն է գործարար հանրության ձայնը հասանելի դարձնելպետական մարմիններին, հանդես գալ որպես կարող կառույց՝ ավելիարդյունավետ իրականացնելու փոքր և միջին գործարարության ոլորտիիրենց շահառուների շահերի պաշտպանությունը: