2005թ.-ի հուլիսի 15-ին «Երևան» հյուրանոցում կայացավ «Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը, որը կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից: Գիտաժողովի հովանավորներն էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը և «Բուկինիստ» գրատունը: Բանավոր փուլի ընթացքում զեկույցներով հանդես եկան ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին գիտաժողովի դատավորների կողմից, որոնց կազմում այս անգամ ևս ընդգրկվել էին հեղինակավոր իրավաբաններ: Զեկուցողները բարձր մակարդակով ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադառնում էին դատական համակարգում առկա և դատարանների գործունեության հետ կապված խնդիրներին, համապատասխան իրավական ակտերի թերություններին և բացթողումներին, ինչպես նաև ներկայացնում էին իրենց կարծիքներն ու առաջարկություններն օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցներից հետո մասնակիցները պատասխանեցին դատավորների կողմից տրվող լուրջ և բարդ հարցերին: Այնուհետև կազմակերպիչները ամփոփեցին գիտաժողովի արդյունքները: «Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովի երրորդ մրցանակի արժանացավ Հրաչյա Աճառյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Խաչիկ Հարությունյանը, երկրորդ մրցանակը տրվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Արմինե Ավետիսյանին, իսկ գիտաժողովի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Պերճ Խաչատրյանը: Վերջինիս գիտաժողովի հովանավոր Բուկինիստ գրատան տնօրենը հանձնեց սահմանված մրցանակը: Մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների: Գիտաժողովի դատավորները բարձր գնահատեցին գիտաժողովի մասնակիցների աշխատանքն ու ջանքերը և նշեցին, որ նմանատիպ միջոցառումները իրական և ամուր հիմքեր են ստեղծում Հայաստանում իրավաբանական կրթության զարգացման և ապագա բարձր մասնագիտական նկարագիր ունեցող իրավաբանների կայացման համար:
Գիտաժողովի լավագույն զեկույցների թեզիսներով հրատարակվել է գրքույկ, որը անվճար հիմունքներով տարածվել է երիտասարդ իրավաբանների շրջանում:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանեցին «ԱԼՄ» և «ԱՐ» հեռուստաընկերությունները, Հայաստանի հանրային ռադիոն, Ռադիո Հայը, «Ազատություն» ռադիոկայանը, ինչպես նաև «Առավոտ» և «Ազգ» օրաթերթերը: