«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»

N 4  Երևան

Սույն թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Գոուլդեն Թյուլիփ Երևան հյուրանոցում տեղի կունենա «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀում»  թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը:

Գիտաժողովը կազմակերպվել է ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ իրավաբանական ընկերության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գիտաժողովի նպատակն է բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը փաստաբանության ոլորտում, ապահովել նրանց մասնակցությունը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում: Իրավաբան ուսանողներն իրենց զեկույցներում կփորձեն իրենց ուրույն լուծումներն առաջարկել և նախանշել փաստաբանության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: Գիտաժողովի նպատակներից է նաև խթանել այդ բնագավառում երիտասարդ իրավաբանների կողմից մասնագիտական հետազոտությունների իրականացումը:

Գիտաժողովը կազմված է երկու՝ գրավոր և բանավոր փուլերից: Գրավոր փուլին հայտ ներկայացրած 50 երիտասարդ իրավաբաններից գրավոր փուլին մասնակցեցին 22-ը: Իրավաբանների գրավոր զեկույցները գնահատվել են ճանաչված փաստաբանների  և իրավաբանների կողմից: Գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն՝ առավելագույն միավորներ հավաքած 10 զեկույցների հեղինակները կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին, որտեղ կներկայացնեն իրենց զեկույցները: Այս փուլը կգնահատվի գիտաժողովի ժյուրիի կողմից, իսկ հաղթողները կարժանանան արժեքավոր մրցանակների:

Տեղեկանք. Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է՝ նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը և փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական ԲՈՒՀ-երում և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: Ընկերությունը իր ստեղծման պահից ի վեր բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գիտաժողովի կազմակերպիչներին՝ աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL https://www.ayla.am:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]: