Այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրել է ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշ մոբով. մի խումբ երիտասարդներ կոռուպցիայի դեմ պայքարի կոչ արեցին ներկաներին, ամփոփելով ֆլեշ մոբը՝ օրվա կարգախոսով:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյան ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոռուպցիայի կոալիցիան եւ հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած է շուրջ 350 հանրային խմբերից` աշխարհի տարբեր երկրների, կոչ է անում կառավարություններին լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին:
«2014 թվականը կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարեւոր տարի էր, մենք նոր փուլ ենք անցնում, մշակում ենք նոր ռազմավարություն, մշակում ենք նոր հակակոռուպցիոն մարմնի կոնցեպցիա եւ հաստատելու ենք այդ մարմինը այս տարի»,-իր խոսքում նշեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն իր խոսքում ընդգծեց ԵՄ պատրաստակամությունը ներդրում ունենալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Ողջույնի խոսքերին հաջորդեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը:
Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում` տարվա քաղաքացի, լրագրող եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը: Կոռուպցիոն երեւույթներ պարունակող խնդիրների մասին բարձրաձայնելու համար «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի «Ռեւիզոր» էջի լրագրողներ Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը հանձնվեց ՀՀ Փաստաբանների պալատին:
https://news.am/arm/news/243226.html