Հայաստանում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու և այս ուղղությամբ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հիմնվել է Հակակոռուպցիոն կոալիցիա՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Այսօր տեղի ունեցավ նորաստեղծ կոալիցիայի հռչակագրի ընդունումը և 2014-2018թթ. համար մշակված ծրագրի հաստատումը:
Ինչպես քննարկման ընթացքում նշեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:
«Ծրագրի շրջանակում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները, կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այնպես էլ ԶԼՄ-ների համար՝ կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Արդյունքում պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-կառավարություն կայուն երկխոսություն»,-ասաց նա:
Նշենք, որ հակակոռուպցիոն կոալիցիան ֆինանսական աջակցություն է ստանում Եվրոպական միության կողմից, որի տևողություն է լինելու 3 տարի, իսկ ծրագրի բյուջեն կազմում է 650 հազ. եվրո: