Երևանում հիմնադրվել է Հակակոռուպցիոն Կոալիցիան, որն ուղերձ է հղել վարչապետին

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, հիմնադրվել է Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն Կոալիցիա): Կոալիցիային միանալու հայտ են ներկայացնել 70 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից, որից շուրջ 40 ՔՀԿ-ների ներկայացուցիչներ մասնակցեցին Հակակոռուպցիոն Կոալիցիայի հիմնադիր ժողովին, որի ընթացքում ընդունվեց եւ հիմնադիրների կողմից ստորագրվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հիմնադրման Հռչակագիրը, հաստատվեց Հակակոռուպցիոն Կոալիցիայի աշխատակարգը: Այնուհետեւ՝ քննարկվեց եւ հաստատվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 2015-2016թթ. մոնիթորինգային ծրագիրը: Հիմնադիր Ժողովի ընթացքում Հակակոռուպցիոն Կոալիցիայի անդամները միաձայն որոշեցին ուղերձով դիմել ՀՀ Վարչապետին, որը ներկայացնում ենք ստորեւ.

ՈՒՂԵՐՁ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիայի

Մեծարգո պարոն Վարչապետ,

Մենք՝ Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներս, խիստ կարեւորելով ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը, մտահոգված լինելով Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակով, նպատակ հետապնդելով ունենալ գործուն Հակակոռուպցիոն ռազմավարություն առաջիկա 5 տարիներ համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության Կառավարությունը նախատեսում է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, գտնում ենք որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է.

1. Գործուն եւ հետեւողական միջոցներ ձեռնարկել Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու ուղղությամբ: Միանալով ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային, Հայաuտանի Հանրապետությունը դեռեւս չի քրեականացրել Կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեuված արարքը՝ ապօրինի հարստացումը, այսինքն` չի ընդունել պարտավորություն քրեականացնելու պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ որը նա չի կարող խելամտորեն հիմնավորվել վերջինիս կողմից:

2. Հայաստանում ստեղծել անկախ մասնագիտացված բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմին, որը կունենա հետեւյալ հիմնական գործառույթները.

ա) կանխարգելիչ հակակոռուպցիոն քաղաքականության մշակում եւ իրականացում, ինչպես նաեւ քաղաքականության իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացում,

բ) հակակոռուպցիոն կրթական ծրագրերի կազմում, հաստատում եւ իրականացում, կոռուպցիայի կանխարգելման հարցերով հասարակության իրազեկության բարձրացում,

գ) կոռուպցիոն հանցագործությունների քննում:

Մինչեւ անկախ մասնագիտացված բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որպես առաջին քայլ, ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի համաձայն ստեղծվելիք Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում երկուսի փոխարեն ընդգրկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առնվազն հինգ ներկայացուցիչներ` ապահովելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լիարժեք, համաչափ եւ արդյունավետ մասնակցությունը խորհրդի աշխատանքներին:

3. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն նոր ռազմավարությունում ընտրված 4 թիրախային ոլորտների թիվն ավելացնել եւս 1-ով, դրանցում ընդգրկելով նաեւ սոցիալական ապահովության ոլորտը` հաշվի առնելով այդ ոլորտում առկա բարձր կոռուպցիոն ռիսկերը:

https://shabat.am/?p=29735&l=am