Նոտարական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացել է. հետազոտություն

Հանրապետությունում նոտարական համակարգում ծառայությունների մատուցման որակը շարունակում է մնալ մտահոգիչ: Խնդրի մասին բարձրաձայնելու և դրան լուծումներ տալու համար «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ-ն արդեն երրորդ անգամ իրականացրել է մոնիթորինգ, որին մասնակցել են նոտարական ծառայություններից օգտված քաղաքացիները: Այն նպատակ ունի նաև բացահայտել կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են հանդիպել հանրային ծառայությունների մատուցման ոլորտում: Մոնիթորինգի արդյունքների ներկայացման ժամանակ հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը տեղեկացրեց, որ հարցման արդյունքների վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտել նախորդ և ներկա փուլերի միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բարելավումների դինամիկան: «Երբ 2009թ-ին առաջին անգամ իրականացրինք մոնիթորինգ, պատկերը հստակ այլ էր: Այդ ժամանակ վերաբերմունքը Նոտարական պալատի նկատմամբ շատ վատն էր. այն ուներ շատ ցածր վարկանիշ, իսկ հասարակությունը չէր վստահում այդ կառույցին: Յուրաքանչյուր մոնիթորինգի ժամանակ մենք հետևողական ենք, որպեսզի պարզենք, թե նախորդի ընթացքում արված դիտողություններն ու առաջարկությունները որքանով են ընդունվում ու հաշվի առնվում»,-1news.am-ի փոխանցմամբ` ասաց Կարեն Զադոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ զեկույցի շնորհիվ բացահայտվում են նոտարական համակարգի խնդիրներն ու առաջ քաշվում դրանց լուծման տարբերակները: «Նոտարական համակարգը պետք է ունենա ինքնավերլուծության ու ինքնագնահատման գործիքներ, ինչի համար նախարարությունը կոչ է անում միավորել բոլոր ուժերն ու բարելավել նոտարիատի աշխատանքը: Նման համակարգերի համար ներքին մոնիթորինգի առկայությունը շատ կարևոր է»,-ասաց նախարարի տեղակալը` վստահեցնելով, որ հնչեցված բոլոր հարեցրն ու առաջարկությունները կքննարկվեն և առաջիկայում լուծման կառաջադրվեն:

Նոտարական ծառայությունների համակարգում ծրագրի իրականացման առաջին և երկրորդ փուլերում լուրջ խախտումներ են արձանագրվել: Այդ պատճառով ուսումնասիրվել են այն նոտարական տարածքները, որտեղ դիտորդություն էր կատարվել ծրագրի իրականացման առաջին և երկրորդ փուլերում, իսկ այն տարածքները, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, փոխարինվել են: Այս փուլում հարցմանը մասնակցել են 453 քաղաքացի, որոնցից 62 տոկոսն իգական սեռի ներկայացուցիչներ էին: Մոնիթորինգն անցկացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում գործող նոտարական տարածքային գրասենյակներում:

Մոնիթորինգի արդյունքների ներկայացման ավարտին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի և ՀՀ նոտարական պալատի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

https://1news.am/news/view/1229.html