«Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը պատրաստ է, և առաջիկայում արդարադատության նախարարությունը պետք է մշակի հայեցակարգի ռազմավարությունը: Այսօր արդարադատության փոխնախարարի, ոլորտի մի շարք մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվում է մշակված հայեցակարգը:
«Իհարկե, հարց է ծագում, թե մենք ե՞րբ ենք հայեցակարգային լուծումներից և ռազմավարական մոտեցումներից անցնելու գործի, բայց մենք ռազմավարության մեջ փորձելու ենք մատնանշել այն խնդիրները, որոնք թույլ չեն տվել, որ լիարժեք լինեն նախորդ ռազմավարական փաստաթղթերում առաջ քաշված լուծումները»,- քննարկման ժամանակ ասաց արդարադատոթւյան նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:
Նշենք, որ ընտրվել է չորս թիրախային ոլորտ՝ կրթություն, առոջապահություն, ոստիկանություն և հարկային մարմիններ, որոնց վրա կկենտրոնացվեն այն նպատակներն ու միջոցները, որոնք կհանգեցնեն նրան, որ այդ ոլորտներում կուռուպցիայի դեմ պայքարը շոշափելի արդյունքներ տա:
Փոխնախարարի խոսքով՝ նոր հայեցակարգի մշակումը չի նշանակում, որ նախորդ փորձերն արդյունք չեն տվել, քանի որ Հայաստանը կուռուպցիայի ընկալման ցուցանիշով էական առաջընթաց է արձանագրել ԱՊՀ երկների շրջանակում, և, ըստ այդ ընկալման ինդեքսի, մեր երկիրը Վրաստանից հետո երկրորդ տեղում է: «Սա դրական արդյունք է, որը պետք է պահպանել և ավելի խորացնել»,-ասաց Մուրադյանը:
ՀՀ նախագահի ռեֆերենտ, հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ըստ հայեցակարգի ակնկալվող հիմնական արդյունքը հանրային կառավարման համակարգում հանրային պաշտոնյայի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն է: «Հանրային վստահության բարձրացումը ծրագրից ակնկալվող հիմնական արդյունքն է, որին ուղղված են լինելու մնացած բոլոր միջոցառումները»,- ասաց Ղուկասյանը:
Նշենք, որ ներկայումս քննարկվում է հայեցակարգում ապօրինի հարստացման քրեականացման ընդգրկման հարցը:
Հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ, արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այս ինստիտուտը գործում է շատ երկրներում, և նպատակն այն է, որ երբ պաշտոնատար անձի մոտ առկա է լինում մեծ քանակությամբ գույք, որի գոյությունը նա չի կարողանում հիմնավորել իր ստացած եկամուտներով, դա համարվում է իրավախախտում և ենթադրում է հետևանքներ:
«Ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայով, որին Հայաստանը անդամակցում է, և կոնվենցիայի հիման վրա ՀՀ-ն պետք է քննարկի այս ինստիտուտի համար, այս համատեքստում պատասխանատվություն նախատեսելու կառուցակարգերը իրավական տեսանկյունից: Դա կլինի քրեական, վարչական կամ այլ տեսակի պատասպանատվություն, որը կընտրվի ռազմավարության մշակման ժամանակ: Սա շատ լավ գործիք է կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- ասաց Կիրակոսյանը:
«Առաջին լրատվական»-ը փոխնախարարից հետաքրքրվեց՝ այս ինստիտուտի ներդրումից հետո կանխատեսո՞ւմ են, թե ինչ վիճակում կարող են հայտնվել իշխանության շատ ներկայացուցիչներ, որոնք ակնհայտորեն ապօրինի են հարստացել, և նրանց ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է հիմնական եկամուտներին: «Իրականում ինստիտուտի ներդրումը շատ լուրջ քայլ է, որը չի կարելի միանգամից իրականացնել: Անհրաժեշտ է որոշակիորեն քննարկել մեր իրականությունը, թե ինչ իրականությունում ենք ապրում և հաշվի առնելով այդ առանձնահատկությունը՝ նոր անցում կատարել: Ինստիտուտի միանգամից ներդրումը ճիշտ չի լինի, բայց հուսով եմ՝ կաշխատի Հայաստանում, քանի որ կարևոր գործիք է»: