«Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում այսօր տեղի ունեցավ «կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնողը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն է, իսկ գործընկեր կազմակերպությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն: Իր ողջույնի խոսքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն ասաց.
«Մեծ տխրությամբ մենք արձանագրեցինք, որ նախորդ ծրագիրն ավարտվում է: Շատ ուրախ եմ, որ այս նոր ծրագիրը սկսվում է և մենք կունենանք ևս մեկ մեծ, լայնամասշտաբ, ամբողջ Հայաստանի տարածքում գործող ծրագիր, որն ուղղված կլինի աջակցելու պետական մարմիններին` տեսնելու, նկատելու այն խնդիրները, որոնք առկա են` լինեն դրանք կոռուպցիոն դրսևորումներ, լինեն օրենսդրական խնդիրներ, լինեն պրակտիկ խնդիրներ, և գործողություններ կիրականացվեն դրանց լուծման ուղղությամբ»:
Որպես հիշյալ ծրագրի դրական կողմ, արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ այն բազմակողմանի է, նախատեսում է ինչպես քաղաքացիական հասարակության զարգացում, հզորացում, այնպես էլ պետություն-քաղաքացիական հասարակության կառույցներ երկխոսություն, նաև` կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված որոշակի գործողություններ, այդ թվում` երկխոսություն, քննարկում` ուղղված ապօրինի հարստացման քրեականացման գործընթացին, որը թեև բարդ է, սակայն պետք է այդ ուղղությամբ առաջ շարժվել:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը մշակում է հակակոռուպցիոն նոր ռազմավարություն,- ասաց Ա. Օրբելյանը:- Ռազմավարությունը մշակվում է այդ թվում նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի աջակցությամբ, երբ որ առաջնային տարբերակը պատրաստ կլինի, հնարավոր կլինի այն քննարկել նաև լայն քաղաքացիական հասարակության տարբեր շրջանակների հետ, հուսով ենք, արդյունքում կունենանք ավելի գործուն փաստաթուղթ: Նպատակ է դրված, որ այդ փաստաթուղթը չպետք է լինի շատ ծավալուն, այսպես ասած, 100 էջանոց, որ հետո չիմանանք` իրականացվեց, չիրականացվեց, որ մասն իրականացվեց»:
Իր ողջույնի խոսքում ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիներին պարբերաբար արտահայտում է իր պատրաստակամությունը` պայքարելու կոռուպցիայի դեմ, իրականացրել է օրենսդրական բարեփոխումներ, սակայն կոռուպցիայի մակարդակը շարունակում է մնալ բավական բարձր: Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով 2013 թվականին գրավել է 94-րդ տեղն ամբողջ աշխարհում: Նրա հավաստմամբ, հակակոռուպցիոն քաղաքականությունը պատշաճ չի իրականացվում, բայց իրենք կարծում են, որ խնդիրը կարող է լուծվել կառավարության կողմից շատ ավելի համակարգված ճանապարհով ու ձևով` իրականացնելով մի նոր և ընդհանրական հակակոռուպցիոն ռազմավարություն:
«Մենք գիտակցում ենք քաղաքացիական հասարակության, մասնավորապես` հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների կարևոր դերը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների կայացման գործընթացում,- ասաց Տրայան Հրիսթեան:- Եվրամիությունը ողջունում է այն փաստը, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ԶԼՄ-ներն այսօր խնդիրը լուծելու ուղղությամբ նախաձեռնում են շատ ավելի միջոցառումներ` ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում: Եվրամիությունն ամրապնդել է իր աջակցությունը քաղաքացիական հասարակությանը Հայաստանի Հանրապետությունում, և մենք ճանաչում ենք քաղաքացիական հասարակության կարևոր դերը»:
Դեսպանի խոսքից պարզ դարձավ, որ Եվրամիությունը կարևորում է նաև կառավարությունից հաշվետվություն պահանջելու Հայաստանի քաղաքացիական հասարակության դերը: Իր ելույթի վերջում ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ ծրագրի իրականացմամբ մենք բոլորս կտեսնենք զգալի արդյունքներ: