Կոռուպցիայի դեմ պայքարի սեմինար Գյումրիում

2014 թվականի մարտի 11-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարը:

«Վերջերս քաղաքական առաջնորդները Հայաստանում բազմիցս պատրաստակամություն են հայտնել պայքարելու կոռուպցիայի դեմ. մասնավորապես իրենց հանրային ելույթներում ու հայտարարություններում»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության,համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան:

«Ինչպես գիտեք` մենք ունեինք կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծրագիր, որն ավարտվել է, նորը դեռևս մշակման փուլում է և հուսով ենք, որ այս ծրագրի մեջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կունենան ավելի լուրջ ներդրում»,- ասաց «Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիան» ՀԿ-ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:

Միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը: Միջոցառմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

https://shirak.gov.am/news/item/2014/03/11/seminar/