2026 թվականի նոյեմբերի 10-ին Բրյուսելում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում (EESC), տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 9-րդ հանդիպումը, որի օրակարգն ընդգրկել է ԵՄ-Հայաստան հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը, իրավունքի գերակայության բարեփոխումներին, աշխատանքային իրավունքներին և ոչ ֆորմալ տնտեսությունից ֆորմալ տնտեսության անցմանն առնչվող հարցեր։
Հանդիպման բացման խոսքով հանդես են եկել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Դումիտրու Ֆորնեան, պլատֆորմի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների բաժնի փոխնախագահ Տանյա Բուզեկը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել տեսաուղերձով։
Հանդիպման առանցքային քննարկումներից մեկը նվիրված էր ՀԸԳՀ-ի շրջանակում իրավունքի գերակայության բարեփոխումների իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին և դեռևս առկա մարտահրավերներին։ Քննարկմանը որպես բանախոս մասնակցել է նաև Սյուզաննա Սողոմոնյանը։ Այս պանելի շրջանակներում ներկայացվել է նաև Պլատֆորմի անդամ կազմակերպություններ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի կողմից իրականացրած դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման արդյունքները։
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանը, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ավագ իրավաբան Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքականության EUROPEUM ինստիտուտի ներկայացուցիչ Կառլոս Գոմես դել Տրոնկոն և Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի անդամ Սիմո Տիայնենը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրավունքի գերակայության, մասնավորապես՝ հակակոռուպցիոն, դատական և իրավական բարեփոխումների իրականացման առաջընթացին, դրանց արդյունքներին և դեռևս չլուծված խնդիրներին՝ ԵՄ-Հայաստան համագործակցության և ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների համատեքստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համատեղ հայտարարության նախագիծը և դրա ընդունման հարցը։
ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի հանդիպումները կարևոր հարթակ են Հայաստանի և Եվրոպական միության քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության, համագործակցության և Հայաստանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումների ու առաջարկությունների ներկայացման համար։
