Նոյեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար․ հանրային մասնակցություն և թափանցիկություն» խորագրով միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերներն ու եվրոպական փորձը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում։
Բացման խոսքով հանդես եկան ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, ծրագրի բյուջետային բաղադրիչի ղեկավար, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը և «Ագորա Սենթրլ Յուրոփ»-ի ներկայացուցիչ Վոյտեկ Չերնին։
Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագրի հիմնական արդյունքները՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումն ու բյուջետային գործընթացի թափանցիկության բարձրացումը։ Որպես կարևոր ձեռքբերում՝ նա առանձնացրել է ՀՀ վարչապետի որոշման փոփոխությունը, որով պետական բյուջեի նախագծի հանրային քննարկման ժամկետը մի քանի օրից երկարաձգվել է մինչև երկու ամիս։ Նրա խոսքով՝ դա քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հնարավորություն է տալիս ուսումնասիրել նախագիծը և ներկայացնել հիմնավորված առաջարկություններ։
Կարինե Հարությունյանն ընդգծեց, որ ծրագրի կարևոր արդյունքներից է եղել ոչ միայն դրամաշնորհների տրամադրումը, այլև շահառուներին ինքնուրույն հետազոտություններ իրականացնելու հնարավորություն տալը, ինչը նպաստում է նաև երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացմանը։
Վոյտեկ Չերնին էլ իր խոսքում կարևորեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գիտելիքների և կարողությունների զարգացումը՝ նշելով, որ բյուջետային քննարկումներում նրանց արդյունավետ ներգրավվածությունը կարող է նպաստել կառավարության հետ ավելի բովանդակային երկխոսությանը։
Միջոցառումը եզրափակվեց Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ներկայացուցիչ Պիա Բուլլերի խոսքով։
Իր խոսքում Պիա Բուլլերն անդրադարձավ budgets.am կայքի հաջողությանը՝ նշելով, որ կայքում ավելի քան 40 000 այցելու ունենալը վկայում է Հայաստանի քաղաքացիների մեծ հետաքրքրության մասին, թե ինչպես է կառավարությունը ծախսում հարկատուների գումարները։ Նրա խոսքով՝ բյուջեում ներառված տեղեկություններին ծանոթանալը տեղեկացված քաղաքացու մասնակցության առաջին քայլն է։ ԵՄ-ը հույս ունի, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները ակտիվորեն կներգրավվեն և կառավարությունը կտեսնի քաղաքացիների հետաքրքրությունները լսելու առավելությունները։
Առաջին՝ «Հանրային բյուջեն՝ հանրային մասնակցությամբ» պանելային քննարկման առանցքում էր Չեխիայի և Հայաստանի փորձը։ Վոյտեկ Չեռնին անդրադարձավ Չեխիայում մասնակցային բյուջետավորման զարգացմանը՝ նշելով, որ դրա հաջողության համար անհրաժեշտ է հանրային իշխանությունների իրական պատրաստակամությունը՝ քաղաքացիներին հանրային միջոցների բաշխման հարցում ազդեցություն տալու համար։
Հայաստանյան փորձի մասին խոսեց Կարինե Հարությունյանը։ Նա ներկայացրեց Հայաստանում այս ուղղությամբ արձանագրված առաջընթացը․ 2025 թվականին մասնակցային բյուջետավորմանը մասնակցել է չորս համայնք, իսկ 2026 թվականին միանալու հայտ է ներկայացրել ավելի քան 51 համայնք։ Միաժամանակ նա նշել է, որ դեռևս խնդիրներ կան հանրային վստահության և քաղաքացիների առաջարկների պատշաճ հաշվառման հարցում։
Այնուհետև «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց ծրագրի նշանակությունը ենթադրամաշնորհառուների համար և անդրադարձավ դրա շրջանակում իրականացված աշխատանքներին։
Երկրորդ՝ «Բյուջետային գործընթացում շահերի պաշտպանությունը» քննարկման ընթացքում «Ագորա Սենթրլ Յուրոփ»-ի ներկայացուցիչ Յանա Ստեհնովան ներկայացրեց Չեխիայի փորձը՝ ընդգծելով, որ շահերի պաշտպանության արդյունքները պետք է գնահատել ոչ միայն բյուջեում առաջարկների ներառմամբ, այլև հանրային միջոցների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության երկարաժամկետ բարելավմամբ։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շահերի պաշտպանության փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված բյուջետային մոնիթորինգի արդյունքները՝ անդրադառնալով հանրային մասնակցության ազդեցությանը բյուջետային որոշումների կայացման վրա։ Նա նշեց, որ արձանագրված առաջընթացի հետ մեկտեղ դեռևս անհրաժեշտ է բարձրացնել հանրային մասնակցության արդյունավետությունը և ապահովել քաղաքացիների առաջարկներին պետական մարմինների հիմնավորված արձագանքը։
«Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերած փորձը՝ անդրադառնալով պետական մարմինների հետ համագործակցությանը, բյուջետային որոշումների վրա ազդելու գործիքներին և առկա մարտահրավերներին։
Նա կարևորեց խնդիրների բարձրաձայնմանը զուգահեռ դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկների ներկայացումը, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո նախաձեռնությունների շարունակականությունն ու երիտասարդների ներգրավվածությունը։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվել է 2022 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 7-ը։