Ընտրական իրավունքների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացում, ապատեղեկատվության դեմ պայքար և մարզերում մասնագիտական կարողությունների զարգացում․ այս նպատակներն է հետապնդել «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում վերապատրաստվել են իրավաբաններ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ընտրական իրավունքների, ընտրական բարեվարքության, քաղաքացիական մասնակցության և մեդիագրագիտության թեմաներով։
Ծրագիրն իրականացրել է Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Նոր ժողովրդավարության հիմնադրամի և Միջազգային մեդիա աջակցության կենտրոնի աջակցությամբ։
Հոկտեմբերի 16-ին Երևանում կայացավ ամփոփիչ աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքներն ու մշակված առաջարկությունները։ Միջոցառմանը մասնակցեցին ծրագրի շահառու ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, իրավաբաններ, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրային թիմը, ազգային և միջազգային փորձագետները։
Ծրագրի շրջանակում չորս մարզերում ձևավորվել և վերապատրաստվել է 12 թիմ՝ իրավաբաններից, լրագրողներից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Ուսուցումներն անցկացվել են ընտրական իրավունքների, ընտրական բարեվարքության, փաստարկված տեղեկատվության տարածման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներով։
Ծրագրի ընթացքում Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բնակիչներին տրամադրվել է 364 իրավաբանական աջակցություն։ Իրականացվել են նաև իրազեկման աշխատանքներ․ «Իրավաբան․նեթ» անկախ առցանց մեդիայում հրապարակվել է «Ընտրությունը քոնն է» շարքը, որի շրջանակում պատրաստվել է հանրամատչելի եղանակով 12 տեսանյութ՝ քաղաքացիների ընտրական իրավունքների և ապատեղեկատվության մեթոդաբանության վերաբերյալ։ Ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված նյութեր են պատրաստել նաև մարզային լրագրողները։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ կարևորելով ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և նմանատիպ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց, որ թեև մեկ ծրագրով հնարավոր չէ ամբողջությամբ ընդգրկել և լուծել ոլորտում առկա բոլոր խնդիրները, բայց այն կարևոր է ոլորտային միտումները և խոչընդոտների շրջանակը ուրվագծելու համար։
Կարեն Զադոյանն ընդգծել է փաստարկված և օբյեկտիվ տեղեկատվության տարածման ու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման կարևորությունը՝ շեշտելով, որ իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելը ոչ թե ամոթ է, այլ պատիվ։
Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետներն անդրադարձել են ընտրողների իրավունքների պաշտպանությանը, ընտրական բարեվարքության երաշխիքներին և ընտրական գործընթացներում քաղաքացիների ներգրավվածությանը՝ միջազգային, և հատկապես՝ Մոլդովայի փորձի տեսանկյունից։
Ընտրական իրավունքների և ընտրական բարեվարքության հարցերով միջազգային փորձագետ Իգոր Բոտանը ներկայացրել է Մոլդովայի փորձը՝ անդրադառնալով Հայաստանի և Մոլդովայի ընտրական համակարգերի համեմատական դիտարկումներին։
Քաղաքացիական մոբիլիզացիայի և մեդիագրագիտության հարցերով միջազգային ավագ փորձագետ Պոլինա Պանաինտեն խոսել է ընտրական գործընթացներում քաղաքացիների ներգրավման մեխանիզմների և տեղեկատվական դիմակայունության կարևորության մասին։ Նա ներկայացրել է նաև Մոլդովայի փորձը և քննարկման նպատակով դիտարկումներ՝ Հայաստանում քաղաքացիական մասնակցության ու մեդիագրագիտության զարգացման ուղղությամբ։
Ծրագրի ազգային փորձագետ Մարիամ Զադոյանն անդրադարձել է ընտրողների իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի ընտրական համակարգին և 2026 թվականի օրենսդրական փոփոխությունների իրավական գնահատման հարցերին։
Նա ներկայացրել է նաև մարզային խորհրդատվություններից ստացված դիտարկումները և ընտրական իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկությունները։ Դրանց թվում են օրենսդրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների ապահովումը, արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկության մեխանիզմների ուսումնասիրությունը, ընտրական հանձնաժողովների մասնագիտական պատրաստվածության բարձրացումն ու ընտրական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։
Ծրագրի մեկ այլ կարևոր ուղղություն է եղել ընտրական գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության և տեղեկատվական դիմակայունության ուսումնասիրությունը։
Այս տարվա մայիսին անցկացված 16 համայնքային սեմինարին մասնակցել է 251 քաղաքացի։ Ծրագրի ազգային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները՝ անդրադառնալով քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտող գործոններին, ընտրական գործընթացների նկատմամբ վստահությանը և ապատեղեկատվության ազդեցությանը։ Ուսումնասիրության տվյալները ներկայացուցչական չեն, սակայն հնարավորություն են տտվել բացահայտելու մարզային հանդիպումների ընթացքում արձանագրված խնդիրներն ու միտումները։
Ամփոփելով փորձագետների ելույթները՝ ընդգծվել է, որ ընտրական իրավունքների պաշտպանությունը, հանրային վստահությունն ու մեդիագրագիտությունը փոխկապակցված են։ Ներկայացված առաջարկությունները միտված են ընտրական գործընթացների արդարության ապահովմանը և քաղաքացիների մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը։
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ ընտրական օրենսդրությունը, միջազգային չափանիշները, ՀՀ-ին տրված զեկույցներն ու հանձնարարակները, ինչպես նաև Մոլդովայի փորձը՝ ընտրական իրավունքների պաշտպանության հնարավորությունները գնահատելու նպատակով։ Վերլուծության հիման վրա՝ ազգային փորձագետներն առաջարկել են վերանայել 2026 թվականին ընդունված այն կարգավորումը, որով ընտրելու իրավունքի իրացման համար սահմանվել է Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջ։ Առաջարկությունների նպատակն է՝ ապահովել ընտրական օրենսդրության համապատասխանությունը միջազգային չափանիշներին և ընդլայնել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորությունները, այդ թվում՝ վերանայելով բացառությունների շրջանակը։
Աշխատաժողովի երկրորդ մասում հիմնադրվեց Ընտրական բարեվարքության նախաձեռնողական խումբը, որի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության շարունակականությունը, բարձրացնել ընտրական գործընթացների մշտադիտարկման և վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև նպաստել ընտրական օրենսդրության կատարելագործմանն ու ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկողության համար պատասխանատու կառույցների հետ համագործակցությանը՝ միջազգային փորձի և չափանիշների հիման վրա։ Խմբի ստեղծումը միտված է նաև ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը և ընտրական բարեվարքության ամրապնդմանն ուղղված աշխատանքների հետևողական շարունակմանը։
Ծրագրի արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները միտված են ընտրական իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քաղաքացիների իրազեկվածության ու մասնակցության բարձրացմանը, և ապատեղեկատվության դեմ պայքարին։ Մասնակիցների և փորձագետների գնահատմամբ՝ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման համար կարևոր են ոչ միայն իրավական երաշխիքները, այլև տեղեկացված քաղաքացիական մասնակցությունն ու մեդիագրագիտությունը։
«Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի տեսակետները։