Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրումը հանրային ծառայության բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման կարևոր մեխանիզմներից է։ Հայաստանի օրենսդրությամբ հայտարարագրման պարտականություն ունեցող անձինք ներկայացնում են ոչ միայն իրենց, այլև օրենքով սահմանված դեպքերում՝ ընտանիքի անդամների գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները։ Հայտարարագրերը հրապարակվում են, սակայն դրանցում ներառված տեղեկությունների հրապարակայնությունը սահմանափակվում է կառավարության սահմանած կարգով։
Հայտարարագրերի արդյունավետ վերահսկողությունը ենթադրում է նաև տվյալների համադրում։ Այն տվյալները, որոնք հրապարակման ենթակա չեն, որևէ այլ կերպով տրամադրման ևս ենթակա չեն։ Հրապարակայնության հարցում հիմնական խնդիրը հանրային վերահսկողության և անձնական տվյալների պաշտպանության միջև հավասարակշռությունն է։
Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ որոշ տեղեկություններ, այդ թվում՝ փոխառությունների և նվերների վերաբերյալ տվյալները, կարող են կարևոր լինել պաշտոնատար անձի գույքային դրությունը գնահատելու համար։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է վերանայել այն դաշտերը, որոնց հրապարակայնությունը կարող է նպաստել լրագրողական հետաքննություններին՝ առանց անհարկի բացահայտելու անձնական տվյալները։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է հայտարարագրերի լրացման և ներկայացման պահանջների պահպանումը, տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև իրականացնում է մաթեմատիկական և ռիսկային ցուցանիշների վրա հիմնված վերլուծություն։ Ուսումնասիրությունների համար հիմք կարող են դառնալ նաև լրատվամիջոցների հրապարակումները և անձանց գրավոր դիմումները։ Օրենքը հանձնաժողովին հնարավորություն է տալիս համապատասխան տեղեկություններ պահանջել պետական մարմիններից և այլ աղբյուրներից, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ։
Տարեկան շուրջ 16 հազար հայտարարագիր ունեցող համակարգում բոլոր հայտարարագրերի խորացված ուսումնասիրությունը մեծ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ կպահանջեր։ Այդ պատճառով կարևորվում է ռիսկահեն մեթոդաբանությունը։ Քաղհասարակությունը բազմիցս հանդես է եկել ռիսկերի մեթոդոլոգիա ներդնելու առաջարկուվ։ Նախորդ տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման էր ներկայացրել հայտարարագրերի վերլուծության միասնական համակարգի նախագիծ, որով առաջարկվում էր կիրառել ռիսկային չափորոշիչների միավորային համակարգ։ Նախագծով նախատեսվում էր 60 և ավելի ռիսկային միավոր ստացած հայտարարագրերը ենթարկել խորացված վերլուծության։ Iravaban.net-ի Իրավական շաբաթ հաղորդաշարի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել են հայտարարագրման համակարգում առկա խնդիրները և սպասվող փոփոխությունները։
Մանրամասները տեսանյութում