Տեղի է ունեցել ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Սույն թվական սեպտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ կայացել է ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին, որպես խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություն, մասնակցել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարիաննա Ավագյանը։

Նիստի օրակարգի հիմնական հարցը 2027 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակն էր։ Քննարկվել են նաև խորհրդի անդամ կազմակերպությունների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները, հարցադրումները և դիտարկումները։

Նիստի ընթացքում ԻՀԱ-ի ներկայացուցիչը անդրադարձել է նաև նախորդ նիստում կազմակերպության կողմից բարձրացված հարցերին և դրանց վերաբերյալ նախարարության ներկայացրած պատասխաններին։ Մասնավորապես, հարցերը վերաբերում էին մասնագիտական համայնքի և ՔՀԿ-ների մասնակցության ընդլայնմանը պետական և ոլորտային բյուջեների մշտադիտարկմանը, ինչպես նաև փաստաբանական ծառայություններ մատուցողների և իրավաբանական գործունեություն իրականացնողների հարկման համակարգի փոփոխության արդյունքների գնահատմանը՝ այդ թվում՝ մինչև և բարեփոխումից հետո նրանց շրջանառության փոփոխությանը և հարկային բարեփոխման ակնկալվող արդյունքների ապահովմանը։

ԻՀԱ-ի ներկայացուցիչը նշել է, որ ներկայացված պատասխանները լիարժեք չեն արտացոլել բարձրացված հարցերի բովանդակությունը և բավարար չափով հիմնավորված ու վերլուծական չեն եղել։ Ընդգծվել է, որ նման հարցերի վերաբերյալ ակնկալվում են ոչ միայն ընդհանուր բնույթի տեղեկություններ, այլև փաստերի և տվյալների վրա հիմնված վերլուծություն և գնահատականներ, որոնք հնարավորություն կտան հասկանալու իրականացված քաղաքականությունների և բարեփոխումների արդյունավետությունն ու արձանագրված արդյունքները։

Ի պատասխան բարձրացված դիտարկումների՝ նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հարցերի վերաբերյալ կիրականացվի լրացուցիչ ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա համապատասխան տեղեկատվությունը կտրամադրվի։

 «Իրավաբանների հայկական ասոցիացիան» կարևորում է հասարակական խորհրդի ձևաչափը՝ որպես պետական քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում մասնագիտական համայնքի ու քաղաքացիական հասարակության մասնակցության և երկխոսության հարթակ։ Կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել կառուցողական համագործակցությունը ՀՀ ֆինանսների նախարարության և խորհրդի մյուս անդամների հետ՝ պետական ֆինանսների կառավարման, բյուջետային գործընթացի թափանցիկության և հարկային քաղաքականության արդյունավետության բարելավմանն ուղղված հարցերի քննարկման շրջանակում։

Լուսանկարները՝ ՀՀ ֆինանսների նախարարության կայքից։