Կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նիստի մեկնարկին նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործընթացներում՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումների և մասնագիտական երկխոսության միջոցով հնարավոր է ձևավորել արդյունավետ լուծումներ, որոնք կնպաստեն նախարարության կողմից իրականացվող աշխատանքների և բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էին պետական աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ արտահանմանն ուղղված աջակցության ծրագրերի կատարելագործման, ինչպես նաև ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանն առնչվող թեմաները։

Նիստի ընթացքում ներկայացվել է պետական աջակցության ծրագրերի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, ծավալվել է ակտիվ մասնագիտական քննարկում՝ ուղղված ներկայացված նախաձեռնությունների առավել արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունները, դիտողություններն ու փորձագիտական կարծիքները կքննարկվեն և հաշվի կառնվեն համապատասխան որոշումների ընդունման գործընթացում։

Նշենք, որ հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է կազմակերպության իրավաբան Մարիաննա Ավագյանը։