2026 թվականի հունիսի 15-ին՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում նախարար Ս․ Գալյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված Կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգով նախատեսված՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվելիք հինգ ռազմավարական նպատակները և դրանց ենթանպատակները։
Ներկայացվել են նաև հիմնական ուղղությունները՝ ռազմավարական բարեփոխումների համատեքստում առանձնացնելով մի շարք ենթանպատակներ, այդ թվում՝ պարտադիր հաշտարարության ներդրումը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, արդյունավետ դատաքննության ապահովումը, դատավորների բարեվարքության ամրապնդումը, վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև աշխատանքային վեճերի հաշտարարության համակարգի կատարելագործումը։
Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ, որոնք վերաբերում էին ռազմավարական առաջարկների ներկայացման ժամկետներին, արտադատական մարմինների գործունեությանը, կալանավորման կիրառման միտումներին, ծառայությունների պատվիրակման մեխանիզմներին, անցումային արդարադատությանը, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի և ֆինանսական միջոցների տնօրինման կարգավորումներին և ոլորտին առնչվող այլ հարցերի։
Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան. նիստին մասնակցել է ԻՀԱ իրավաբան Մարիաննա Ավագյանը։