2026 թվականի մայիսի 14–15-ին տեղի ունեցավ «Kharkiv Unbreakable – 2026» միջազգային փաստաբանական համաժողովը, որը կազմակերպել էր Յարոսլավ Մուդրիի անվան ազգային իրավաբանական համալսարանը (Խարկով, Ուկրաինա)՝ առցանց ձևաչափով։ Ֆորումը նվիրված էր իրավունքի գերակայության, արդարադատության միջազգային չափանիշների և իրավաբանական մասնագիտության եվրոպական ինտեգրման հարցերին։
Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի առաջատար իրավագետներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ռոբերտ Սպանոն, Բելգիայի Սահմանադրական դատարանի նախագահ Լյուկ Լավրիզենը, ՄԱԿ-ի դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սաթերթուեյթը, Լեհաստանի նախկին արդարադատության նախարար Ադամ Բոդնարը, Միլանի փաստաբանների պալատի նախագահ Անտոնինո Լա Լումիան, Եվրոպայի փաստաբանական պալատների և իրավաբանական ընկերությունների խորհրդի (CCBE) նախագահ Ռոման Զավրշեկը, ինչպես նաև Բելգիայի, Դանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Իսպանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Կանադայի, Մարոկկոյի, Բրազիլիայի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչներ։
Ֆորումի շրջանակում մայիսի 15-ին Հայաստանը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փաստաբան Մարիամ Զադոյանը, ով հանդես եկավ զեկույցով «Հակակոռուպցիոն համապատասխանատվության ծրագրերը՝ որպես իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունից ազատման հիմք. միջազգային չափանիշները և հայաստանյան տեսանկյունը» թեմայով։
Իր ելույթում Մ. Զադոյանը հիմնավորեց, որ համապատասխանությունը ոլորտը ոչ միայն կորպորատիվ կառավարման, այլ առաջին հերթին իրավաբանական մասնագիտության արագ ընդարձակվող ոլորտներից մեկն է, որը կենտրոնական տեղ է հատկացնում փաստաբանի անկախությանը, փաստաբանական գաղտնիքին և մասնագիտական էթիկային։ Զեկուցողը ներկայացրեց միջազգային փորձի առանցքային մոդելները:
Անդրադառնալով հայաստանյան համատեքստին՝ զեկուցողը նշեց, որ 2021 թվականին ընդունված Քրեական օրենսգիրքը պատմական բարեփոխում էր, քանի որ Հայաստանում առաջին անգամ ներդրվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը՝ ներառյալ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների գծով։ Մ. Զադոյանը մանրամասն ներկայացրեց Քրեական օրենսգրքի դրույթները՝ պատասխանատվությունից ազատելու և բացառելու հիմքերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանին դեռ պակասում են եվրոպական առաջադեմ մոդելներին համարժեք մանրամասն չափորոշիչները։
Զեկուցողը հատուկ ընդգծեց հայաստանյան փաստաբանական դասի դերը՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել օրենսդրության մշակմանը, դատավորների և դատախազների վերապատրաստմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար մոդելային հակակոռուպցիոն շրջանակների ձևավորմանը։