Հայտարարություն․ հանրային խոսքում ատելության, վիրավորանքի և սպառնալիքի անթույլատրելիության վերաբերյալ

«Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության» ՔՀԿ-ների ցանցը դատապարտում և մտահոգություն է հայտնում Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, որոնց ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիների հասցեին հնչեցվել են վիրավորական, նվաստացնող և խոսքի ազատությանը սպառնացող բնույթի արտահայտություններ։

Տարբեր քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում թույլ տրված արտահայտությունները անհամատեղելի են հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի, քաղաքական էթիկայի, մարդու արժանապատվության հարգման և հասարակական համերաշխության սկզբունքների հետ։ Մտահոգիչ են նաև դրան հաջորդած գործընթացները, մասնավորապես՝ վարչապետի հետ հանդիպման ընթացքում արտահայտած կարծիքի համար քաղաքացու կալանավորումը և նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, որը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ իրենից ներկայացրել է խուլիգանություն և նախընտրական քարոզչությանը խոչընդոտում։

Մենք վերահաստատում ենք, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքական անհամաձայնությունը, քննադատությունը և կարծիքի ազատ արտահայտումը չեն կարող հանգեցնել անձի նկատմամբ հետապնդումների, ճնշումների կամ անհամաչափ քրեական ներգործության։

Այս համատեքստում կոչ ենք անում․

  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ուսումնասիրել վերոնշյալ միջադեպերը և դրանց վերաբերյալ հանդես գալ համապատասխան իրավական գնահատականով։
  • Իրավապահ մարմիններին՝ ապահովել օրենքի միատեսակ, համաչափ և անկողմնակալ կիրառումը, բացառել քաղաքական կամ ընտրովի արդարադատության ցանկացած դրսևորում։
  • ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իր իրավասությունների շրջանակում գնահատել պաշտոնատար անձանց վարքագծի համապատասխանությունը բարեվարքության և հանրային ծառայության էթիկայի պատշաճ իրականացման սկզբունքներին։

  Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց

  1. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
  2. «Հարմոնիա» ՀԿ
  3. «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
  4. «Կումայրի» արցախահայերի ՀԿ
  5. «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
  6. «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
  7. «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

 

22.05.2026թ․