«Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության» ՔՀԿ-ների ցանցը դատապարտում և մտահոգություն է հայտնում Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, որոնց ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիների հասցեին հնչեցվել են վիրավորական, նվաստացնող և խոսքի ազատությանը սպառնացող բնույթի արտահայտություններ։
Տարբեր քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում թույլ տրված արտահայտությունները անհամատեղելի են հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի, քաղաքական էթիկայի, մարդու արժանապատվության հարգման և հասարակական համերաշխության սկզբունքների հետ։ Մտահոգիչ են նաև դրան հաջորդած գործընթացները, մասնավորապես՝ վարչապետի հետ հանդիպման ընթացքում արտահայտած կարծիքի համար քաղաքացու կալանավորումը և նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, որը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ իրենից ներկայացրել է խուլիգանություն և նախընտրական քարոզչությանը խոչընդոտում։
Մենք վերահաստատում ենք, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքական անհամաձայնությունը, քննադատությունը և կարծիքի ազատ արտահայտումը չեն կարող հանգեցնել անձի նկատմամբ հետապնդումների, ճնշումների կամ անհամաչափ քրեական ներգործության։
Այս համատեքստում կոչ ենք անում․
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ուսումնասիրել վերոնշյալ միջադեպերը և դրանց վերաբերյալ հանդես գալ համապատասխան իրավական գնահատականով։
- Իրավապահ մարմիններին՝ ապահովել օրենքի միատեսակ, համաչափ և անկողմնակալ կիրառումը, բացառել քաղաքական կամ ընտրովի արդարադատության ցանկացած դրսևորում։
- ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իր իրավասությունների շրջանակում գնահատել պաշտոնատար անձանց վարքագծի համապատասխանությունը բարեվարքության և հանրային ծառայության էթիկայի պատշաճ իրականացման սկզբունքներին։
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց․
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Հարմոնիա» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
- «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
- «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
22.05.2026թ․