Կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստը, որի շրջանակում քննարկվել են հարկային ոլորտում առաջարկվող նոր բարեփոխումների հնարավորությունները և իրականացված օրենսդրական փոփոխությունների կիրառման հետ կապված ընթացիկ խնդիրները։ Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Նիստի ընթացքում ներկայացվել են «Ապրանքաշրջանառության հորիզոնական մոնիթորինգի» նոր համակարգի ներդրման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ապրանքների անհատական ծածկագրման և «Վիրտուալ պահեստ» համակարգերի կիրառման նպատակահարմարությանը, ինչպես նաև քննարկվել են էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման գործընթացում առաջացած մի շարք խնդիրներ։

Քննարկման ընթացքում մասնակիցները փոխանակվել են տեսակետներով, ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ՝ ուղղված հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, կամավոր հարկային կարգապահության խթանմանը և վարչարարական գործընթացների պարզեցմանը։

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է Ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը։