Լոռու մարզում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողներն ու իրավաբանները համախմբվել էին մեկ հարթակում՝ քննարկելու ընտրական իրավունքը, ընտրական բարեվարքությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, մեդիագրագիտությունն ու քաղաքացիների մասնակցության արդյունավետ մեխանիզմները ընտրական գործընթացներում։
Մայիսի 11-ին Վանաձորում տեղի ունեցավ «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի երկրորդ փուլի երրորդ դասընթացը, որն իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանում ընտրողների իրավունքների սահմանադրական և իրավական հիմքերին, ընտրական բարեվարքության ներպետական գործիքներին ու կարգավորումներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերին՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման և քաղաքացիական մասնակցության խթանման գործում։
Մասնակիցները կարևորեցին նման հանդիպումները՝ նշելով, որ հանրության իրազեկվածության բարձրացումը կարևոր նախապայման է, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն իրենց ընտրական իրավունքների, ընտրության գործընթացի և գիտակից ընտրություն կատարելու կարևորության մասին։
Ծրագրի կազմակերպիչների համոզմամբ՝ նման նախաձեռնությունները նպաստում են մարզերում քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, ընտրական մշակույթի զարգացմանն ու ապատեղեկատվության դեմ դիմակայուն հասարակության ձևավորմանը։
Մանրամասները` տեսանյութում։