Կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Մարտի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։

Նիստի մեկնարկին նախարարը շնորհավորել է խորհրդի անդամներին՝ ընդգծելով, որ նրանց մասնագիտական փորձառությունն ու գիտելիքները կարևոր դեր կարող են ունենալ ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում։ Նախարարի խոսքով՝ խորհրդի գործունեությունը հնարավորություն կտա համատեղ քննարկումների միջոցով ձևավորել գործնական լուծումներ և նպաստել նախարարության կողմից իրականացվող լայնածավալ նախաձեռնությունների առավել արդյունավետ իրականացմանը։

Նիստի օրակարգում էին հասարակական խորհրդի անդամների հետ ծանոթությունը,նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի ներկայացումը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների ներկայացումը։

Հարց ու պատասխանի ընթացքում հասարակական խորհրդի անդամներն  ընդգծել են, որ պատրաստ են ակտիվորեն ներգրավվել խորհրդի աշխատանքներին՝ իրենց փորձով և առաջարկություններով աջակցելով ոլորտում իրականացվող բարեփոխումներին և նախաձեռնություններին։

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է կազմակերպության փոխնախագահ Մարատ Ատովմյանը։