Նոր ենթադրամաշնորհներ՝ ուժեղ համայնքներ և պատասխանատու բյուջետավորում ձևավորելու համար

2026 թվականի մարտի 20-ին տեղի է ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ագորա Սենթրլ Յուրոփ» հասարակական կազմակերպության հետ համագործակցաբար իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շահերի պաշտպանության ենթադրամաշնորհային համաձայնագրերի կնքման հանդիսավոր արարողությունը և ենթադրամաշնորհառուների համար նախատեսված պարտադիր մեկօրյա ուսուցումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ինչպես նաև «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը։ Նրանք ընդգծել են քաղաքացիական հասարակության մասնակցության կարևորությունը պետական բյուջեի կազմման գործընթացում, նշելով, որ ենթադրամաշնորհային ծրագրերը միտված են խթանելու հանրային մասնակցությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը տարբեր ոլորտներում։

Հանդիսավոր արարողության ընթացքում պայմանագրեր են կնքվել քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ, որոնք իրականացնելու են հետևյալ ենթադրամաշնորհային ծրագրերը՝

  • «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպություն – «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով»
  • «Բիզնես և կրթություն ասոցիացիա» հասարակական կազմակերպություն – «Սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում»
  • «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպություն – «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ»
  • «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպություն – «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է»
  • «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն – «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում»
  • «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն – «Խնամքի արժեք և հանրային բյուջե»
  • «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպություն – «Սննդի անվտանգության բյուջեի և ռիսկերի առաջարկություններ․ պարենային անվտանգություն՝ թռչնամիս»
  • «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն – «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետություն–ՔՀԿ-ներ համագործակցությանն ուղղված շահերի պաշտպանություն»
  • «Արդարության տուն» հասարակական կազմակերպություն – «Բյուջեի արդյունավետ կառավարման և պետական գնումների թափանցիկության խթանում»
  • «Բլեջան» հասարակական կազմակերպություն – «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում»
  • «Հաջողակ կին» հասարակական կազմակերպություն – «Կանայք առանց թիրախավորման»

Միջոցառման երկրորդ հատվածում կազմակերպվել է ենթադրամաշնորհառուների համար նախատեսված ուսուցում, որի ընթացքում ներկայացվել են ենթադրամաշնորհային ծրագրերի բովանդակային և ֆինանսական կառավարման հիմնական պահանջները։

Ենթադրամաշնորհային ծրագրերի բովանդակային իրականացման վերաբերյալ ուսուցումը վարել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շահերի պաշտպանության փորձագետ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրել է պատմողական և նկարագրական հաշվետվությունների մշակման և տրամաբանական շրջանակի մոտեցման կիրառման առանձնահատկությունները։

Ենթադրամաշնորհային ծրագրերի ֆինանսական կառավարման վերաբերյալ ուսուցումը անցկացրել է դրամաշնորհների համակարգող Արտակ Սարիբեկյանը։

Ծրագրի շրջանակում ընտրված նախաձեռնությունները նպատակ ունեն խթանել հանրային մասնակցությունը բյուջետային գործընթացներում, ուժեղացնել քաղհասարակության ներկայացուցիչների կարողությունները և նպաստել տարբեր ոլորտներում հանրային քաղաքականության ավելի արդյունավետ, թափանցիկ և հաշվետու իրականացմանը։