Կայացել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ՝ անդրադառնալով ոլորտի թվայնացման գործընթացին, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, ինչպես նաև վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին։

Քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով պատժից պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացվող միջոցառումները և Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները։

Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել նախարարին։

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է կազմակերպության փոխնախագահ Մարատ Ատովմյանը։ Իր խոսքում նա անդրադարձել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտին, պետական փորձագիտական հաստատությունների գերծանրաբեռնվածությանը, որի հետևանքով տարիներով ձգվում են դատական նիստերն ու քրեական գործերի քննությունը, ինչպես նաև նոտարիատի ոլորտում առկա խնդիրներին։