Տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Մարտի 4-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը՝ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգի շրջանակում քննարկվել են արդեն մշակված իրավական նախաձեռնություններ՝ համապատասխան օրենքների նախագծերի տեսքով, և դրանց կիրառման իրավական ու գործնական ասպեկտները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակների ընդլայնմանը, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին, ինչպես նաև հարկեր չվճարելու հանցակազմի շեմերի բարձրացմանն ու համապատասխան հաղորդումների ներկայացման ընթացակարգի վերանայմանը:

Նիստի ընթացքում ծավալվել է կառուցողական երկխոսություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները, ինչը նպաստում է օրենքների նախագծերի գործնական արդյունավետության բարձրացմանը, հարկային վարչարարության թափանցիկության ամրապնդմանը և պետական ու քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցության խորացմանը:

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան. նիստին մասնակցել է ԻՀԱ իրավաբան Մարիաննա Ավագյանը։