Կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

2026 թվականի փետրվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամները, ՊԵԿ նախագահի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Շնորհավորելով հասարակական խորհրդի ձևավորման և առաջին նիստի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ Էդուարդ Հակոբյանը առանձնահատուկ ընդգծել է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը, ինչը կարևոր է պետություն–մասնավոր հատված համագործակցության համատեքստում։

Օրակարգի առաջին հարցով քննարկվել են Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականին ՊԵԿ-ի կողմից իրականացվելիք միջոցառումները։ Նիստին ներկայացվել են նաև Հարկային վարչարարության բարեփոխումների և Մաքսային ծառայության ռազմավարական ծրագրերը, որոնցով ամրագրված են ՊԵԿ առաքելությունն ու տեսլականը։

Անդրադարձ է կատարվել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը։ Մասնավորապես, քննարկվել է հանձնաժողովի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա հանրային դիտորդության և ներգրավվածության բարձրացման համար։

Նիստի ընթացքում կոմիտեի և հասարակական խորհրդի անդամների միջև ծավալվել է ակտիվ երկխոսություն՝ ներկայացված հարցերի, ինչպես նաև բարձրացված խնդիրների և դիտարկումների շուրջ։

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Առաջին նիստին մասնակցել է ԻՀԱ իրավաբան Մարիաննա Ավագյանը։